Պետական կառույցների անտարբերությունը ստիպում է զոհված կամ վիրավոր զինծառայողների ծնողներին թակել ՀԿ-ների դռները (տեսագրություն)


Պետական կառույցների անտարբերությունը ստիպում է զոհված կամ վիրավոր զինծառայողների ծնողներին թակել ՀԿ-ների դռները (տեսագրություն)

  • 26-01-2018 16:32:43   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետական կառույցների անտարբերությունը ստիպում է զոհված կամ վիրավոր զինծառայողների ծնողներին թակել հասարակական կազմակերպությունների դռները: 
 
Ինչպես հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ նշեց «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանը, հատկապես ապրիլյան պատերազմից հետո զոհված կամ վիրավոր զինծառայողներ ունեցող ընտանիքները վիրավորված են և իրենց պետության կողմից արհամարված են զգում: 
 
Ըստ նրա՝ նորաստեղծ «Զինվոր» հիմնադրամը մեծ վրդովմունք է առաջացրել շատ ծնողների մոտ, քանի որ նրանցից էլ են գումարներ հավաքում մեկ ուրիշ զոհված կամ վիրավորված զինծառայողի ընտանիքին օգնելու համար: 
 
«Ժողովուրդը միշտ կանգնած է և խոնհար է բոլոր զոհվածների ընտանիքների առաջ: Այսօր այդ գումարները հավաքվում են ժողովրդի գրպանից, ուստի ժողովուրդն ուզում է, որ այդ գումարը հավասարապես բոլոր զոհվածների տները մտնի, ոչ թե միայն 2017 թվականի, այն էլ հունվարի 28-ից հետո զոհվածների ընտանիքներին տրվի: Բա այն մայրերն ինչ ասեն, որ իրենց տղաները զոհվել են հունվարի 28-ից օրեր առաջ»,- նշեց Մ. Ստեփանյանը՝ ընդգծելով, որ բոլոր զոհված կամ վիրավոր զինծառայողների ծնողները զրկվել են առողջությունից:
 
Նրա խոսքերով՝ պատկան մարմինները պետք է գիտակցեն մեկ բան, որ եթե ծնողներին ողջ ու առողջ չեն վերադարձնում երեխաներին, ապա գոնե համապատասխան նյութական և բարոյական աջակցություն բերեն նրանց, որպեսզի որդեկորույս ընտանիքները մի փոքր մխիթարվեն: 
 
Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբրահամյանի հոր՝ Աբրահամ Աբրահամյանի պնդմամբ՝ արդեն երկու տարի է, ինչ որդուն կորցրել է, սակայն որևէ մեկ պաշտոնյա երբևէ իր դուռը չի բացել՝ հարցնելու, թե ինչպես են ապրում Ռոբերտի ծնողները, այրիացած կինն ու որբ մնացած որդին: 
 
«Ոչ նախարարությունից, ոչ էլ քաղաքապետարանից (նկատի ունի անձնակազմի փոփոխությունից հետո) մեր դուռը չեն բացել իմանան՝ ողջ ենք, թե մեռած: Մի անգամ Նոր տարուն աղմուկ բարձրացրին, թե նախարարությունից մարդիկ են գալու տանը եղեք, էն էլ եկան մի հատ բամբաներկայով, թող էդ բամբաներկան իրենց պահեին»,- նշեց Ա. Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ բնակարանի հարցերով դիմել է սոցապ նախարարություն, բայց ստացել է «Բավարարվեք նրանով, որ հերոսի հայր եք» պատասխանը: 
 
Որդեկորույս հոր խոսքերով՝ պետական կառույցները դարձել են անհասանելի շատ ու շատ ծնողների համար, ուստի այսօր իրենք ընդամենը խնդրում են հանդիպումներ նշանակել ծնողների հետ և լսել նրանց բարձրաձայնած խնդիրների մասին: 
 
Իր հերթին ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը խնդրեց պատկան մարմիններին մի փոքր էլ ուշադրություն դարձնել կին ազատամարտիկներին, որոնց թիվն օրեցօր նվազում է: 
 
«Մի քանի տարի առաջ ՊՆ բուժվարչությունը տարվա մեջ ուղեգիր էր տալիս կին ազատամարտիկներին, որպեսզի վերջիններս պառկեին «Կարմիր խաչի» հիվանդանոցում և բուժվեին, արդեն 2-3 տարի է, ինչ նման պայմանագիր այլևս չի կնքվում «Կարմիր խաչի» հետ: Չնայած, որ ՊՆ-ն ունի նմանատիպ «Լեռնային Ղարաբաղ» առողջարանը, որտեղ վիրավորներին չեն ուղարկում»: 
 
Ապրիլյան պատերազմում զոհվածների մասին ֆիլմեր նկարահանող լրագրող Հռիփսիմե Բասենցյանի խոսքերով՝ Ազգ-բանակ գաղափարի շրջանակներում համախմբվածություն պետք է լինի ամեն օր, ոչ թե լինեն ծայրահեղ իրավիճակներ, նոր համախմբվեն մարդիկ: 
 
«Ամեն օր մեկի տան լույսը մարում է, մենք պարտք ենք ու պարտավոր ենք հիշելու ու աջակցելու զոհվածների ընտանիքներին: Կցանկանայի բոլոր զոհվածների մասին էլ ֆիլմ նկարահանել, սակայն դա կախված է հովանավոր գտնելուց: Եթե ծնողները գտնում են հովանավոր և պատվիրում են ֆիլմ նկարահանել, ապա նկարահանում ենք, ցավոք սրտի անվճար ֆիլմեր նկարահանել չի լինում»,- նշեց նա:  
 
Հավելենք, որ հունվարի 28-ին «Ռիո մոլի» տարածքում մեծ տոնակատարություն է լինելու Հայոց բանակի օրվա կապակցությամբ: Հրավիրված են բոլորը: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն