Քարահունջի հնագույն քարե աստղադիտարանը «դամբարան» հորջորջելու, դամբարան, բաղնիք, անասնագոմ ներկայացնելու խայտառակ փորձերի մասին (տեսանյութեր և ֆոտոշարք)


Քարահունջի հնագույն քարե աստղադիտարանը «դամբարան» հորջորջելու, դամբարան, բաղնիք, անասնագոմ ներկայացնելու խայտառակ փորձերի մասին (տեսանյութեր և ֆոտոշարք)

  • 12-09-2017 20:24:12   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
 
Հայաստանի հարավում, Սիսիան քաղաքից մոտ 3 կմ հեռու, Որոտան գետի Դարբ վտակի ձախ ափին,  39,5 աշխարհագրական լայնության վրա է գտնվում Գորիսի Քարահունջ բնակավայրին համանուն Քարահունջ մեգալիթյան համալիրը: Անվանումը կազմված է երկու արմատից՝ «քար» և «հունչ» («հունջ»): «Հունչ»-ը նշանակում է հնչյուն, ձայն, այսինքն` Քարահունջ՝ նշանակում է հնչող, ձայնարձակող, խոսող քարեր: Այստեղ քանի որ բազմաթիվ քարերի վրա անցքեր կան, ուժեղ քամու ժամանակ յուրահատուկ ու տպավորիչ ձայներ են առաջանում, հավանաբար այդ պատճառով է համալիրին հետագայում տրվել Քարահունջ անվանումը, իսկ սկզբնական անվանումը, որով մեր վաղնջական նախնիները հազարամյակներ առաջ անվանակոչել են համալիրը, որևէ մեկին հայտնի չէ:
Ըստ լուսահոգի ակադեմիկոս Պարիս Հերունու, Քարահունջ անվանումից է ծագում  Անգլիայի Սթոունհենջ (Stoun henj) քարե աստղադիտարանի անվանումը: Գիտնականի բացատրությամբ, «Stoun» անգլերեն բառը նշանակում է քար, իսկ «henj» բառ անգլերենում ընդհանրապես չկա, այդ բառն ունի հայերեն ծագում ու նշանակում է հունջ, հունչ, ձայն, հնչյուն, հնչել, ասել:
«Բրիտանիկա» հանրագիտարանի համաձայն, Սթոունհենջը կառուցվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի կեսերին, բրիտների կողմից: Այս ժողովրդի ծագումն Անգլիայում և, ընդհանրապես, Մեծ Բրիտանիայում պաշտոնական գիտության կողմից դեռ առեղծվածային է համարվում, թեև անգլո-սաքսոնական անենահին գրքում` 8-րդ դարի «Քրոնիկոնում» («Անգլո-սաքսոնական ժամանակագրություն»), գրված է, որ Անգլիայի (Բրիտանիայի) առաջին բնակիչները բրիտներն են, որոնք եկան Արմենիայից: Սա անտեսվում է, քանի որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող պետությունների և, հատկապես, այդ միավորման մեջ եղանակ որոշող Անգլիայի ղեկավարներն այս աշխարհի ճարտարապետներից են կամ նրանց ազդեցության տակ գտնվողներ, որոնց քաղաքական շահերին հակասում է տվյալ պատմական փաստի ճանաչումը կամ հանրայնացումը:
Պարիս Հերունու հավաստմամբ, Քարահունջ քարե աստղադիտարանի անվանումից են ծագել նաև Ֆրանսիայի Քարնակ (գտնվում է Քարնակ քաղաքի մոտ), Շոտլանդիայի Լյուիս կղզում գտնվող  Քալենիշ (Քարենիշ) հուշարձանների անվանումները: Նշված բոլոր հուշարձաններն էլ ոմանք համարում են հնագույն քարե աստղադիտարաններ, սակայն դրանց տարիքն ավելի փոքր է, քան Քարահունջինը:
Քարահունջ քարե աստղադիտարանը բաղկացած է 0,5- 3 մետր բարձրության, մինչև մոտ 10 տոննա կշռող ուղղահայաց քարերից, որոնք համալիր են կազմում։ Շուրջ 25 հեկտարի վրա որոշակի համակարգով տեղադրված 222 քարերից 84-ի վրա երկնքի աստղային դիտումներ կատարելու նպատակով 4-5 սմ տրամագծով հատուկ անցքեր են բացված։
