Բանակից խուսափողն անկախ օրենքից՝ կգտնի ճանապարհ. Ուսանողների պնդմամբ ակադեմիական տարկետման կարգի փոփոխությունը կկործանի գիտությունը (տեսանյութ)


Բանակից խուսափողն անկախ օրենքից՝ կգտնի ճանապարհ. Ուսանողների պնդմամբ ակադեմիական տարկետման կարգի փոփոխությունը կկործանի գիտությունը (տեսանյութ)

  • 01-11-2017 16:10:30   | Հայաստան  |  Հասարակություն



 
Բանակից խուսափողն անկախ օրենքից՝ կգտնի ճանապարհ, ուստի ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունը չի կարող սոցիալական հավասարություն ապահովել: Նման կարծիք նոյեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները: 
 
Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն ՊՆ-ի հետ պայմանագիր կնքող ուսանողներին։  
 
«Հանուն գիտության զարգաման» նախաձեռնության անդամ Սևակ Գրիգորյանի կարծիքով՝ վերոնշյալ փոփոխությունները կարող են կործանարար լինել գիտության համար:
 
«Մեր երկրում գիտությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Մինչ օրս գիտության համար տրամադրվող պետական ֆինանսական միջոցները գնալով կրճատվում են, իսկ այս փոփոխություններով քայլ է արվում գիտությունը վերջնականապես հասարակությունից կտրելու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ երկու շաբաթ առաջ սկսած իրենց շարժմանն արդեն իսկ միացել են բազմաթիվ ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից: 
Նրա փոխանցմամբ՝ իրենց կողմից իրականացված ակցիաների ու ստորագրահավաքների արդյունքում վերոնշյալ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը դրվել է հանրային քննարկման, մինչդեռ դրանից առաջ ամեն ինչ արվում էր փակ կերպով: 
 
«Հանուն գիտության զարգաման» նախաձեռնության մեկ այլ անդամ Վահան Կոստանյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնության անունից բաց նամակներ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց մտահոգությունների մասին: 
«Այն, որ մեզ հետ համակարծիք են բուհերի պրոֆեսորադասախոսական կազմը և կրթական համակարգի այլ շահառուները, քննարկել նույնիսկ չի կարելի, այլ հարց է, թե որքանով են նրանք այս մասին բարձրաձայնում: Ուստի մենք նրանց ևս կոչ ենք անում չխուսափել հրապարակայնորեն արտահայտել իրենց դժգոհությունների մասին»,- նկատեց նա: 
 
«Հանուն գիտության զարգաման» նախաձեռնության անդամ Հայկ Զաքարյանն էլ ընդգծեց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի
կարգավիճակի մասին» օրենքում վերոնշյալ փոփոխությունների դեպքում առաջիկա երկու երեք տարիների ընթացքում բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում ոչ ասպիրանտներ կլինեն, ոչ էլ մագիստրոսներ, իսկ բակալավրիատի ուսանողների քանակը կտրուկ կնվազի: 
 
«Մարդիկ պետք է հասկանան, որ այս օրենքը շատ ավերացուցիչ է: Նախ յուրաքանչյուր գիտնական լինի Հայաստանում, թե աշխարհի այլ երկրում, ձգտում է սեփական լաբորատորիայում ունենալ երիտասարդ գիտաշխատողներ, քանի որ հիմնական աշխատանքը հենց նրանք են անում: Եթե օրենքի այս փոփոխությունն ընդունվեց, ապա մագիստրատուրան ավարտածները միանգամից գնալու են բանակ՝ մենակ թողնելով իրենց թիմի ավագ գիտնականին, ով միայնակ ոչինչ չի կարողանա անել»,- նշեց նախաձեռնության անդամը՝ շեշտելով, որ այդպիսով գիտությանը զրկում են իր միակ մարդկային ռեսուրսից: 
 
«Հանուն գիտության զարգաման» նախաձեռնության անդամները ցանկություն ունեն հանդիպել ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև հրապարակային հանդիպումներ են ակնկալում ԿԳՆ և ՊՆ  ներկայացուցիչների հետ: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն