ԱԺ չմտած ԲՀԿ-ն ճաքեր տվեց.քաղաքագետ


ԱԺ չմտած ԲՀԿ-ն ճաքեր տվեց.քաղաքագետ

  • 04-05-2017 18:55:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը

 

Իրավիճակը Ծառուկյան դաշինքի շուրջ և նաև դաշինքի պառակտումը ինչի՞ կհանգեցնի:

 

Փաստորեն հենց սկզբից, դեռ ԱԺ չմտած ԲՀԿ-ն ճաքեր տվեց: Ընդ որում՝ այն պատգամավորները, որոնց անունից ինքնաբացարկ է տարվել ԿԸՀ, զգալի ձայներ են բերել այդ կուսակցությանը: Դատելով այդ պատգամավորների արած հայտարարություններից՝ նրանք վիրավորված են Գագիկ Ծառուկյանից և շատ հնարավոր է ԱԺ-ում նրանք դե ֆակտո այլևս չլինեն ԲՀԿ խմբակցության անդամներ, դեմ քվեարկեն կուսակցության դիրքորոշումներից բխող օրենքի նախագծերին և այլն: Այս միջադեպից հետո ԲՀԿ-ն դուրս կգա թուլացած, և եթե Գագիկ Ծառուկյանին չհաջողվի լուծել այս կոնֆլիկտը, ԲՀԿ-ն փաստացի շատ ավելի թույլ կլինի ԱԺ-ում և շատ մեծ ազդեցություն չի ունենա խորհրդարանի վրա:

 

Ո՞ւմ էր ձեռնտու այս սցենարը: Տեսակետ կա, որ այս ամենը ձեռնտու էր ՀՀԿ-ին: Համամի՞տ եք արդյոք:

 

Միանշանակ, այս պատմությունը չէր բխում Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շահերից։ Կամ Ծառուկյանին այս քայլին դրդել է Սերժ Սարգսյանը, կամ էլ ԲՀԿ նախագահը այլ հաշվարկներ ուներ, որը սակայն չիրականացավ: Եթե հիշում եք ԱԺ 2012թ. ընտրություններից հետո էլ Սերժ Սարգսյանը թույլ չտվեց, որ պատգամավորի մանդատ ստանա ԲՀԿ ցուցակով անցած Հմայակ Հովհաննիսյանը: Այնպես որ, շատ հավանական է, որ հենց Սերժ Սարգսյանն է դրդել Ծառուկյանին այդ քայլինի դիմելու, որպեսզի ներսից քանդի ԲՀԿ-ն։

 

Այսինքն՝ թուլացնելով դաշինքը՝ նրանց պահում է իր վերահսկողության տա՞կ:

 

ԲՀԿ-ն այժմ 30 պատգամավոր ունի, որը բավական մեծ թիվ է ոչ իշխանական խմբակցության համար. Սերժ Սարգսյանը, իրեն ֆորս մաժորային իրավիճակներից ապահովագրելու համար, պետք է թուլացնի ԲՀԿ-ն և իր ազդեցության տակ պահի այդ կուսակցության մեծ մասին: Բնականաբար տարբեր ձևերով աշխատելու են իրենց կողմից չվերահսկվող պատգամավորների հետ, ամեն ինչ անելու են ԲՀԿ խմբակցության անդամների մեծամասնությանը իրենց վերահսկողության ներքո պահելու համար:

 

Ես կարծում եմ, մոտ ապագայում էլի կլինեն նման դեպքեր, երբ ԲՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ դուրս կգան այդ կուսակցության գծի դեմ: 2015թ. Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ցույց տվեց, որ ԲՀԿ-ն կավե ոտքով հսկա է, և իշխանությունները հարկ եղած դեպքում կարող են մասնատել այդ կուսակցությունը:

 

Եվ այս իրավիճակը որքան հնարավոր կլինի ձգել՝ մինչև 2018-ի ապրի՞լ:

 

Սերժ Սարգսյանին ԲՀԿ պատգամավորների ձայները պետք են ոչ միայն նախագահի ընտրության համար: Նոր Սահմանադրության համաձայն, մի շարք պաշտոններ ԱԺ-ի կողմից հավանություն ստանալու համար պետք են շատ ավելի մեծ թվով ձայներ, քան ունեն ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին: Օրինակ՝ նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/4-ը, այսինքն՝ 78 ձայն: Հետևաբար, Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին օդի ու ջրի նման պետք են ԲՀԿ խմբակցության պատգամավորների ձայների մեծ մասը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play