Հրանուշ Հակոբյան. Փոքրիկ Լուարայի հետ է <br /> համայն հայության ոգին, բարոյական կորովն ու ջերմությունը<br />


Հրանուշ Հակոբյան. Փոքրիկ Լուարայի հետ է
համայն հայության ոգին, բարոյական կորովն ու ջերմությունը

  • 17-11-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի փառատոնում Հայաստանը ներկայացնող Լուարային աջակցելու կոչով դիմել է աշխարհասփյուռ հայությանը, հույս հայտնելով, որ փառատոնի անցկացման օրը` նոյեմբերի 21-ը, «լինելու է օրը միասնության, համախմբվածության եւ հաղթանակի»: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարությունից, նախարարի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դիմում եմ աշխարհասփյուռ հայերին, հեռու մոտիկ ազգակիցներին, հայրենակիցներին, բոլոր նրանց, ում հոգին վառվում է հայկականությամբ, բոլոր նրանց, ում սիրտը հպարտությամբ է լցված իր հայրենիքով, բոլոր նրանց, ում միտքը զբաղված է Հայաստանով, նաեւ նրանց, ում հայացքն ուղղված է Մայր Հայրենիքին: Դիմում եմ սիրով, հավատով եւ հույսով, քանի որ Լուարա Հայրապետյանը` մեր փոքրիկ եւ չքնաղ հայուհին, մեր պայծառ, քնքուշ դուստրն է եւ պատիվ ունի ներկայացնելու Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2009» երգի փառատոնում` «Բարսելոնա» ֆուտբոլային թիմին նվիրաված իր հաղթական երգով: Վստահ եմ, որ մեր տատիկ-պապիկներն ու ողջ աշխարհասփյուռ հայությունն անպայման կհամախմբվեն այդ օրը եւ կապացուցեն իրենց միասնականությունը` քվեարկելով մեր չքնաղ Լուարայի համար: Համոզված եմ, որ մեր տղամարդիկ, որ հպարտորեն ներկայացնում են հայերին աշխարհի տարբեր ծեգերում, ժամանակ կգտնեն զանգահարել մեր հրաշք դստեր համար: Գտնում եմ, որ հայ կանայք եւ աղջիկները համերաշխություն կցուցաբերեն եւ ձայն կտան իրենց կրտսեր քրոջը` Լուարային: Հաղթիր, սիրելի Լուարա, իսկ հաղթելու համար նախ պետք է հաղթել հոգով ու ոգով: Քո հաղթանակով դու ավելի կզորացնես հայ պատանիների եւ աղջիկների հայ լինելու զգացողությունը եւ հպարտությունը, մեր հավաքական արարման ոգին: Սիրելի Լուարա, քո թիկունքում կանգնած է Հայրենիքի եւ Սփյուռքի հայության` քեզ սատարող մի հզոր բանակ, քեզ հետ է համայն հայության Ոգին, բարոյական կորովն ու ջերմությունը: Մենք հավատում ենք քո ձիրքին ու տաղանդին: Ուժեղ եղիր, զորացիր հաղթանակով եւ զորացրու մեզ, սիրելի դուստր: Քեզ հետ է համայն հայության խանդավառությունը, սերը, հավատը: Սիրելի հայրենակիցներ, մենք Ոգու ժողովուրդ ենք: Ոգին է մեր դարավոր ընթացքի շարժիչ ուժը: Լուարա Հայրապետյանն այս պահին յուրովի իրականացնում է մեր երգի հաղթության առաքելություն: Եկեք միասնական կերպով 10 միլիոնանոց Հայկական աշխարհի բարոյական կորովն ու սերը, հավատն ու ուժը փոխանցենք մեր սքանչելի դստերը եւ միասին տոնենք հաղթանակը: Մենք հավատում ենք, որ նոյեմբերի 21-ը լինելու է օրը միասնության, օրը համախմբվածության, օրը հաղթանակի: Հարգանքներով` ՀՀ սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյան»
Նոյյան տապան  -   Հասարակություն