Եհովայի վկաների վարչական ղեկավարությունը Ռուսաստանից մտադիր է տեղափոխվել Հայաստան


Եհովայի վկաների վարչական ղեկավարությունը Ռուսաստանից մտադիր է տեղափոխվել Հայաստան

  • 14-07-2017 15:36:00   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ-ում գործող որոշ դեսպանատներ ու կրոնական կառույցներ այստեղ ակտիվորեն սկսում են վարձակալել առանձնատներ, բնակարաններ, գրասենյակային տարածքներ: Ինչո՞ւ…
Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտնեց, որ «Եհովայի վկաներ» աղանդի վարչական ղեկավարությունը մոտակա ամիսներին կարող է Ռուսաստանից տեղափոխվել Հայաստան: Այս վտանգի առնչությամբ իր հետ մեր հարցազրույցում պարոն Ամարյանը հայտնեց մի շարք ուշագրավ տեղեկություններ:
 
- «Եհովայի վկաներ» քայքայիչ և ամբողջատիրական աղանդի ղեկավարությունն ինչո՞ւ է ուզում տեղափոխվել հատկապես Հայաստան, ե՞րբ կարող են գալ, և այստեղ նրանց տեղափոխվելն ի՞նչ սպառնալիքներ կներկայացնի մեր հոգևոր և ազգային անվտանգության նկատմամբ:
- Թերևս բոլորին է հայտնի, որ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանն ապրիլի վերջին կայացրած որոշմամբ դադարեցրեց «Եհովայի վկաներ»-ի գրանցումը և արգելեց նրանց գործունեությունն արգելեց Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում: Պարզ է, որ այնտեղ այդ աղանդն արդեն խնդիր ունեցավ, թե ուր տեղափոխվել: Նկատի ունենանք նաև, որ Ռուսաստանում էր կենտրոնացված հետխորհրդային ամբողջ տարածքում գործող Եհովայի վկաների համակարգումը, ղեկավարումը: Երկար մտածելուց հետո, Եհովայի վկաները կենտրոնացել են Հայաստանի վրա որպես հետխորհրդային տարածքում եվրոպական մասի կենտրոնի, և, չի բացառվում, նաև Ղազախստանի վրա, որպես ասիական տարածաշրջանի կենտրոնի:
Քանի որ դա «Եհովայի վկաներ»-ի ղեկավարության որոշումն է, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ իրենց աշխատանքը շարունակել, նրանք որոշել են Հայաստանի Հանրապետությունում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անցկացնել միջազգային կոնգրես (այն ունենալու է երկու մաս` պաշտոնական և ոչ պաշտոնական, այսինքն` գաղտնի, որն էլ հենց վտանգավորն է, որովհետև դրանց, բացի իրենց ղեկավար նեղ շրջանակից, դրսից ոչ մեկը չի մասնակցում)` Հայաստան տեղափոխվելու համար:
Դրա հետ մեկտեղ, նպատակադիր են վերականգնել հետխորհրդային տարածքում գործող իրենց կառույցների ղեկավարումը, որն այստեղ տեղափոխվելու դեպքում արդեն կատարելու են Հայաստանի տարածքից: Դա նշանակում է, որ այստեղ պետք է բացվի «Եհովայի վկաներ»-ի ուսումնական կենտրոն, պետք է գնվեն կամ վարձակալվեն մի շարք շինություններ: Հիմա նրանք դրան են պատրաստվում, այստեղ առաջնահերթորեն փնտրում են այլ տարածքներ, որպեսզի Ռուսաստանից տեղափոխման գործընթացը շատ չդժվարանա, իրենց ունեցած նյութերը և այլն, տեղափոխեն այստեղ:
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Եհովայի վկաներ»-ն այստեղ պաշտպանված են, իրենց ոչ ոք ոչ մի բան չի կարողանում ասել, որովհետև մեր օրենքը չգործող օրենք է:
- Ինչո՞ւ, ի՞նչ նկատի ունեք:
- Մեր օրենքով կարողանում են միայն գրանցել կրոնական կազմակերպությունը ու դրանով սահմանափակվել: Չկան պատասխաններն այն հարցերի, որ եթե կրոնական կազմակերպությունը խախտել է այդ օրենքի պահանջները, ով է պատասխանատու, ով է հսկելու, ով և ինչպես է որոշելու տվյալ կրոնական կազմակերպությանը լուծարել-չլուծարելու հարցը: Բացի այդ, չունենք մասնագետներ, այսինքն` Հայաստանը նրանց անվերահսկելի գործունեության համար իդեալական դաշտ է: Եթե նրանց ղեկավարությունը տեղափոխվեց Հայաստան, ես կարծում եմ, որ այստեղ արդեն լուրջ վտանգ կառաջանա: Կառաջանա այն առումով, որ աշխարհի տարբեր երկրների հետախույզներ, իբրև Եհովայի վկաներ, կտեղափոխվեն Հայաստան, քանի որ, ինչպես հայտնի է, հետախուզությունները, կրոնական կառույցների անվան տակ, արդեն շատ լավ աշխատում են: Չի բացառվում, որ այստեղ կգան տարբեր երկրների ներկայացուցիչներ ու կսկսեն լրտեսության գործընթացը:
Ժամանակին «Հայոց Աշխարհ» թերթում նշված էր այն լրտեսական գործընթացը, երբ Եհովայի վկան տուն առ տուն գնալով, հավաքում էր այնտեղ ապրողների վերաբերյալ անհատական տվյալներ և իր ղեկավարությանը եզրակացություն տալիս, թե ով իրենից ինչ է ներկայացնում:
Պետք է նկատի ունենանք նաև, որ մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում, այս պայմաններում կարող են լինել Հայաստանից մեզ համար վտանգավոր տեղեկատվության տրամադրման դեպքեր: Հաշվի առնենք, որ Եհովայի վկաները գործում են և՛ Բաքվում, և՛ Թուրքիայում, թեև այդ երկուսն էլ մուսուլմանական պետություններ են:
Եթե «Եհովայի վկաներ»-ի ղեկավարությունը Ռուսաստանից տեղափոխվի Հայաստան ու մեր երկիրը նրանց համար վերածվի տարածաշրջանային կենտրոնի, Ադրբեջանում և Թուրքիայում գտնվող Եհովայի վկաները, այնտեղի կառույցներն ակտիվ մասնակցություն են ունենալու այստեղի կյանքին, այսինքն` կապի մեջ են լինելու այստեղի Եհովայի վկաների հետ, մուտքի թույլտվություն են ունենալու տեղեկատվական գլխավոր բազա, որն արդեն կգտնվի Հայաստանում: Սա նշանակում է, որ մեր մասին տեղեկատվությունը կտրվի թշնամուն, մեխանիզմները շատ են, ամեն մի ծառայություն իր ձևն ունի այդ մեխանիզմներն աշխատացնելու:
- Իսկ Ղազախստանում ինչպիսի՞ն է աղանդների նկատմամբ վերաբերմունքը:
- Որքան հասկացել եմ այս առումով Ղազախստանին վերաբերող նյութերն ուսումնասիրելով, իրենք իրենց մոտ առաջինը ջարդեցին «Կյանքի խոսք» եկեղեցուն, ջարդ էր գնացել, իսկական ջարդ, կալանքի տակ էին դրել նրանց ամբողջ գույքը, «Կյանքի խոսք»-ի ղեկավարները փախել էին արտասահման, այնտեղի կառույցը հիմա սառեցված վիճակում է: Ռուսաստանում, ինչպես արդեն նշեցի, դադարեցվեց «Եհովայի վկաներ»-ի գրանցումը, արգելվեց նրանց գործունեությունը, այսինքն` աղանդների դեմ բոլորը սկսեցին լայնածավալ աշխատանք, որովհետև ազգային անվտանգության խնդիրներ էին առաջանում:
Սակայն, քանի որ մեզ մոտ, Հայաստանում, չգիտես ինչու, չկա առկա մարտահրավերներին համարժեք օրենք, մենք կախված են դոնոր պետություններից ու կազմակերպություններից, որոնցից վարկեր ու դրամաշնորհներ ենք ստանում, այն վիճակն է, որը դուք գիտեք: Հետևաբար Հայաստանում անհրաժեշտ է շատ շտապ ընդունել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենք, բացի այդ, պատրաստել հոգևոր, կրոնական ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետներ, այսինքն` տվյալ ոլորտում մասնագիտացած հոգեբաններ, իրավաբաններ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայության աշխատողներ, որպեսզի կարողանան աղանդներից տուժածների և աղանդավորների հետ աշխատել:
Արդեն իսկ ասածիս առումով պետք է նկատի ունենալ նաև այն փաստը, որ Հայաստանում այսօր կա քայքայիչ աղանդների 250 000-ից ավելի ներկայացուցիչ, մեր երկրում գրանցված 67 կրոնական կազմակերպություններից 54-ն աղանդավորական են, բացի այդ, չգրանցված 250-ից ավելի աղանդավորական կազմակերպություն կա:
- Այս պայմաններում մեր պետությունը, Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց հատկապես ո՞ր դերը չեն կատարում:
- 2003 թվականին, երբ Եվրոխորհուրդը, եթե չեմ սխալվում, իր 1361 բանաձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտադրեց գրանցել «Եհովայի վկաներ»-ին, հաջորդ կետով կար ևս մեկ բան` Հայաստանին պարտադրվող: Հայաստանն այդ մյուս կետի պահանջը չկատարեց, մինչ օրս էլ չի կատարել, իսկ Եվրոխորհրդին բոլորովին պետք չէ, որ դա կատարվի:
Եվրոխորհուրդը պարզապես ցույց տվեց, թե, նայեք, մենք ձեր օգտին էլ ենք բան պահանջել, բայց Հայաստանի իշխանությունները, շատ տարօրինակ կերպով, կամ չուզեցին կատարել այդ պահանջը, կամ էլ չհասկացան դրա կարևորությունը: Այդ պահանջով մեր պետությանը պարտավորեցվում էր Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ու գրանցել կազմակերպություն, որը գործելով պետական ֆինանսավորմամբ, պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրեր անկախ տեղեկատվություն կրոնական կառույցների մասին: Այսինքն` պետք է ստեղծվեր մի կենտրոն, որը կարող էր աշխատել բոլոր կրոնական կառույցների հետ, հավաքել ու տրամադրել անկախ, օբյեկտիվ տեղեկատվություն կրոնական կազմակերպությունների վերաբերյալ: Այդ կենտրոնը մենք մինչև այսօր չունենք, իսկ չունենալով տեղեկատվական այսպիսի կենտրոնացված բազա, մենք չունենք նաև նրանց վերաբերյալ ճշմարտությունը, նրանց մի մասի ապօրինի, օրինախախտ գործունեությունը պետական համապատասխան կառույցի մակարդակով, համակարգված և օբյեկտիվ կերպով ներկայացնելու հնարավորություն:
Ինչպես արդեն նշեցի, 2003 թվականի բանաձևի այդ պահանջը մինչև օրս չի կատարվում, դրա արդյունքում մենք առ այսօր չունենք մի կառույց, որը կարող է կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ճիշտ և ամբողջական տեղեկատվություն տալ, կառավարությունն ունի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին, որի հաստիքները ոչ թե սոսկ քիչ են, այլ չնչին են:
- Կա՞ն տեղեկություններ, որ Ռուսաստանից Հայաստան «Եհովայի վկաներ»-ի ղեկավարության տեղափոխման համար այստեղ արդեն իսկ փնտրվում են առանձնատներ, բնակարաններ, գրասենյակային տարածքներ:
- Տեղեկություն կա, որ և՛ այստեղ գործող դեսպանատները, և՛ կրոնական կառույցները Հայաստանի Հանրապետությունում, այսօրվա դրությամբ, ակտիվորեն սկսում են վարձակալել առանձնատներ, բնակարաններ, գրասենյակային տարածքներ: Վերջերս տեղեկատվություն, լուսանկարներ հրապարակվեցին Բալահովտում կառուցված «Եհովայի վկաներ»-ի «Թագավորության տան» վերաբերյալ: Եթե ուշադիր նայենք, դա արդեն մեծ տարածք է, ունի մեծ դահլիճ:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play