«Երեւանից 200 կմ հեռավորության վրա Սիսիան քաղաքի մոտ գտնվում է նախապատմական մի հսկա մոնումենտ, որն առաջին հերթին բացառիկ է նրանով, որ միմիայն այստեղ, միեւնույն վայրում, կարելի է տեսնել մենհիրներ, դոլմեներ, կրոմլեխ, կուռգաներ եւ կիկլոպյան ամրոցի մնացորդներ,- գրել է ակադեմիկոս Պարիս Հերունու օգնական, պատմաբան, «Քարահունջ Աստղադիտարան» հիմնադրամի համանախագահ Գուրգեն Վարդանյանը:-Հուշարձանի մասին առաջին գրավոր հիշատակությունը կատարել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դդ.): Ըստ այդ հիշատակության` հուշարձանի անունը Քարունջ (Քարահունջ) է: 18-19-րդ դարերում հուշարձանը ստացել է Զորաց Քարեր անունը (գրաբարում զօր նշանակում է` օր, այսինքն` օրերի քարեր, օրացույց քարեր)»:
Ի դեպ, «Զորաց քարեր» անվանման վերաբերյալ մի այսպիսի բացատրություն էլ կա՝ զորավորաց (զորավորների) քարեր, հետագայում կրճատված, դարձած զորաց քարեր, նկատի առնելով այն հանգամանքը, որ բազմատոննանոց այդ քարերը տվյալ վայր հասցրած մեր նախնիները զորավոր մարդիկ են եղել, քարերն այդ զորավոր մարդկանց պատկանած կամ նրանց բերած քարերն են:
Ակադեմիկոս Պարիս Հերունին այդ խորհրդավոր քարե համալիրը նախորդ դարի 90–ական թվականներին համարել է այն ժամանակ հայտնաբերված ամենահին քարե աստղադիտարանը: Համալիրը հայտնի է նաև «Քարագանձ», «Քարեգանձ», «Հայկական Սթոունհենջ» անվանումներով: Վերջինն ընդամենը 1-2 տասնամյակի պատմություն ունի, իսկ Ստեփանոս Օրբելյանի հիշատակած «Քարունջ» անվանման 2-րդ բաղադրիչը` «ունջ»-ը, որպես գոյական, նշանակում է գանձ, կուտակված, դիզված բան: Ըստ այդմ, համալիրին Քարհունջ կամ Քարահունջ անվանումը կարող էր տրված լինել նաև քարեր կուտակված կամ կուտակված քարեր իմաստով:
Դժվար չէ ենթադրել, որ այդ քարե աստղադիտարանի ստեղծումը մեր նախնիների համար անհրաժեշտություն է եղել, այլապես նրանք մի քանի կամ թեկուզ 1 կիլոմետր այն կողմ գտնվող ձորից, որտեղով Դարբ վտակն է հոսում, այդ ծանր քարերը մեծ չարչարանքով չէին հասցնի իրենց ներկայիս վայր, հետո էլ դրանց մի մասի վրա անցքեր բացի:
2010թ. Մեծ Բրիտանիայի Թագավորական աշխարհագրական միության հետ Օքսֆորդի համալասրանի կազմակերպած Քարահունջի գիտարշավի անդամներից աշխարհագրագետ Նիկոլաս Հովարդն ասել է․«Քարերի վրայի անցքերն առանձնացնում է այն նմանատիպ համալիրներից»:
2012թ. Հայաստանից անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի ու նրա թիմի կատարած բացահայտումներն այնքան ուշագրավ ու կարևոր էին, որ Վ. Գևորգյանի հրավերով 2015թ. Քարահունջ այցելեց ամբողջ աշխարհում հնագույն հուշարձանների ու քաղաքակրթությունների աշխարհահռչակ հետազոտող Գրեմ ՀենկոկըՀենկոկը Քարահունջն անվանել է աշխարհի առավել հին քարե աստղադիտարաններից մեկը, իսկ հետագայում` ամենահինը:
Հենկոկի պես հեղինակավոր հետազոտողի այս հայտարարությունից հետո «National Geographic» աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրը 2016թ. ներառել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցանկում։ Միջազգային այդ հեղինակավոր պարբերականի հրապարակած հոդվածում նշված է, որ մեր նախնիները Օրիոնի և Սիրիուսի դիտարկումներ են արել Քարահունջի միջոցով։
