Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի ևս երկու քաղաքացիների
01-09-2017 17:11:40 | Թուրքիա | Հասարակություն
Թուրքիայում ձերբակալել են Գերմանիայի ևս երկու քաղաքացիների:
korrespondent-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` Գերմանիայի քաղաքացիներին ձերբակալել են քաղաքական շարժառիթներ ունեցող մեղադրանքներով:
Ոչ պաշտոնական աղբյուրները վերոնշյալ ձերբակալությունների մասին տեղեկացրել են Իզմիրում գտնվող Գերմանիայի հյուպատոսությանը:
Նշվում է, որ առայժմ Թուրքիայում Գերմանիայի հյուպատոսությունը չի կարողացել կապ հաստատել ձերբակալված գերմանացիների հետ:
Գերմանական ԱԳՆ-ի տվյալներով` ներկայումս Թուրքիայի բանտերում են գտնվում Գերմանիայի 55 քաղաքացիներ, որոնցից 12-ը` քաղաքական մեղադրանքներով: Վերջիններիս թվում են թարգմանչուհի Մեշալ Տոլուն, ով մեղադրվում է ահաբեկչության քարոզչության և ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելը և իրավապաշտպան Պետեր Շտոյդտները:
Վերոնշյալ 12 ձերբակալվածներից չորսն ունեն Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն:
Ավելի վաղ, Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ Թուրքիայում օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը գտնվում են վերացման վտանգի տակ: