Սևանի վիճաբանության զոհերից մեկը մահացել է սրտամկանի ինֆարկտից. ՀՔԿ


Սևանի վիճաբանության զոհերից մեկը մահացել է սրտամկանի ինֆարկտից. ՀՔԿ

  • 03-08-2017 15:18:51   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Սևանում 28-ամյա երիտասարդի սպանության համար:
 
Կոմիտեն հիշեցնում է, որ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում հնչել են կրակոցներ, որի հետևանքով Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1989թ., ձախ քունքային շրջանում  ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
 
ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն  ունեցող մի շարք հանգամանքներ՝ դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սևան քաղաքի բնակիչ Է.Հովհաննիսյանը՝ ծնված 1981թ.:
 
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Սևանի լողափերից մեկում անձնական հարցերի շուրջ Է.Հովհաննիսյանի, վերջինիս հոր, եղբոր և այլ անձանց միջև, որոնց թվում էր նաև 28-ամյա երիտասարդը, տեղի է ունեցել վիճաբանություն: Առաջացած ծեծկռտուքի ժամանակ Է.Հովհաննիսյանի հայրը՝ ծնված 1957թ., հայտնվել է գետնին՝ անգիտակից վիճակում և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է նրա  մահը։ Է.Հովհաննիսյանը, իմանալով հոր մահվան լուրը, ավտոմեքենայով եղբոր հետ գնացել է հանգստյան գոտու տարածքից հեռացած՝ վիճաբանությանը մասնակցած անձանց հետևից: Այնուհետև Երևան-Իջևան ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում, հասնելով այն ավտոմեքենային, որտեղ գտնվում էր 28-ամյա երիտասարդը, կրակոց է արձակել վերջինիս գլխին, ով ստացած վնասվածքից մահացել է:
 
Համաձայն դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության՝ 1957թ. ծնված տղամարդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: Նրա մարմնի վրա առողջության համար նույնիսկ թեթև վնաս պարունակող վնասվածքներ չեն հայտնաբերվել:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  Է. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play