Մեկնարկել է Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում հեռաուսուցման դասընթացը


Մեկնարկել է Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում հեռաուսուցման դասընթացը

  • 19-07-2017 15:37:21   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի UNICEF հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Անչափահասների պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում հեռաուսուցման ծրագիրը: 
Այն մշակվել և ներդրվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ և օժանդակությամբ: Դասընթացի շնորհանդեսին ներկա են եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, դատավորներ, դատախազներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլք:
 
Նախարար Դավիթ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել նման գործիքի ներդրումն անչափահասների արդարադատության ոլորտում և ընդգծել, որ ուսուցման այս նորարարությունն առաջիկայում կտա իր արդյունքը: «Քայլ առ քայլ զարգացնում ենք այն մոտեցումը, որը որդեգրել ենք երեխաների իրավունքների համար արդարադատությունն ավելի հասանելի, մատչելի դարձնելու, ինչպես նաև այդ ընթացքում երեխաների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: Մինչև 2022 թվականը կկատարելագործվի իրավախախտ երեխաներին առնչվող օրենսդրությունը, համապատասխան հայեցակարգի ընդունմամբ կստեղծվեն նաև հատուկ մեխանիզմներ իրավախտ, վկա և հանցագործությունից տուժած երեխաների վերականգնման ու պաշտպանության համար»,- նշել է նախարարը և ոլորտի բարեփոխման հարցում կարևորել ներկայում գործող Անչափահասների արդարադատության խորհրդի կատարած աշխատանքը, որը Դավիթ Հարությունյանի գնահատմամբ, արդեն իսկ ցույց է տվել իր արդյունավետությունը:
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել ներկաներին կառուցողական համագործակցության համար և նշել, որ թեև Հայաստանը շարունակում է դասվել քիչ ազատազրկված անչափահասներ ունեցող երկրների թվին, սակայն կարևոր է, որ  արդարադատության ոլորտում անչափահասների իրավունքների բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են կատարվում:
Նշենք, որ հեռաուսուցման առաջին դասընթացին կմասնակցեն 37 դատավոր և 125 դատախազ:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play