Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ


Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ

  • 18-07-2017 16:08:04   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր հանդիպել է ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության անդամների հետ, որոնք վաղը մեկնելու են Կոտ դը Իվուար՝ մասնակցելու հուլիսի 21-ից 30-ը անցկացվելիք ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին:
 
Նախարարը մարզական հաջողություններ է մաղթել մարզիկներին, հորդորել ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ մոտենալ իրենց մասնակցությանը և հույս հայտնել, որ մեր մարզիկները վերադառնալու են մեդալներով: «Գիտեմ, որ խաղերի նախապատրաստական փուլը նորմալ է ընթացել: Այժմ ձեզանից պահանջվում է մրցահարթակներում հանդես գալ ձեր ողջ մարզական ներուժով և պատվով ներկայացնել մեր երկիրը: Հիշե՛ք, որ ձեր յուրաքանչյուր լավ մրցելույթ կամ մարզական նվաճում ողջ հայ ժողովրդի ձեռքբերումն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը: 
 
Ֆրանկոֆոնյան խաղերի ՀՀ մարզական պատվիրակության կազմում Կոտ դը Իվուար են մեկնելու 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: Պատվիրակության ղեկավարը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն է:
 
Նշենք, որ ֆրանկոֆոնյան խաղերն անցկացվում են քառամյա փուլով: Հայաստանի Հանրապետությունն այդ խաղերին մասնակցում է 3-րդ անգամ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play