Հայկ Ալումյանը պատրաստվում է դիմել Արդարադատության խորհուրդ


Հայկ Ալումյանը պատրաստվում է դիմել Արդարադատության խորհուրդ

  • 07-07-2017 17:56:10   | Հայաստան  |  Իրավունք

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «զինված խմբի» գործով դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նախորդ դատական նիստին, երբ Վահան Շիրխանյանը հեռացվել է նիստերի դահլիճից, դատավորը դատարանի միջանցքում նրանից հաշիվ է պահանջել:
 
Ըստ Ալումյանի՝ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Վահան Շիրխանյանը փորձել է դատավորին ասել, որ վերջինս չի  հասկանում, թե ինչ ցավեր ունի ինքը, իսկ դատավորը դա համարել է վիրավորանք ու դահլիճից հեռացնելուց հետո միջանցքում «դարանակալել» նրան:
 
«Երբ պարոն Շիրխանյանն աթոռի վրա նստած հանվել է նիստերի դահլիճից, Դուք ոստիկանների և կարգադրիչների ներկայությամբ, վիրավորական արտահայտություններով, պարոն Շիրխանյանի հետ «դու»-ով խոսելով, փորձել եք նրանից հաշիվ պահանջել այն բանի համար, որ նա, իբր, հանդգնել է ձեզ «չհասկացող» անվանել: Այսքանին ես ականատես եմ եղել անձամբ, հետո, տեսնելով, որ դահլիճից երևում է տեղի ունեցածը, կարգադրիչները փակել են դահլիճի դուռը, և, պարոն Շիրխանյանի փոխանցմամբ, դուք նրան ասել եք հետևյալ արտահայտությունները. «դու ո՞վ ես, որ ասես`չի հասկանում», «ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում», «ես քեզնից շատ բան եմ արել այս երկիրի համար», «դերասա՛ն, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ  վազում ես, ու մեզ մատերի վրա ես ֆռացնում»,- դատավորին դիմելով`ասաց Հայկ Ալումյանը:
 
Այս կապակցությամբ փաստաբանը ցանկանում էր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին, սակայն դատարանն արձանագրեց, որ փատաբաններից Հերմինե Միքայելյանը ներկա չէ դատական նիստին ու հետաձգեց այն:
 
Հատկանշական է, որ Միքայելյանի՝ դատական նիստին ներկա չգտնվելու ու հիվանդանոցում լինելու մասին դատարանը դեռևս դատական նիստի բացվելու պահին էր տեղեկացել և վերջինիս պաշտպանյալ Արման Կարապետյանից հետաքրքրվում էր, թե արդյոք փաստաբանական գրասենյակում, որը ներկայացնում է Միքայելյանը, չկա մեկ այլ փաստաբան, որն այսօր կկարողանար մասնակցել դատական նիստին, որպեսզի այն չհետաձգվեր, սակայն դատավորը շտապեց հետաձգել նիստը Ալումյանի հայտարարությունից հետո միայն:
 
Նշենք, որ մինչ այդ Ալումյանը նաև բարձրաձայնել էր այն հարցի մասին, որ չնայած իր պաշտպանյալ Վահան Շիրխանյանը ևս դատական նիստին ներկա չէ, նիստերի քարտուղարը հարկ չի համարել այդ մասին հայտնել դատավարության կողմերին: Դատավոր Բեկթաշյանը հիշեցրեց, որ Շիրխանյանը նախորդ դատական նիստին 3 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից, ու այդ երեք ժամը չի լրացել:
 
Ալումյանը հակադարձեց`նշելով, թե որևէ տեղ գրված չէ, որ խոսքը երեք դատական ժամի մասին է:
 
«Ձեր նիստերի քարտուղարը պարտավոր է զեկուցել Շիրխանյանի`դահլիճից բացակայության մասին, քանի որ վաղը կամ տարիներ անց, երբ ինչ-որ մեկը լսի այս դատական նիստի արձանագրությունը, տպավորություն կստանա, թե պարոն Շիրխանյանը դատական նիստին ներկա է եղել: Իսկ այս ձայնագրությունը, ես ձեզ վստահեցնում եմ, դեռ շատ տեղերում է լսվելու»,- դատավորին դիմելով`ասաց Ալումյանը:
 
 
Նշենք, որ դատական նիստից հետո տևական ժամանակ Բեկթաշյանը չէր հեռանում նիստերի դահլիճից ու Ալումյանի հետ դահլիճում ներկա գտնվողներին ոչ լսելի ձայնով ինչ-որ թեմայի շուրջ խոսում էր: Ալումյանը, սակայն, լրագրողների հետ զրույցում հարկ չհամարեց անդրադառնալ իրենց խոսակցության մանրամասներին:
 
Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է դատավորի՝ ինչպես դատական նիստի ընթացքում, այնպես էլ դահլիճից դուրս թույլ տված արարքների հիմքով դիմել Արդարադատության խորհուրդ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play