Այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ և հակառակ ուղղությամբ (տեսանյութ)


Այսուհետ յուրաքանչյուր չորեքշաբթի կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ և հակառակ ուղղությամբ (տեսանյութ)

  • 27-12-2017 22:18:49   | Հայաստան  |  Հասարակություն



 
Այսօր պաշտոնապես մեկնարկեցին Աշխաբադ-Երևան-Ֆրակնֆուրտ և հակառակ ուղղությամբ միջազգային կանոնավոր չվերթները: 
 
«Թուրքմենական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Երևանի ժամանակով 13:30-ին: 
 
Աշխաբադ-Երևան ուղիղ չվերթով, բացի 96 ուղևորներից, Հայաստան ժամանեց Թուրքմենհովայոլլարիի  ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությունը, որին ավանդույթի համաձայն դիմավորեցին աղ ու հացով: 
 
«Սա շատ սպասված չվերթ էր, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Շատ վաղուց մեր երկրների միջև հարաբերությունները եղբայրական ու բարեկամական են, և Աստված տա, որպեսզի այս չվերթները երկարատև լինեն»,- նշեց Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը: 
 
Իր հերթին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը նշեց, որ ցանկացած նոր թռիչք դեպի Հայաստան միանշանակ դրական երևույթ է: 
 
«Աշխաբադ-Երևան թռիչքն ինքնին եղել է շատ պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված, և վերջապես թռիչքն իրականություն դարձավ: Սա կանոնավոր չվերթ է, որն այս պահին իրականացվելու է ամեն չորեքշաբթի՝ շաբաթական մեկ անգամ»,- փաստեց Ս. Ավետիսյանը: 
 
Նշենք, որ Աշխաբադից Երևան ժամանած օդանավը թռիչքը կշարունակի դեպի երրորդ երկիր՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը՝ «Նոյյան Տապան» 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն