Արայիկ Խանդոյանը վիրահատությունից հետո երիկամի ցավեր ունի.ՄԻՊ


Արայիկ Խանդոյանը վիրահատությունից հետո երիկամի ցավեր ունի.ՄԻՊ

  • 19-01-2018 11:25:48   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հունվարի 18-ին «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ:
 
ՄԻՊ-ից հայտնում են, որ այցերի ընթացքում ստուգվել են նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:
 
Սմբատ Բարսեղյանը հացադուլից դուրս գալուց հետո սնունդ ընդունում է նշանակված համապատասխան սննդակարգով, որը ստուգվել է նաեւ Պաշտպանի աշխատակազմի մասնագետի կողմից: Նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում, ինքնազգացողությունը բավարար է:
 
Արայիկ Խանդոյանի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ վիրահատությունից հետո ունենում է որոշակի ցավեր երիկամների շրջանում, սակայն ստանում է ցավազրկող դեղամիջոցներ: Ա.Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում:
 
Հովհաննես Հարությունյանը եւս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում: Նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, առողջական վիճակն ու պահման պայմանները նույնպես ստուգվել են:
 
Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ստանում է վերականգնողական բուժում: Նրա նկատմամբ շարունակվում են իրականացվել լաբորատոր-գործիքային հետազոտություններ, ինքնազգացողությունը բավարար է:
 
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցի շրջանակներում նշված քրեակատարողական հիմնարկներում առանձնազրույցներ են ունեցել Պաշտպանին դիմում հասցեագրած ազատությունից զրկված այլ անձանց հետ, ստուգել նրանց պահման պայմաններն ու փաստաթղթերը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play