Կոմիտասի զբոսայգում քաղաքացին դանակահարել է ոստիկանի. ՀՔԿ


Կոմիտասի զբոսայգում քաղաքացին դանակահարել է ոստիկանի. ՀՔԿ

  • 21-12-2017 18:14:03   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան 6 ամիս քննված քրեական գործը, որի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Թ. Խշոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Մ. Եղիկյանին և ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Բերբերյանին` վերջիններիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:
 
Դեպքի առթիվ 06.06.2017թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Թ. Խշոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
 
Նախաքննության ընթացքում մեղադրյալ Թ. Խշոյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ 5-6 անձինք իրեն ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ որոշակի տվյալներ նախաքննության ընթացքում չի հայտնել, սակայն միջադեպից շուրջ 6 ամիս անց` 04.12.2017թ.-ին, ցուցմունք է տվել, որ իրեն ծեծի ենթարկած անձանց թվում եղել է ոստիկանության աշխատակից Է. Բերբերյանը:
 
Թ. Խշոյանին ծեծի ենթարկելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքերի առթիվ 07.12.2017թ.-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 117-րդ հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործին և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play