Արդարադատության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին


Արդարադատության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

  • 30-11-2017 19:57:03   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին՝ ՄԻԳՀԳ տեղային գործունեության և տեխնիկական համագործակցության վարչության տնօրեն Ժորժետ Գանյոնի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում են եղել ՄԻԳՀԳ Ամերիկաների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի ղեկավար Խոսե Մարի Արանազը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Հուլան Ցեդևն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի աշխատակից Դրագան Լալոշևիչը: 
Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը Հայաստան կատարած այցի համար և նշել, որ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով պայմանավորված ՀՀ օրենսդրության ոլորտում  ներկայում կարևոր գործընթացներ են իրականացվում՝ կիսանախագահական կառավարման ձևից դեպի խորհրդարանական կառավարում անցումը սահուն կազմակերպելու նպատակով: 
Հանդիպման ընթացքում նախարարը ՄԻԳՀԳ ներկայացուցիչների հետ  անդրադարձել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ մշակված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին: Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ գործողությունների ծրագրի իրականացման փորձառությունը հաշվի առնելով՝ նոր ծրագրով ստեղծվել է նաև համակարգող մարմին, որը մշտադիտարկում է պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքով ստեղծված պետական մարմինների կողմից Ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքը: Այս համատեքստում նախարարն առանձնացրել է 2017 թվականի դեկտեմբերին սպասվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային քննարկումը, որի ընթացքում կքննարկվի Գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ հարցերի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play