ՊՊԾ-ն գրավելու մեջ մեղադրվողներից 15-ը 10 ժամով հեռացվել են դատական նիստերի դահլիճից


ՊՊԾ-ն գրավելու մեջ մեղադրվողներից 15-ը 10 ժամով հեռացվել են դատական նիստերի դահլիճից

  • 20-07-2017 17:37:30   | Հայաստան  |  Իրավունք

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներից 18-ի՝ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի,  Սերգեյ Կյուրեղյանի, Գևորկ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի,  Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործի քննությունը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
 
Դատական նիստին ներկա էին ամբաստանյալներից երկուսը՝ Արամ Մանուկյանն ու Հովհաննես Հարությունյանը, մյուս 16-ի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվել նիստերի դահլիճից վեց ժամով հեռացում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: 
 
Պաշտպանները միջնորդեցին դատարան բերել ամբաստայանլերին, այլապես իրենք թույլտվություն չունեն առանց նրանց ներկայության մնալ նիստերի դահլիճում: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հայտարարեց մեկ ժամ ընդմիջում:
 
Ամբաստանյալները բերվեցին դահլիճ, սակայն կրկին՝ դատարանի գալու պահին ոտքի չկանգնեցին: Դատարանն արձանագրեց փաստը և նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բոլոր՝ 18 ամբաստանյալների նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում: 
 
Այնուհետև դատավորը սկսեց դատավարական գործողություն՝ ինքնության ճշտում և պաշտպանների ներգրավում: Դատավորը հայտնեց, որ կպարզվեն այն ամբաստանյալների ինքնությունները, որոնց պաշտպանները ներկա են:
 
Բացի այդ, դատարանը հայտնեց, որ այս պահի դրությամբ չեղարկում է   ամբաստանյալներ Թորոս Թորոսյանի, Տիգրան Սարգսյանի և Թաթուլ Թամրազյանի  պաշտպանության համար հանրային պաշտպաններ ներգրավելու որոշումը:
 
Ճշտվեց ամբաստանյալ Արամ Հակոբյանի ինքնությունը, ով ներկայացավ և ասաց, որ ինքը ծնվել է «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզում»: Ինեսսա Պետրոսյանն ու Հարություն Բաղդասարյանը ներգրավվեցին որպես Արամ Մանուկյանի պաշտպաններ; Նշենք, որ նրա պաշտպանությունը կիրականացնի նաև Հրանտ Գևորգյանը:
 
Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն ասաց.« Ծնվել եմ Լենինականում, ես որ ծնվեցի Գյումրի չէր»: Դատավորի հարցին,թե ամուսնացա՞ծ է, Հակոբյանը պատասխանեց. «Անշուշտ: Նախկինում շատ տեղեր եմ աշխատել, վերջինը մարզական դպրոցի փոխտնօրեն էի, բարձրագույն կրթություն ունեմ»: Դավիթ Գյուրջյանը ներգրավվեց Հակոբյանի շահերի պաշտպան:
 
Ամբաստանյալներից Արայիկ Հակոբյանը հրաժարվեց ոտքի կանգնել, ասաց, որ ողնաշարի խնդիր ունի: Դատավորն արձանագրեց, որ ոտքի չի կանգնում և դատական սանկցիա կիրառեց՝ նախազգուշացում: 
 
Արայիկ Հակոբյանն ասաց, որ Մխչյանի բնակիչ է, բարձրագույն կրթությունի ունի, ամուսնացած է, երկու երեխա ունի, որից մեկն անչափահաս է: Աշխատել է որպես տաքսու վարորդ: Նրա շահերի պաշտպանությունը կիրականացնի Երվանդ Վարոսյանը:
 
Մարտիրոս Հակոբյանը նույնպես ոտքի չկանգնեց և նախազգուշացվեց, որպես նրա շահերի պաշտպան ներգրավվեց Երվանդ Վարոսյանը:
 
Վարդան Գերավետյանը նույնպես ոտքի չկանգնեց և նախազգուշացվեց: Դավիթ Գյուրջյանը ներգրավվեց որպես նրա շահերի պաշտպան:
 
Դատական նիստն ընդմիջվեց 15 րոպեով, ինչի վերսկսումից  հետո ամբաստանյալները կրկին ոտքի չկանգնեցին: Դատարանը դատական սանկցիա կիրառեց ամբաստանյալներից 15-ի նկատմամբ, բացառությամբ առողջական խնդիրներ ունեցողներից՝ Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի նկատմամբ:
 
Դատարանը 15 ամբաստանյելներին հեռացրեց դատական նիստերի դահլիճից տասը ժամով:
 
Բեթղեհեմ Արաբյան
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play