5-րդ անգամ հանձնվեցին ՀՀ նախագահի մրցանակներ ՏՏ ոլորտում<br /> աչքի ընկած ուսանողներին եւ աշակերտներին<br />


5-րդ անգամ հանձնվեցին ՀՀ նախագահի մրցանակներ ՏՏ ոլորտում
աչքի ընկած ուսանողներին եւ աշակերտներին

  • 29-09-2009 23:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 29-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի 30 լավագույն ուսնասողների եւ աշակերտների հանձնվեցին Հանրապետության նախագահի կրթական մրցանակներ: 2009թ.-ի մրցանակների արժանացան 23 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից, Եվրոպական տարածաշրջանային ուսումնական ակադեմիայից, եւս 7-ը տեխնիկական ուղղվածության կրթօջախներից: Այս տարի անվանակարգերի ցանկում ավելացվել է «Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգը, որով մրցանակների արժանացան ՀՊՃՀ-ի ուսանողուհի Վարթան Մարալ Գնունին (Իրաք) եւ ԵՊՀ-ի ուսանող Արադա Մալեկյանը (Իրան): «Սինոփսիս»-ի կորպորատիվ մարկետինգի եւ ստրատեգիական շուկաների զարգացման գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը նշեց, որ ՏՏ ոլորտում աչքի ընկած ուսանողները լինելու են Հայաստանի առաջընթացի իրական առաջնորդները: «Մենք պետք է Հայաստանում զարգացնենք հոյակապ ինժեներական ապագա եւ Հայաստանին կապենք մնացյալ աշխարհին Ինտերնետի եւ ՏՏ-ի միջոցով»,- ասաց նա: Կարեւորելով մրցանակաբաշխության անցկացումը, «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասաց. «Ըստ էության մենք ստեղծում ենք մեր ապագա տնտեսական, գիտակրթական, ինչու չէ նաեւ քաղաքական գենոֆոնդը»: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «ՀՀ բնական ռեսուրսը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Սփյուռքի մարդիկ են, որովհետեւ հայ ժողովուրդն է ամբողջությամբ հանդիսանում ազատ երկրի տերը, եւ ամբողջ հայ ժողովրդի գիտելիքները, փորձը, կարողությունը պետք օգտագործենք Հայաստանը զորացնելու, զարգացնելու եւ Հայաստանի առաջընթացը ապահովելու համար»: Լրագրողների հետ զրույցում ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը կարեւորեց պետության ուշադրությունը տեղեկատվական ոլորտի հանդեպ նախեւառաջ կրթական բնագավառում, քանի որ որակյալ մասնագետներն են ապահովելու տնտեսական այս կամ այն ճյուղի մրցակցային առավելությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն