Քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչուհու մահվան հանգամանքները.ՀՔԿ


Քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչուհու մահվան հանգամանքները.ՀՔԿ

  • 09-08-2017 18:22:48   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Արարատի մարզի բնակչուհի Լաուրա Թոխյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Նախնական տվյալներով՝ 1963 թ. ծնված Լ.Թոխյանը մահացել է 2017 թվականի ապրիլի 30-ին՝ իր տանը։  Մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվանը հանգեցրել է  սրտի պսակաձև զարկերակների անբավարարությունը։ Լ.Թոխյանի ախտաբանաանատոմիական դիահերձման ժամանակ պարանոցին հայտնաբերվել է ճմլման ակոսին նմանվող արյունազեղում:
Վնասվածքի առաջացման պատճառը պարզելու համար բացատրություններ են վերցվել մահացած կնոջ ամուսնուց, հարևանուհիներից, կանչով տուժածի տուն մեկնած շտապօգնության բժշկից և այլ անձանցից։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ շտապօգնության բրիգադի կողմից Լ.Թոխյանի մահվան փաստը տանը հաստատելուց հետո, վերջինիս հարևանուհին, սովորույթից ելնելով, Լ.Թոխյանի ծնոտի ստորին հատվածից դեպի գլխի գագաթային հատված ամրակապել է շորի կտորով, որպեսզի վերջինիս բերանը բաց չմնա: Լ.Թոխյանը մնացել է այդ դիրքով ամրակապված 1-2 ժամ՝ մինչև դիահերձարան տեղափոխող ավտոմեքենայի ժամանելը։ 
Բացի այդ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Ստացված թիվ 0048Դ եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների սեղմման հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թթվածնաքաղցից շատ կարճ ժամանակ անց զարգացած գլխուղեղի թաղանթների և ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցից:  
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում: 
Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։  
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play