Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները հաղթանակներ են
տարել Արեւմտյան Բենգալիայի ռեգբիի առաջնությունում
20-10-2009 12:15:00 | Հնդկաստան | Սպորտ
ԿԱԼԿԱԹԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Ավարտվեց Կալկաթայի CC&FC նշանավոր սպորտային ակումբում անցկացվող
Արեւմտյան Բենգալիայի ռեգբիի առաջնության մրցաշրջանը: Մրցաշրջանի
տարբեր տարիքային մրցաշարերում իրենց ակտիվ մասնակցությունն էին
բերում նաեւ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաները, որոնք
դուրս եկան մրցաշրջանի 1-ին դիվիզիայի եզրափակիչ փուլ,
արձանագրելով բազում հաղթանակներ եւ նվաճելով թիմային ու անհատական
պարգեւներ ու գավաթներ:
Ինչպես տեղեկացնում են Կալկաթայի Հայոց մարդասիրական
ճեմարանից, տղաները հաղթանակ են տարել "GEORGIA D" 7 A SIDE RUGBY
TOURNAMENT" մրցաշարում` նվաճելով առաջատարի գավաթը: Նրանք նվաճել
են նաեւ "U-19, 7-A SIDE RUGBY TOURNAMENT"-ի առաջատարի գավաթը:
Անհատական պարգեւներ են ստացել թիմի ավագ Արմեն Մարգարյանը`
ճանաչվելով որպես "GEORGIA D" 7 A SIDE RUGBY TOURNAMENT" մրցաշարի
լավագույն խաղացող` Բենգալիայի ռեգբիի եւ ֆուտբոլի ֆեդերացիայի
(BRFU) կողմից արժանանալով «Արժեքավոր խաղացող» (THE MOST VALUABLE
PLAYER) հատուկ կոչման գավաթին: Գեղարդ Մարգարյանը մինչեւ 19
տարեկանների մրցաշարում (U-19, 7-A SIDE RUGBY SCHOOL TOURNAMENT)
ճանաչվեց որպես լավագույն խաղացող` նույնպես արժանանալով
«Արժեքավոր խաղացող» հատուկ գավաթին: