28-06-2017 16:57:46 | Հայաստան | Կազմակերպություններ
Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:
Բանկի պարտատոմսերի 4-րդ թողարկումը ներառելու է 50,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ:
Չորրորդ թողարկման ծավալը կազմել է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:
««Անելիք Բանկը» արժեթղթերի շուկայի ակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` պարտատոմսերի թողարկումները կկրեն պարբերական բնույթ: Մինչ այսօր Բանկն արդեն թողարկել է 10 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,-նշեց Անելիք Բանկի ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը: