Սահմանամերձ Մոսեսգեղի մանկապարտեզում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ


Սահմանամերձ Մոսեսգեղի մանկապարտեզում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ

  • 10-03-2017 19:28:07   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծը թույլ կտա էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։
 
Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ:
 
Դեռևս 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցներ էր հատկացրել գյուղի գրեթե ավերված մանկապարտեզի հիմնանորոգման համար: Համայնքի ծախսերը նվազեցնելու նպատակով, այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ շենքի ջեռուցման համակարգը համալրվել է 33 ԿՎտ հզորությամբ և 400լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաքով և արևային ջրատաքացուցիչ համակարգով։
 
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը և բնակիչները:
 
«Արևային ջրատաքացուցիչների գործարկումը շահավետ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա մի լուծում է, որը կիրառելի է բնակլիմայական տարբեր պայմաններ ունեցող մարզերում: Երկրորդ՝ ջրատաքացուցիչները նպաստում են համայնքների ծախսերի կրճատմանը: Արդյունքում շահում են բնությունը, սահմանամերձ համայնքն ու քաղաքացին: Պետք է նշեմ, որ մեր ծրագրերի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. ռազմավարություն, որը որդեգրել ենք դեռ 11 տարի առաջ՝ վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր օրինակին հետևելու են նաև այլ կազմակերպություններ: Այսօր արդեն տեսնում ենք, որ այս ռազմավարությունը հոգեհարազատ է դարձել շատերին, ինչն անչափ ուրախալի է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մոսեսգեղը հիմնադրվել է 18-րդ դարի վերջին (1780-թ.-ին): Առաջին բնակիչներն այստեղ եկել են Արցախից: Ըստ ավանդազրույցի, գյուղը կոչվել է իր քաջարի զավակներից մեկի՝ Մովսեսի անունով:
 
Ներկայումս Մոսեսգեղն ունի շուրջ 2000 բնակիչ, որոնց հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, խաղողագործությունն ու պտուղ-բանջարեղենի մշակումը:
 
Մոսեսգեղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան և մանկապարտեզ։
 
Համակարգի գործարկումը մանկապարտեզում տաք ջրամատակարարում կապահովի ամբողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Համակարգը գրեթե 40 տոկոսով կնվազեցնի գյուղի բյուջեից մանկապարտեզի ջեռուցման  համար կատարվող ծախսը։
 
 
«Այլընտրանքային էներգիա» ծրագրի մասին
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին։
 
ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
* * *
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play