Ձերբակալվել է ՁՊՎ-ից փախուստի դիմած «Նուբարաշենի» կալանավորին հսկող ոստիկանը


Ձերբակալվել է ՁՊՎ-ից փախուստի դիմած «Նուբարաշենի» կալանավորին հսկող ոստիկանը

  • 31-07-2017 17:02:38   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Փաստի առթիվ ծառայության քննիչի որոշմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է ոստիկանության հիշյալ ստորաբաժանման աշխատակից Ա. Մ.-ն:
 
Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
 
Այսպես, նախաքննական նյութերի համաձայն, Ա. Մ.-ն, 2017 թվականի հուլիսի 27-ին հերթապահել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ՁՊՎ-ում, որի խցում այդ օրը պահվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Ա. Ա.-ն և ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կալանավոր Ռ. Ա.-ն, ովքեր Մարտունի քաղաք էին տեղափոխվել իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերով նշանակված դատական նիստերին մասնակցելու համար:
 
Նույն օրը երեկոյան կալանավորներից Ռ. Ա.-ն կանչել է հերթապահող ոստիկան Ա. Մ.-ին և խնդրել իրեն ուղեկցել ՁՊՎ-ի սանհանգույց: Ա. Մ.-ն, խախտելով ՁՊՎ ներքին կանոնակարգի պահանջները, առանց ՁՊՎ պետի կամ նրա օգնականի մասնակցության բացել է դեպի խուց տանող մետաղյա ճաղավանդակներով երկու դռները, ապա` խցի դուռը, իսկ կալանավորին սանհանգույց ուղեկցելիս բոլոր երեք դռները թողել է բաց վիճակում: Այնուհետև, կալանավորին խուց վերադարձնելու փոխարեն, նրա հետ գնացել է սնունդ ընդունելու համար հատկացված սենյակ: Այդ ընթացքում խցում պահվող մյուս կալանավոր Ա. Ա.-ն, օգտվելով տևական ժամանակ առանց հսկողության մնալու հանգամանքից, կարողացել է չկողպված դռներով հասնել ոստիկանի աշխատասենյակ, որտեղից վերցնելով դեպի տուգանային հրապարակ տանող ելքի դռան բանալիները` ՁՊՎ-ից դիմել է փախուստի:
 
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play