ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կատարելագործվում է


ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնը կատարելագործվում է

  • 21-06-2017 13:28:08   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Պետական եկամուտների կոմիտեի նորաբաց մոնիթորինգի կենտրոնում կատարելագործվում են վերլուծական և ռիսկերի բացահայտման գործընթացները: Տեխնիկապես հագեցած կենտրոնի ստեղծմամբ հարկ վճարողների գործունեության նկատմամբ իրականացվող տեսչա¬կան ընթացիկ հսկողու¬թյունը փոխարինվում է էլեկտրոնային հսկողությամբ: Արդյունքում կրճատվում են հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Շարունակական և կենտրոնացված վերլուծությունների միջոցով բացահայտելով հարկ վճարողների ռիսկային վարքագիծն ու դրա փոփոխությունը՝ կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին: «Գործընկերային իրազեկման նպատակը անփաստաթուղթ գործարքների իրականացման, իրացման շրջանառությունների նվազեցման և գների թերհայտարարագրման ռիսկերի կանխարգելումն է: Բացի այդ, այսուհետ տարածքային հարկային տեսչության տեսուչի հիմնավորման փոխարեն համակարգն է որոշում որևէ ընկերությունում, օրինակ, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության ստուգում անցկացնելու անհրաժեշտությունը»,-նշել է ՊԵԿ ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի տեղակալ Մխիթար Այվազյանը:
 
Նորաստեղծ կենտրոնում արդեն իրականացվում է հսկիչ-դրամարկղային մեքենաներով և հաշվարկային փաստաթղթերով կատարվող գործարքների մոնիթորինգ: Հսկիչ-դրամարկղային մեքենաներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքում մայիսի 5-ին առաջին ծանուցումներն են ուղարկվել ռիսկային հարկ վճարողներին: «Մինչև հունիսի 17-ն ուղարկվել է 838 ծանուցում, որից փաստացի դիտվել է 555-ը, իսկ 143-ը կամ ավելի քան 17%-ը կրկնակի ծանուցումներ են: Իրենց հերթին հարկ վճարողները 34 բացատրություն և առարկություն են ներկայացրել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգով և մոնիթորինգի կենտրոնի էլեկտրոնային հասցեով»,-հայտնել է մոնիթորինգի բաժնի պետ Վիգեն Վարդանյանը: Համակարգի միջոցով վերհանված ռիսկայի հարկ վճարողներին ծանուցում ուղարկելուց առաջ հաշվի են առնվում համալիր գործոններ՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից մինչև սեզոնայնություն: «Օրինակ՝ կանանց տոներով պայմանավորված՝ գարնանն օծանելիքի վաճառքով զբաղվող հարկ վճարողի իրացման բարձր շրջանառությունը հաջորդող ամիսներին կարող է էականորեն նվազել, որը, սակայն, հիմնավորված է, ուստի ծանուցում ուղարկելու պատճառ չի կարող լինել»,-պարզաբանել է ՊԵԿ եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի պետ Շուշան Հովհաննիսյանը:
Հուլիսից ծանուցումներ են ուղարկվելու նաև հաշվարկային փաստաթղթերով կատարված գործարքների մոնիթորինգի արդյունքով ռիսկային վարքագիծ ցուցաբերած հարկ վճարողներին: Այս աշխատանքի շրջանակում մշակվել են ռիսկայնության գնահատման 28 չափանիշներ, որոնցից 17-ը փաստացի կիրառվում են հունիսի 1-ից, իսկ 11-ը կիրառվելու են 2018թ. ապրիլի 1-ից:
Մոնիթորինգի կենտրոնին է վերապահվել ևս մեկ գործառույթ. հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը գնահատելու նպատակով սպասարկման 17 սրահներում արդեն ներդրվել են որակի գնահատման համակարգեր, որոնք կգործարկվեն հուլիսի 1-ից: «Համակարգը հնարավորություն կտա կառավարել մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպման գործընթացը և շարունակա¬բար բարելավել հարկ վճարողների սպա¬սարկ¬ման որակը»,-նկատել է ՊԵԿ հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ Անի Մխիթարյանը:
Մոնիթորինգի կենտրոնի ստեղծման նպատակը եղել է հարկ վճարողների համար հավասար պայմաններ ապահովող և «խելացի» համակարգ ունենալը, որի դեպքում հարկ վճարողին ավելորդ անհանգստություն չի պատճառվի, միաժամանակ կապահովվի հսկողական աշխատանքների համար ծախսվող ռեսուրսների արդյունավետ կառավարում: Հարկ վճարողի գործունեությունը բնութագրող հիմնական և առանձնահատուկ ցուցանիշների կենտրոնացված վերլուծությունների շնորհիվ մոնիթորինգի կենտրոնն առանցքային օղակ է ռիսկերի արագ բացահայտման և օպերատիվ արձագանքման գործընթացում: Այն նոր որակ է հաղորդում ՊԵԿ-հարկ վճարող հարաբերություններին և ձևավորում նոր մշակույթ` հիմնված հավասար, թափանցիկ և արդյունավետ կառավարման վրա:
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play