Երևանում մեկնարկեց Հայաստան-Իրան բիզնես ֆորումը՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին


Երևանում մեկնարկեց Հայաստան-Իրան բիզնես ֆորումը՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

  • 28-11-2017 12:27:20   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Իրանի Իսլամական հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Երևանում մեկնարկեց Հայաստան-Իրան բիզնես ֆորումը՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։ 
 
Համաժողովին մասնակցում են շուրջ 150 գործարարներ, որոնցից 20-ը Հայաստանում գործունեություն ծավալող իրանցի գործարարներ են, մոտ 80-ը՝ հայ, իսկ  50-ը՝ իրանցի տնտեսվարողներ։ 
 
Երկու երկրների գործարարները զբաղվում են սննդամթերքի վերամշակմամբ, տեխնոլոգիաների արտադրությամբ և առևտրով։ 
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքերով՝ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և կառավարության ուշադրության ներքո։ 
 
«Կարծում եմ այս համաժողովը նույնպես միտված է երկու երկրների գործարարների և մասնավոր հատվածի միջև նոր կապերի հաստատմանը, եղած կապերի զարգացմանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն օտարերկրյա ներդրումները խթանելու համար իրականացնում է բաց դռների քաղաքականություն։ 
Է․ Տարասյանը փաստեց, որ իրանցի գործարարները գործունեություն ծավալելով Հայաստանում,  կարող են օգտվել մի շարք այլ երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Եվրամիության հետ Հայաստանի ունեցած արտոնյալ առևտրային ռեժիմներից։ 
 
Փոխնախարարի խոսքերով՝ իրանցի գործարարների համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում նաև օրերս Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը։ 
 
«Ավարտական փուլում են գտնվում ԵԱՏՄ-ի  և ԻԻՀ-ի միջև բանակցությունները, ինչպես նաև Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, որոնք նույնպես լրացուցիչ երկուստեք փոխշահավետ, նոր որակի համագործակցություն սկսելու  հնարավորություններ են բացում»,- նշեց Է․ Տարասյանը՝ նկատելով, որ Հայաստանի և ԻԻՀ-ի միջև սերտ հարաբերություններ պետք է լինեն ոչ միայն առևտրատնտեսական, այլև տեխնոլոգիաների զարգացման ոլորտում։ 
 
Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի Իրան կատարած այցի շրջանակներում նանոտեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։   
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»     
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play