«Սասնա ծռերի» գործով փաստաբանները լքել են դատական նիստերի դահլիճը. hraparak.am


«Սասնա ծռերի» գործով փաստաբանները լքել են դատական նիստերի դահլիճը. hraparak.am

  • 02-08-2017 14:59:33   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր «Սասնա ծռերի» 18 անդամների դատական նիստին նրանցից ոչ բոլորն էին ներկա։ Բանն այն է, որ նախորդ դատական նիստերին նրանցից մի քանիսը հեռացվել էին նիստերի դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։
 
Փաստաբանները միջնորդել էին, որպեսզի դատարանը ժամանակից շուտ վերացնի այդ սանկցիան եւ ամբաստանյալները հնարավորություն ունենան մասնակցելու դատական նիստերին, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել էր միջնորդությունը եւ տասնհինգ րոպեով ընդմիջել էր դատական նիստը։
 
Վերադառնալով ընդմիջումից՝ փաստաբաններ Հարություն Բաղդասարյանը, Հրանտ Գեւորգյանը, Արայիկ Պապիկյանը եւ Դավիթ Գյուրջյանը դատարանին հայտնեցին, որ, եթե իրենց պաշտպանյալները ներկա չեն գտնվելու նիստին, ապա իրենք եւս չեն կարող մասնակցել, քանի որ ամբաստանյալներից հստակ հրահանգ ունեն՝ առանց իրենց ներկա չգտնվել դատական նիստերին։
 
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց, որպեսզի փաստաբանները չլքեն նիստերի դահլիճը, սակայն պաշտպանները հեռացան։ Նրանց ապակուց այս կողմ գտնվողները դիմավորեցին ծափահարություններով։ Նիստը 20 րոպեով ընդմիջվեց, որպեսզի դատարանը հեռանա խորհրդակցության և նրանց նկատմամբ սանկցիա կիրառի։
 
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play