ՊԵԿ-ը մշակել է ներդրումային ծրագրերը խթանելու և մաքսային սահմանը հսկողությունից բեռնաթափելու գործիքներ


ՊԵԿ-ը մշակել է ներդրումային ծրագրերը խթանելու և մաքսային սահմանը հսկողությունից բեռնաթափելու գործիքներ

  • 23-03-2017 18:18:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր փուլ է սկսում: Կառավարության ծրագրի դրույթներին համապատասխան, վարչապետի և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարականներով առաջնորդվելով՝ կոմիտեն մշակել է հարկային և մաքսային համակարգերի բարեփոխումների հագեցած ծրագիր: ՊԵԿ-ի նախաձեռնած միջոցառումներն առավելապես ուղղված են մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավման նպատակով հարկային գործիքակազմի ընդլայնմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը: Ծրագրի դրույթները քննարկվել են նաև «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: «Կոմիտեի հետ արդյունավետ և կառուցողական համագործակցությունը երկարաժամկետ նախագծերի համատեղ իրականացման հիմք են դրել»,-նշել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը:
 
Կոմիտեի առաջարկած համարձակ քայլերից մեկն արտադրական գործունեությունը խթանալու նպատակ է հետապնդում, քանի որ մեքենասարքավորումներ և հումք ներկրողներն ազատվելու են մաքսային սահմանին ԱԱՀ վճարելուց, ինչը կփոխհատուցվի վերջնական արտադրանքի իրացման փուլում: «Տնտեսվարողին հետաքրքրում է, թե որքան ժամանակում կարող է հետ գնել կատարած ներդրումը. մենք ամորտիզացիայի ժամկետն իջեցնում ենք 1 տարի՝ հնարավորություն տալով ներդրումային ծրագրեր իրականացնել՝ չվճարելով շահութահարկ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Կոմիտեն մշակել է նաև մեխանիզմներ, որոնք նվազեցնելու են մաքսային հայտարարագրման ժամանակ տնտեսվարողների ծախսերը, իսկ ՓՄՁ-ներին զերծ են պահելու հաշվապահական ծախսերից: «Մաքսային համակարգում նախատեսվող միջոցառումները կոչված են հսկողական գործիքակազմից մաքսային սահմանի բեռնաթափմանը և ուղևորների ազատ տեղաշարժի ապահովմանը»,-նկատել է Վախթանգ Միրումյանը: Նա անդրադարձել է կառավարության այսօրվա նիստում հաստատված նախագծին, որով 2017թ. հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները վերադարձվելու են ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներսում գործունեություն իրականացնողներին, ովքեր ներդրում են կատարել և չեն հասցրել ամբողջությամբ պակասեցնել մատակարարներին վճարած ԱԱՀ-ի գումարները:
ՊԵԿ նախագահի տեղակալն անփոփել է նաև կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված բարեփոխումների առաջին փուլի արդյունքները: Նա նշել է, որ կոմիտեն հաջողությամբ իրագործել է ինքնազբաղված անձանց համար արտոնյալ պայմանների ստեղծման, օտարերկրյա ֆիզիկական անձանց համար ԱԱՀ-ի վերադարձի կիրառության շրջանակների ընդլայնման ծրագրերը: «Վերանայվել են նաև հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները՝ հարկային ստուգումների առավել հասցեական և արդյունավետ դարձնելու նպատակով, գործարկվել է մոնիթորինգային կենտրոնը»,-հիշեցրել է Վախթանգ Միրումյանը: Նա տեղեկացրել է, որ կառավարության ծրագրով նախատեսված կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով պարզեցվել է վարչարարության գործընթացն ու անցում կատարվել հաշվետվության էլեկտրոնային համակարգին. «Շեշտն առավելապես դրել ենք մաքսային ընթացակարգերի վրա, քանի որ հարկային հարաբերություններում էլեկտրոյնացման մակարդակը 98% է հասնում»: Այդ նպատակով գործարկվել է մաքսային արժեքի հայտարարագրման էլեկտրոնային համակարգը, առաջիկայում էլ շրջանառության մեջ է դրվելու մաքսային տարանցման էլեկտրոնային հայտարարագիրը: Իսկ փաստաթղթաշրջանառության մակարդակի բարձրացման շարունակական միջոցառումների արդյունքում կոմիտեին հաջողվել է մոտ 25% բարելավում արձանագրել փաստաթղթերի դուրսգրման գործընթացում, ինչի արդյունքում այս ամիսների ընթացքում շուրջ 720 միլիոն դրամ լրացուցիչ հարկեր են ապահովել պետական բյուջե:
 
ՊԵԿ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Օրինապահ հարկ վճարողներին տրամադրվող տնտեսական խթանների ընդլայնում, օրինակ՝ արտահանող անձանց ԱԱՀ-ի գերավճարների հետ վերադարձման ավելի կարճ ժամկետների սահմանում, գնումների գործընթացին մասնակցության պայմանների դյուրացում:
2. ՓՄՁ սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրում (pre-filing) հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում, որը շրջանառության հարկի հաշվարկը ՓՄՁ-ներին հասանելի կդարձնի նաև ՀԴՄ-ի միջոցով:
3. Մաքսային սահմանին ԱԱՀ-ի կիրառման վերացում՝ ԱԱՀ վճարողների կողմից ՀՀ ներմուծվող մեքենասարքավորումների և հումքի համար:
4. Վարչական պատասխանատվության կիրառման ինստիտուտի վերանայում, այդ թվում՝ առաջին անգամ կատարվող հարկային իրավախախտումների համար տուգանքի փոխարինում նախազգուշացմամբ բոլոր այն հարկային իրավախախտումների մասով, որոնց համար հարկային օրենսդրությամբ սահմանված են պատասխանատվության միջոցներ:
5. Հարկ վճարողների կողմից տարվա արդյունքներով իր վճարած հարկերի ծախսման ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում էլեկտրոնային եղանակով, եթե հարկ վճարողը դիմել է նման տեղեկատվություն ստանալու համար:
6. Մաքսային հսկողության համար «Կապույտ ուղի» ընթացակարգի ներդրում, ինչը նշանակում է, որ մաքսային հսկողությունը սահմանին նվազագույնի է հասցվում, փոխարենը տնտեսավարող սուբյեկտը տեղեկացվում է, որ մաքսային հսկողությունը լինելու է հետբացթողումային փուլում: Այդ նպատակով ներդրվելու է ռիսկերի կառավարման համակարգ: 
7. Տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ և ներգրավմամբ՝ մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրերի լրացման գործառույթի իրականացում (մաքսային ծառայությունների մատուցում)՝ պահպանելով նաև ինքնահայտարարագրման և մաքսային ներկայացուցիչների միջոցով հայտարարագրման հնարավորությունները:
8. Մաքսային իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության վերանայում՝ նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների դեպքում պատասխանատվության միջոցների մեղմացում, իսկ կրկնվող խախտումների դեպքում՝ խստացում:
9. ՀՀ-ում կատարվող ներդրումներն արագ հետ գնելու և այդ կերպ Հայաստանի ներդրումային գրավչությունը բարձրացնելու նպատակով կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործունեության մասով բոլոր հիմնական միջոցների համար հարկ վճարողների ընտրությամբ ամորտիզացիոն մասհանումների նորմաները սահմանել 1 տարի (ներկայումս հիմնական միջոցների գերակշիռ մասի համար 5-ից 20 տարի է):
10. Անվերապահորեն շարունակել ստվերային շրջանառությունների կրճատմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ներառելով նաև հետևյալ գործիքակազմը.
Ներդնել հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգեր՝ ռիսկային հարկ վճարողների համար կազմելով «ստվերի անձնագրեր»
Ներդնել կատարվող գնումների դիմաց անկանխիկ եղանակով վճարումները խրախուսելու մեխանիզմ՝ անկանխիկ եղանակով գործարքների սպասարկման համար բանկերին վճարվող սպասարկման վճարներից որոշակի գումար գնում կատարող անձին վերադարձնելու եղանակով:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play