Սուտ մատնության դեպքերը կրկին աճել են. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ


Սուտ մատնության դեպքերը կրկին աճել են. պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել հանցագործությունների կատարման մեջ

  • 08-08-2017 19:24:31   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով: Միաժամանակ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված երկու քրեական գործի նախաքննությունը:
 
Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ռոզա Զուլալյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է ծանր հանցագործություն կատարելու մեջ: Մասնավորապես, Ռ. Զուլալյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ահազանգել է ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին` հայտնելով ամուսնու կողմից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ արտահանելու նախապատրաստության մասին: Սակայն իր ահազանգին օրինական ընթացք չտալու և այդ կերպ ամուսնու մեկնելուն չխոչընդոտելու համար ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները ամուսնուց կաշառք են ստացել:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` հեռախոսազանգերի վերծանումների զննությամբ հերքվել են Ռ. Զուլալյանի հաղորդած տեղեկությունները: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերջինս, դժգոհ լինելով ամուսնու ՌԴ մեկնելու հանգամանքից, նախաքննական մարմնին գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել ինչպես վերջինիս գործողությունների, այնպես էլ ոստիկանների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ:
 
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Ռոզա Զուլալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
 
Մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղազարյանը ոստիկանության աշխատակիցներին հանիրավի մեղադրել է մեկ այլ բնույթի հանցագործության` պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Մասնավորապես, Էդիկ Ղազարյանը հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակցի կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում հիշյալ ոստիկանը վերցրել է իրեն պատկանող «Այֆոն 5» և «Սամսունգ Դուոս» տեսակի բջջային հեռախոսները, ինչպես նաև իր մոտ եղած գումարը, սակայն հետագայում նշված իրերը հետ չի վերադարձրել:
 
Հիշյալ դեպքի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Է. Ղազարյանը նախաքննական մարմնին ակնհայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել պաշտոնատար անձի կողմից չկատարված հանցագործության մասին: Մասնավորապես, հիմնավորվել է, որ նշված հեռախոսներն ու գումարը մինչ Է. Ղազարյանի կալանավորվելը գտնվել են վերջինիս մոտ:
 
Հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Էդիկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-րդ մասով:
 
Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել է ևս երկու քրեական գործ, որոնցից մեկի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Զաքարյանը ոստիկաններին և քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
 
Այսպես, Ա. Զաքարյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները վիճաբանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել հիշյալ բաժին և շուրջ մեկ օր ապօրինի պահել այնտեղ: Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչն իրեն ուղղորդել է ցուցմունքում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքն ականատես է եղել Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքին:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Զաքարյանը սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է դատարանում քննվող քրեական գործով տուժող Սերգեյ Միքայելյանի կողմից ծանր հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի քննիչին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Մասնավորապես, Ս. Միքայելյանը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հարցաքննության արձանագրության համապատասխան էջերին դրված ստորագրություններն իրենը չեն, և Տավուշի մարզային քննչական վարչությունում հիշյալ գործի քննության ընթացքում ինքը երբևէ ցուցմունք չի տվել:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական գործողությունների, այդ թվում` դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ Ս. Միքայելյանը ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել նախաքննական մարմնին: Մասնավորապես, պարզվել է, որ արձանագրությունում դրված ստորագրությունները պատկանում են Ս. Միքայելյանին:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play