Տիգրան Դավթյան. Տարվա վերջին կունենանք ավելի<br /> քիչ տնտեսական անկում<br />


Տիգրան Դավթյան. Տարվա վերջին կունենանք ավելի
քիչ տնտեսական անկում

  • 28-08-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գնահատմամբ, կանխատեսելի էին Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները, որոնց համաձայն 2009 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է 18,5 տոկոս տնտեսական անկում: «Մենք կանխատեսում ենք, որ սկսած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից ցուցանիշը կսկսի բարելավվել եւ մենք տարվա վերջին կունենանք շոշափելիորեն ավելի քիչ անկում», - օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Դավթյանը: Ըստ նրա, տնտեսությունում նկատվում են կայունացման միտումներ եւ այդ ցուցանիշը ավելի բարվոք կլինի` անգամ 18.5 տոկոսից ավելի լավ արդյունք: «Կանխատեսումներ կան, որ դա կարող է տատանվել 10-15 տոկոսի շրջանակներում: Բացի դրանից մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարվանից կսկսվի հետզհետե տնտեսության վերականգնումը եւ մենք կանխատեսում ենք 1-1.5 տոկոս տնտեսական աճ 2010 թվականին: Տիգրան Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական վարկի միջոցներից արդեն շուրջ 38,6 միլիարդ դրամ (շուրջ 102,6 միլիոն դոլար) ներդրվել է: Ըստ նրա, Ռուսաստանը 2009թ.-ի հունիսի 12-ին մեկ տրանշով ՀՀ կենտրոնական բանկի հաշվին է փոխանցել 500 միլիոն դոլարի կայունացման վարկ, որը տրամադրված է LIBOR +3 տոկոս արտոնյալ տոկոսադրույքով` ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու համար: Ըստ նախարարի, ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել այդ վարկային միջոցների զգալի մասը ուղղել իրական տնտեսություն` իսկ դրամային համարժեքությամբ ընդհանուր փաթեթը կազմում է շուրջ 185 միլիարդ դրամ (շուրջ 492 միլիոն դոլար): «Արդեն որոշում է ընդունվել այդ գումարից 120 միլիարդ դրամը (շուրջ 319,1 միլիոն դոլար) հատկացնել տնտեսության խթանմանն ու զարգացմանը, իսկ շուրջ 38,6 միլիարդ դրամը (մոտավորապես 102,6 միլիոն դոլար) արդեն ներդրվել է տնտեսության մեջ», - պարզաբանեց նա:
Նոյյան տապան  -   Տնտեսություն