«Երկար փեշով աղջիկը» նոր գիրքը` չլսվածի, չասվածի, չիրականացրածի ու չապրածի մասին
01-03-2017 12:39:02 | Հայաստան | Նոր գրքեր
Օրերս Երևանում կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, երիտասարդ ստեղծագործող Վահագն Քարամյանի առաջին փոքրածավալ գեղարվեստական գիրքի` «Երկար փեշով աղջիկը», շնորհանդեսը: Այն նվիրված է հեղինակի կուսընկերոջ` Տաթև Սարգսյանի հիշատակին, ով ամիսներ առաջ ավտովթարի զոհ է դարձել:
Հեղինակի խոսքերով` «Երկար փեշով աղջիկը» պատմություն է չլսվածի, չասվածի, չիրականացրածի ու չապրածի մասին:
Անձնական փորձից ելնելով` Վ. Քարամյանը խորհուրդ է տալիս իր ընթրցողներին ավելի շատ կիսվել սիրելի մարդկանց հետ, պատմել նրանց զգացմունքների մասին, որպեսզի հետագայում ուշ չլինի:
Գրքի շնորհանդեսը նշանակված էր Տաթևի ծննդյանը օրը: Պատմվածքը Վահագնը գրել է մեկ ամսում, սակայն շնորհանդեսին պատրաստվել է մոտ 3 ամիս:
«Երկար փեշով աղջիկը» պատմվածքը ինձ համար մի ցուցակ է, որտեղ գրված է այն ամենը, ինչն այս կյանքում պետք է անեի նրա համար», -անկեղծացել է հեղինակը և նշել՝ «ընկերների համար Տաթևը հերոս էր, ոչ թե պատերազմի, այլ հերոս, ով իր ճիշտ կյանքով օրինակ էր ծառայում բոլորին»:
Տաթև Սարգսյանին կարոտով և հպարտությամբ է հիշել նաև նրա դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանը, ում համար ամենակարևորն այս կյանքում երիտասարդ Հայաստանն է, իսկ Տաթևը դրա մարմնացումն է եղել:
«Տաթևը երազում էր լինել սիրո քաղաք Փարիզում, սակայն նրա համար ճակատագիրն այլ ուղևորություն էր նախատեսել. Նույնիսկ Փարիզի սրճարաններին էինք ծանոթացել: Դիմեցինք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն, սակայն մեզ մերժեցին: Տաթևը չհասցրեց իրականացնել երազանքը, խոստանում եմ` ես այն կիրականացնեմ»,- պատմել է Տաթևի ավագ քույրը՝ Սոնան:
Վերջինիս փոխանցմամբ` Վահագնի հետ ծանոթացել է Տաթևի միջոցով:
«Երկար փեշով աղջիկը» գրքում դեպքերը տեղի են ունենում 2050 թվականին: Իմաստը հետևյալն է. ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր հիվանդություն բուժում ունենար, ամեն վթար ավարտվեր առանց կորուստի:
Գրքի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է մանկատանը:
Վահագն Քարամյանը աշխատում է իր հաջորդ գրքի վրա, որը մի փոքր այլ՝ ֆանտաստիկ ժանրում կլինի: