Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին


Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին

  • 21-07-2017 16:02:42   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռենե Ֆազելին (René Fasel):
 
Նախարարը ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության համար: «Խորհրդային տարիներին հոկեյն ամենասիրված մարզաձևերից էր նաև մեզ՝ հայերիս համար: Երկրի փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց: Սակայն հոկեյը, լինելով ամենադիտարժան մարզաձևերից մեկն աշխարհում, հետզհետե վերականգնում է իր դիրքերը: Հայաստանի հոկեյի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է իրականացնում այդ ուղղությամբ»,-ասել է նախարարը:
 
Ռենե Ֆազելը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար: «Որքան կարողացել եմ ճանաչել՝ հայը խելացի և աշխատասեր ժողովուրդ է: Սրանք կարևոր հատկանիշներ են բարձրագույն սպորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է Ռ. Ֆազելը: Նրա խոսքերով՝ հոկեյի մասսայականացմանը և զարգացմանը կարող է նպաստել մեր երկրում միջազգային մրցաշարերի կազմակերպումը:
 
Հյուրին զարմացրել է այն, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն փորձ ունի  հոկեյի միջազգային մրցաշար կազմակերպելու գործում, երբ նախարար Ռոստոմյանը նրան տեղեկացրել է, որ 2010 թվականի աշխարհի առաջնության C խմբի մրցաշարը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հովանավորությամբ կայացել է Երևանում:
 
Հրաչյա Ռոստոմյանի խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ մեր երկրում խաղային մարզաձևերը համեմատաբար դանդաղ են զարգանում, թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, թե՛ ՀԱՕԿ-ը անում են ամեն ինչ՝ այդ գործընթացն արագացնելու համար: «Այդ քայլերից են նաև հանդիպումները մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ, միջազգային փորձի ուսումնասիրությունը և այդ փորձի կիրառումը մեր երկրում»,- ասել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play