ՀՔԾ. «Թոփ Մոթորս» ընկերությունը խաբել է գնորդին` պատճառելով 7.897.800 դրամի վնաս


ՀՔԾ. «Թոփ Մոթորս» ընկերությունը խաբել է գնորդին` պատճառելով 7.897.800 դրամի վնաս

  • 28-07-2017 15:43:27   | Հայաստան  |  Իրավունք

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել խարդախության փաստով ևս մեկ քրեական գործ
 
Գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստով հարուցված ևս մեկ քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
 
Նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն` 15.04.2010թ. Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք է բերել 11.952.000 ՀՀ դրամ արժողությամբ 2010թ. արտադրության «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենա: Սակայն, երբ 2016թ. Վ. Գ.-ն փորձել է վաճառել այն, պարզվել է, որ նշված ավտոմեքենան ոչ թե 2010թ., այլ 2008թ. արտադրության է, և վերը նշված ընկերությունը խաբել է գնորդին` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 7.897.800 դրամի գույքային վնաս:
 
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2010թ. «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի կողմից 14 այլ գնորդների վաճառված ավտոմեքենաները նույնպես եղել են 2008 թվականի արտադրության:
 
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play