Բոլոր ժամանակներում գոյության իրավունքի համար մղվող պայքարում հայ ժողովուրդը միասնական է․ պատմաբան (տեսանյութ)


Բոլոր ժամանակներում գոյության իրավունքի համար մղվող պայքարում հայ ժողովուրդը միասնական է․ պատմաբան (տեսանյութ)

  • 26-05-2017 15:43:34   | Հայաստան  |  Հասարակություն



 
1918 թվականի մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից․ գոյության իրավունքի համար մղվող պայքարը համաժողովրդական էր, որին մասնակցում էին հասարակության բոլոր խավերն անխըտիր, այդ թվում նաև կանայք։ Այս մասին մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։ 
 
Ըստ նրա՝ մայիսյան հերոսամարտերի նշանակությունն այնքանով է կարևոր, որ դրանք հիմք հանդիսացան հայ ժողովրդի համար հետագա հաղթանակների կերտման գործում, և հատկապես Արցախյան ազատամարտում։  
«Ներկա իրադրության մեջ մեր կաևոր ձեռքբերումը համարում եմ բնակչության միասնականությունը թե մայիսյան հերոսամարտերի, թե Արցախյան ազատամարտի և թե քառօրյա պատերազմի օրերին»,- ընդգծեց Է․ Միանսյանը՝ հավելելով, որ հույսը դնելով ինքներս մեզ վրա՝ կարող ենք և տնտեսությունը զարգացնել, և ձեռք բերված պետականությունն ամրապնդել։  
Վերջինս զուգահեռներ տանելով մայիսյան հերոսամարտերի և Արցախյան ազատամարտի միջև՝ հիշեցրեց, որ երկու դեպքում էլ հայ ժողովրդի համար կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, մասնավորպես, առաջինի դեպքում ծնվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը, իսկ երկրորդի դեպքում՝ Արցախի հանրապետությունը։  
Բանախոսն անդրադառնալով բոլոր ժամանակներում զենքը ձեռքին կռված հայ կանանց՝ շեշտեց, որ հայ կինը մշատապես գտնվել է իր տղամարդու կողքին և զենքը ձեռքին պայքարել է հայրենիքի, սեփական տան ու արժանապատվության պահպանման ակնկալիքով։  
Է․ Մինասյանի խոսքերով՝ հայ կնոջ մարտնչող տեսակը երբևէ չի վերացել, այլ հակառակը․ ըստ նրա՝ ասվածի վառ ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որի ժամանակ ուսանող աղջիկները կամավոր հիմունքներով ցուցակագրվել են և իրենց դասախոսներին խնդրել են աջակցել առաջնագիծ մեկնելու հարցում։ 
«Պետք է ասեմ, որ վճռական պահերին կանայք որպես բուժանձնակազմի ակտիվ մասնակիցներ, միշտ էլ մեծ դերակատարում են ունեցել առանձին բուժօգնություն ցուցաբերելու գործում․ նրանք մեծ օգնություն են ցուցաբերել նաև թիկունքից՝ անհրաժեշտ ռազմամթերք ու սննունդ հասցնելով հայրենիքի հերոս պաշտպաններին»,- փաստեց պատմաբանը՝ հավելելով, որ հայ ժողովրդի պատմության մեջ նման դեպքերն այնքան շատ են, որ բոլոր հերոս կանանց անունները մեկ առ մեկ հիշել հնարավոր չէ։ 
Ապագայի հանդեպ լավատես լինելով՝ Է․ Մինասյանը նշեց, որ ներկայիս Հայաստանը զարգացման նոր փուլ է մտնում, իսկ նախանշված ծրագրերի իրագործումն իր դրական արդյունքն անպայման կտա։ 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ավելի շուտ չէին նախանշվում ներկայիս ծրագրերն ու չէին իրականացվում՝ պատմաբանը նկատեց, որ ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության մեջ որոշակի փոփոխություններ կան, իսկ խորհրդարանական կառավարման համակարգը թույլ կտա տարբեր ոլորտներում առկա թերությունները և բացթողումները շտկել միայն այն պայմանով, որ հանրությունը պետք է հետևողական լինի։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play