«Սիրիուսը և Օրիոնը փայլում են խորհրդավոր Քարահունջի լուսավորված քարերի վերևում,- գրել է հիշյալ պարբերականը:- Այն բաղկացած է հարյուրավոր ուղղահայաց քարերից»:
Եվ, ահա, հանկարծ Եվ, ահա, հանկարծ, երբ նույնիսկ օտարներն են հասկանում Քարահունջի նշանակությունը և այն բարձր գնահատում, Armeniasputnik.am կայքում կարդում եմ ս. թ. սեպտեմբերի 7-ին հրապարակված  Դիանա Հարությունյանի «Աստղադիտարա՞ն, դամբարա՞ն, թե՞ բաղնիք» հոդվածը` սկսված է այն մտքով, թե «Զորաց Քարերի շուրջ հյուսված լեգենդը գուցե շուտով փշրվի»: Ինչո՞ւ… Այնպես էր գրված` կարծես թե դա բաղձալի մի բան է, որին ազգովի վաղուց սպասում ենք, և ահա, ուր որ է, այն շուտով կարող է իրականություն դառնալ: Համենայն դեպս, այդ տպավորությունը ստացա:
Որպես լեգենդի մոտալուտ ու հնարավոր փշրման հիմնավորում, նշված է, որ «Կենտրոնական դամբարանի պեղումներն, առայժմ, գիտնականներին թույլ չեն տալիս ասել, թե գործ ունենք հնագույն աստղադիտարանի հետ»: 
Իսկ ի՞նչ է` գիտնականները կենտրոնական դամբարանում պետք է հայտնաբերեին Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակներից որևէ մեկի նման մի աստղադիտա՞կ, հետն էլ մագաղաթի մի կտո՞ր, վրան գրված` աստ հանգչի Քարահունջի աստղադիտարանի տնօրենը… Չենք կարող ասել` Քարահունջի տարածքում հայտնաբերված դամբարանի պեղումների արդյունքները Քարահունջ մեգալիթյան համալիրի` քարե հնագույն աստղադիտարան լինել-չլինելու խնդրի հետ արհեստականորեն կապելու հեղինակն ով է` հիշյալ լրագրո՞ղը, թե նրա զրուցակիցը` այնտեղ պեղումներ կատարող հնագիտական գիտարշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը, որը գուցե ինքն է այդ երկուսն արհեստականորեն կապել իրար հետ, և լրագրողն էլ, առանց նրա վրա հղում կատարելու, նրա միտքը փոխանցել է ընթերցողներին: Բացառված չէ նաև, որ նրանք երկուսն էլ նույն դիրքորոշումն ունեն, սակայն, բոլոր դեպքերում, վերոնշյալ հակագիտական դիրքորոշման կամ տեսակետի հեղինակին (հեղինակներին) առաջարկում ենք պատասխանել հետևյալ հարցերին.
1. Իսկ ի՞նչ պարտադիր է, որ կենտրոնական դամբարանի պեղումները գիտնականներին թույլ տան ասել, թե գործ ունենք հնագույն աստղադիտարանի հետ:
2. Ընդհանրապես ի՞նչ կապ ունեն կենտրոնական դամբարանը և այնտեղ գտնված գտածոները հնագույն քարե աստղադիտարանի հետ, որը, ըստ տարբեր գիտնականների գնահատականների, 7500-12 000 տարեկան է կամ գուցե ավելի հին:
3. Հնարավոր չէ՞, որ տվյալ վայրում քարե աստղադիտարանի հիմնումից հազարամյակներ հետո մեր նախնիները կամ ուրիշներ այդ նույն տարածքում թաղումներ են կատարել, և, հետևաբար, դամբարանի կամ այնտեղ հայտնաբերված գտածոների տարիքը որևէ կապ չունի հնագույն քարե աստղադիտարանի տարիքի հետ, ոչ էլ դամբարանը կապ ունի քարե աստղադիտարանի, դրա հիմնման ու նպատակի հետ:
«Ամենավաղ գտածոները մ. թ. ա. 5-4 դարերի են կամ մ. թ. ա. 18-րդ դարի, հետո նաև 14-13-րդ դարերի են, մեզ հետ զրույցում տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը»,- նշված է հիշյալ հրապարակման մեջ: Լավ, սոսկ մի պահ ենթադրենք, թե Քարահունջի քարերն այնտեղ դրվել են մ. թ. ա. 18-րդ դարում, դրանից համալիրը կորցնո՞ւմ է հնագույն քարե աստղադիտարան կոչվելու իրավունքը: Պարոն Փիլիպոսյանը թող այս հարցին էլ պատասխանի, եթե, իհարկե, կարող է…
Հիշյալ հոդվածում նշված է նաև. «Զորաց քարերը հնագիտական հուշարձան են, այն օգտագործվել է մեկ հազարամյակ»,- ընդգծում է արշավախմբի ղեկավարը»:
Այո, Քարահունջի քարերը կամ Զորաց քարերը հնագիտական հուշարձան են, բայց ո՛չ միայն հնագիտական հուշարձան…  Եվ լավ կլիներ, որ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարի բարձր պաշտոնը զբաղեցնողն իմանար այս մասին: Հիմա մեր հաջորդ հարցը` ինչի՞ հիման վրա է պարոն Փիլիպոսյանը եզրակացրել, որ տվյալ հուշարձանը (Զորաց քարերը) օգտագործվել է մեկ հազարամյակ` այն դեպքում, երբ հենց ինքն է նշել, որ այնտեղ ամենավաղ գտածոները մ. թ. ա. 18-րդ դարի են: Եթե նա չպատասխանի այս հարցին, ապա մեզ այլ հետևություն չի մնա, քան այն, որ նա անհիմն և անհեթեթ եզրակացություն է կատարել:
Նույն նյութում ներկայացված է նաև հիշյալ ՊՈԱԿ-ի գիտնական- քարտուղարի նաև այն կարծիքը, թե «հիմա ամեն ինչ էքսկուրսավարների ու այցելուների երևակայությանն է թողնված» (իրականում բոլորովին էլ այդպես չէ, այդպես ներկայացնելն իրականության անխիղճ խեղաթյուրում է և գիտական փաստերի անտեսում),  և որ «Ոմանք այս տարածքը բաղնիքի, որոշներն՝ անգամ անասնագոմի են նմանեցնում»: Մեզ և ոչ միայն մեզ հայտնի չեն ոմանց, հատկապես էքսկուրսավարների կողմից նման նմանեցումներ, և եթե իրականում նույնիսկ կան նման անհիմն և անհեթեթ նմանեցումներ կատարողներ, ապա նրանք, ինչպես ասում են, իրենց գլուխները քարն են տվել, լրագրողին այդ նմանեցումները վկայակոչելը կամ այդ ախմախությունների մասին պատմելը, կարծում ենք, սազական, հարիր չէ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարին:
Քարահունջի քարերի վրայի անցքերից մեր վաղնջական նախնիները, մի շարք գիտնականների, հետազոտողների հավաստմամբ, աստղային երկինքն են դիտել, հատկապես հետևել Հայկի (Օրիոնի) համաստեղության ծագմանը և նշված համաստեղության վերևի աստղի (Կշիռք)՝ իր բարձրակետին հասնելուն, նաև Սիրիուսի ծագմանը: Անդրադառնալով նշված անցքերին, Աշոտ Փիլիպոսյանը մեկ այլ լրատվամիջոցի ասել է, թե քարերն այստեղ են տեղափոխվել 1 կմ հեռավորության վրա գտնվող քարհանքից, անցքերի միջով պարաններ են անցկացրել և այդպես քարշ տվել։ Մեր հաջորդ հարցը պրն Փիլիպոսյանին. եթե անցքերն իսկապես բացվել են դեռ քարհանքում, ոչ թե խնդրո առկա քարերի գտնվելու ներկայիս վայրում, ապա այդ դեպքում նա ինչպե՞ս է բացատրում այն փաստը, որ Քարահունջի քարերի մեծ մասի վրա անցքեր չկան, բազմատոննանոց այդ քարերն ինչպե՞ս են տեղափոխել և ինչո՞ւ պետք է մնացածներից այլ կերպ տեղափոխեին:
Մենք անձամբ եղել ենք Քարահունջում և տեսել, որ այդ անցքերի վերևի մասերում քարի շերտը շատ բարակ է: Եթե այդ անցքի միջով պարաններ անցկացնեին և թեկուզ 1 կիլոմետր հեռու գտնվող քարհանքից բազմատոննանոց քարը քարշ տային այդտեղ, ապա անցքի վերևի մասերում գտնվող քարի շերտը դժվար թե դիմանար ձգմանը, ծանրաբեռնվածությանը, հետևաբար պետք է փշրվեր, կոտրվեր: Այս հանգամանքը նկատել է նաև ու դրա մասին մեզանից ավելի վաղ գրել Գուրգեն Վարդանյանը.
«Որոշ հնագետներ գտնում են, որ անցքերը բացվել են` քարերը տեղափոխելու համար պարաններ կապելու եւ քաշելու նպատակով, ինչն անհնարին է, որովհետեւ անցքերն արված են քարերի վերին մասում, եւ եթե դրանցից քաշեին, անցքի մի մասը կջարդվեր:
Կան քարեր, որոնց անցքերը կիսատ են բացված, ինչը վկայում է, որ քարերը տեղափոխվել-տեղադրվել են, հետո միայն դրանց վրա անցքեր են բացվել:
Որոշ «հայ հանճարեղ» հնագետներ էլ կարծիք են հայտնել, որ այդ անցքերը ծառայել են ձիերի սանձերը կապելուն, ինչը բացարձակ անհեթեթություն է»:
Պրն Փիլիպոսյանն արդյոք ունի՞ բազալտե քարերի քաշի, բազալտի տվյալ տեսակի կամ հենց այդ քարերի ամրության, անցքերի վերևի մասում քարի շերտի հաստության կամ բարձրության, քարհանքից մինչև հուշարձանի գտնվելու վայր հեռավորության հաշվառմամբ կատարված գիտական հաշվարկներ, որոնք ապացուցում են, որ այդ քարերն անցքերի վերևի մասերից չէին կոտրվի: Դժվար թե…
Վերջերս հրավիրված մամուլի ասուլիսում պրն Փիլիպոսյանն ասել է, որ պեղումները հատկապես կարևոր է անել այն դամբարանում, որն առավել վիճահարույց է և ստացել է «Աստղադիտարան» հորջորջումը: «Աստղադիտարան» հորջորջո՞ւմը…  Եթե որևէ թուրք կամ ադրբեջանցի գիտնական ՀՀ-ում գտնվող այսպես արտահայտվեր, չէինք զարմանա, բայց ազգային արժեքները նսեմացնելու, արժեզրկելու փորձի այս ի՞նչ մարմաջ է…
Ավելին. թուրքերը մեր նախնիների ժառանգությանը տեր են կանգնում և աշխարհին ներկայացնում իբրև իրենցը, իսկ հայ կոչված որոշ գիտնականներ ինչպե՞ս են վարվում… Արևմտյան Հայաստանում կա մի հուշարձան, որը թուրքերն, առանց տատանվելու, սեփականել են ու կոչել թրքիշսթոուն:
Քարահունջի հետազոտող, մաթեմատիկոս, ՀՌՀ դոցենտ Վաչագան Վահրադյանի տեղեկացմամբ, թուրքերն այն աշխարհին ներկայացնում են իբրև թուրքական աստղագիտական ժառանգություն, նույնիսկ արդեն ցուցահանդեսներ են բացել և՛ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում, սակայն մեր դիվանագիտական կորպուսը, համապատասխան պետական այրերն այդ մասին չգիտեն, այդ պատճառով լռում են: Իսկ երբ իմացան, չլռեցի՞ն…
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարին հայտնի՞ է արդյոք, որ Քարահունջը ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի թիվ 1095-Ն որոշման մեջ նշված է որպես աստղադիտարան, և գիտակցո՞ւմ է արդյոք, որ ինքն իր այդ արտահայտությամբ («ստացել է «Աստղադիտարան» հորջորջումը») վիրավորել է ՀՀ կառավարությանը, այն ժամանակվա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և տվյալ որոշումը վավերացրած ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Թուրքական «Hurriyet» պարբերականի տեղեկացմամբ, Թուրքիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ՝  Հայկական լեռնաշխարհի «Գյոբեքլի թեփե» տաճարային համալիրը  համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու խնդրանքով: Իսկ ՀՀ կառավարությունը, մշակույթի կամ կրթության և գիտության նախարարությունն ի՞նչ են արել «Քարահունջ» քարե աստղադիտարանի առնչությամբ, դիմե՞լ են ՅՈՒՆԵՍԿՕ՝ այն համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում որպես քարե աստղադիտարան ընդգրկելու խնդրանքով: Իհարկե՛ ոչ: Այնուամենայնիվ, Քարահունջ մեգալիթյան համալիրը, ինչպես նշեցինք, արդեն ունի համաշխարհային ճանաչում՝ շնորհիվ անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանի և վերջինիս հրավերով 2015թ, Հայաստան այցելած Գրեմ Հենկոկի, ինչպես նաև վերջինիս գրքի հրատարակումից հետո «National Geographic» միջազգային գիտահանրամատչելի հեղինակավոր պարբերականի կողմից անցյալ տարի կատարված հրապարակման:
«Պրն. Փիլիպոսյանի խոսքով՝ թեև այդ քարերը ընդունված է կոչել աստղադիտարան, բայց իրենք ոչ խողովակն են գտել, ոչ գործիքները…»,- նշված է հիշյալ ասուլիսի վերաբերյալ հրապարակումներից մեկում:
Ի՞նչ խողովակ, ի՞նչ գործիք… Այս մարդն, ի՞նչ է, խելագարվե՞լ է, թե՞… Միշտ էլ գրվել է, որ Քարահունջը քարե աստղադիտարան է, մեր վաղնջական նախնիները քարերի վրա հատուկ բացված անցքերից են դիտարկել աստղերն ու համաստեղությունները, հետևել նրանց շարժին: Ո՞վ է հիշյալ ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարին ասել, թե մեր վաղնջական նախնիները Քարահունջի քարե աստղադիտարանից դիտումները կատարել են ինչ-որ խողովակով կամ, այնտեղ կանգնեցված հսկայական քարերից բացի, այլ գործիքներով, որ հիմա դրանք չգտնելու, դրանց բացակայության փաստից ելնելով, նա ի լուր աշխարհի հայտարարի, որ Քարահունջն աստղադիտարան չէ:
«Ըստ նրա՝ թեև ասվում է, որ այդ քարերը 7500 տարվա պատմություն ունեն, բայց իրենք տանելով երեք և ավել տարի այդտեղ ուսումնասիրություններ, եկել են այն եզրակացության, որ ամենահին իրը այդ տարածքից 4500 տարվա պատմություն ունի, հետևաբար այդ 3000 տարին բաց է մնում»,- նշված է նույն հրապարակման մեջ:
Նախ, «սուտ է, թե ամենահին իրը այդ տարածքից 4500 տարվա պատմություն ունի»: Իրեր են նաև Քարահունջ քարե աստղադիտարանի այն քարերը, որոնք, որպես գործիքներ, ծառայել են աստղային դիտումների համար: Այդ քարերի տարիքը կարող է 20, 30 հազար տարուց ավելին լինել, թե՛ Աշոտ Փիլիպոսյանը, թե՛ այն ՊՈԱԿ-ը, որտեղ նա աշխատում է, թե՛ Հայաստանից որևէ գիտահետազոտական կամ այլ կազմակերպություն այդ քարերի տարիքը չեն պարզել:
Երկրորդ. 3 կամ 4 տարին դեռ բավարար չէ, որպեսզի գտնվեն այն բոլոր իրերը, որոնք տվյալ վայրում միգուցե կան: Փաստն այն է, որ Քարահունջի մի հսկայական տարածք դեռ մնում է չպեղված (կարևոր է նաև, թե ինչ խորությամբ է պեղված…):
Երրորդ. հենց ինքը՝ Աշոտ Փիլիպոսյանն է ասել, որ «Առաջինում 30-ից ավելի դամբարաններ կան, որոնք թալանված են»: Դե եթե թալանված են, ինչպե՞ս կարող էին գտնել մեր վաղնջական նախնիների թողած բոլոր իրերը, չգտնելու դեպքում էլ դեռ զարմանալ ու հայտարարել, թե «այդ 3000 տարին բաց է մնում»:
Այո, Քարահունջի տարածքում նաև դամբարան կա, սակայն, ըստ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Զաքար Խոջաբաղյանի, այն դամբարան ներկայացնելը «նույնն է, որ Եկեղեցու կողքերին, ներսում և դրսում տապանաքարերը պեղողն հայտարարի, որ Եկեղեցին գերեզմանատուն է և ծիսական որևէ նշանակություն չունի...»:
Համեմատությունը, կարծում ենք, շատ տեղին է:
Քարահունջի տարիքի կապակցությամբ Գուրգեն Վարդանյանը գրել է. «Ակադեմիկոս Հերունին Քարահունջի տարիքը հաշվել է 4 իրարից անկախ աստղագիտական մեթոդներով`
1. արեւի եւ լուսնի ծագելու եւ մայր մտնելու ազիմուտների տեղաշարժով,
2. զենիթի կետով աստղերի անցնելով,
3. աստղերի ծագելու եւ մայր մտնելու ազիմուտով,
4. աստղերի կուլմինացիաների բարձրությունով:
Բոլոր մեթոդներով հաշվելու դեպքում էլ Պ. Հերունին ստացել է գրեթե նույն տարիքը` 7500 տարի մեզանից առաջ:
Քարահունջի տարիքը հաշվել է նաեւ Եվրասիական Աստղագիտական Միության նախագահ Ն. Գ. Բոչկարյովը, որը մասնակցել է 2001 թ.-ին ակադեմիկոս Հերունու կազմակերպած գիտարշավին: Ըստ պրոֆեսոր Բոչկարյովի հաշվարկների` Քարահունջը 7000-8000 տարեկան է:
1999 թ.-ի փետրվարին ակադեմիկոս Հերունին Քարահունջի վերաբերյալ իր բոլոր ուսումնասիրություններն ուղարկել է հնագույն մոնումենտների աստղագիտական մեթոդներեվ թվագրման խոշորագույն մասնագետ Ջ. Խ. Հոուկինսին: Պրոֆեսոր Հոուկինսը ստուգել է հայ ակադեմիկոսի կատարած հաշվարկները եւ համաձայնել Հերունու կատարած հաշվարկներին` շեշտելով, որ Քարահունջը շատ նմանություններ ունի Անգլիայի Սթոունհենջին եւ Իռլանդիայի Քալենիշին»:
Քարահունջի առնչությամբ Պարիս Հերունին իր գրքում գրել է, որ Քարահունջի ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Արգենտինայում:
Մեզ հետ զրույցում անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը պատմեց. «2014 թվականի հուլիսին Գրեմ Հենկոկն այցելելով Քարահունջ և հանգելով այն եզրակացության, որ տվյալ մեգալիթյան համալիրը հնագույն քարե աստղադիտարան է, հետագայում որպեսզի ճշտի իր տվյալ եզրահանգումը, 2015 թվականի օգոստոսի 11-ի լույս առավոտյան ժամը 4-ին կրկնեց ստուգայցը, աստղային դիտարկման նպատակով: Նրա արշավախումբը բազմազգ էր՝ Հայաստան այցելած աշխարհի տարբեր ծեգերից, իսկ նպատակը նույնն էր՝ դիտարկել Հայկ (Օրիոն) համաստեղության ծագումը տվյալ աշխարհագրական վայրում, և ամենակարևորը՝ սեփական աչքերով տեսնել Քարահունջի գլխավոր աստղային ցուցիչ 63-րդ քարի անցքից Հայկ համաստեղության ծագումը: Տվյալ քարի անցքից Հայկ համաստեղության ծագման դիտարկումը զարմացրեց և ցնցեց բոլորին: Այս ամենից հետո Գրեմ Հենկոկն ի լուր աշխարհի հայտարարեց, որ Քարահունջը հնագույն աստղադիտարան է: 2016 թվականին նրա հայտարարությանն արձագանքեց  «National Geographic» գիտահանրամատչելի հանդեսը, որը Քարահունջը դասակարգեց որպես հնագույն աստղադիտարան...»:
««National Geographic» հանդեսում այսպիսի հայտարարագիր տեղակայելու համար, նախ պետք է միջազգային որևէ հեղինակության հավաստագիրը ունենալ, ապա հազարավոր դոլարներ վճարել,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Վազգեն Գևորգյանը:- Մենք այս «Նվերը» ստացանք ի շնորհիվ՝ Գրեմ Հենկոկի անաչառ գնահատականի... Այսքանից հետո, նրանք, որվքեր հայտարարում են, որ Քարահունջը աստղադիտարան չէ, Հայաստանի տնտեսությանը միլիոնավոր դոլարների վնաս են հասցնում, սթափվե՛ք, հայեր...»:
Այո, Հայաստանի զբոսաշրջությանը վնաս պատճառելը նշանակում է վնաս պատճառել մեր երկրի տնտեսությանը:
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ ՀՀ մշակույթի նախարարությունը կամ նրա «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարությունն ո՞ւմ են վստահել ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղարի բարձր, կարևոր ու պատասխանատու պաշտոնը, պետությունը հարկատուներիս հաշվին այս ո՞ւմ է աշխատավարձ տալիս, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն այնտեղ պեղումներ իրականացնելու ծրագրի շրջանակում այս ո՞ւմ է վարձատրում…
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play