Բերդի ոստիկանապետը և տեղակալը ստիպել են Գրիգոր Մաթևոսյանին մեղքն իր վրա վերցնել. ճնշումների է ենթարկվել նաև գործով վկան (տեսանյութ)


Բերդի ոստիկանապետը և տեղակալը ստիպել են Գրիգոր Մաթևոսյանին մեղքն իր վրա վերցնել. ճնշումների է ենթարկվել նաև գործով վկան (տեսանյութ)

  • 12-02-2018 17:39:36   | Հայաստան  |  Իրավունք



 
Նախորդ տարի Բերդ քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող Գրիգոր Մաթևոսյանի դեմ վկան ցուցմունք տվել է տեղի ոստկանապետի սպառնալիքի ներքո, իսկ դատախազն անգործություն դրսևորել: 
 
Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բերդի 26-ամյա բնակիչ Գրիգոր Մաթևոսյանի պաշտպան, «Լեվ Գրուպի» գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանը: 
 
Ըստ նրա՝ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մինչդեռ կոնկրետ ապացույցներ չկան: 
 
«Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի մարտ 19-ին: Այդ օրը Գ. Մաթևոսյանի ավտոմեքենան խափանվում է Բերդ քաղաքում և նա գնում է համապատասխան մասնգետի հետևից: Այդ ընթացքում նրան զանգահարում են և ասում, որ իր մեքենան այրվում է: Բնականաբար, նա անմիջապես հետ է գալիս և տեսնում, որ իրոք մեքենան այրվում է, իսկ կողքը բենզինով շիշ է գտնում: Քանի որ Բերդ քաղաքը փոքր է, նա արագ ճշտում է, թե որ բենզալցակայանից ովքեր են շիշը վերցել»,- մանրամասնեց Լ. Բաղդասարյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում Գրիգորը երկու տարբերակ ուներ. Կամ առանց վկաների գնալ և հաշվեհարդար տեսնել, կամ արարքի պատճառները հասկանալու համար հրավիրել ընկերների որոշակի խմբի, ովքեր ճանաչում էին կողմերին: 
 
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գ. Մաթևոսյանն ընտրում է երկրորդ տարբերակը, հավաքում է ընկերներին ու գնում են հակառակ կողմի հետ հաշիվները պարզելու, արդյունքում վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ մեկ հոգի վիրավորվում է, մյուսը՝ ստացած վնասվածքներից մահանում: 
 
«Եթե պայմանական վերցնենք, որ Գրիգորն էր դանակահարել, ապա նա փախուստի կդիմեր, ուրիշ գործողություններ կիրականացներ, բայց ինչ է անում Գրիգորը. Նա դեպքից անմիջապես հետո սկսում է գործ անել մեքենայի վրա, որպեսզի կարողանա տուն գնալ: Նրան ոստիկաններն ինչ-որ տեղից չեն բռնել տարել, այլ եկել են դեպքի վայր և այսպես ասած հրավիրել ոստիկանություն, որտեղ նրան առաջարկել են հետևյալ ֆորմատը. Քանի որ վեճի պատճառը դու ես եղել, պետք է ընդունես, որ դու ես մեղավոր կամ մենք մեր անելիքը գիտենք»,- ընդգծեց Լ. Բաղդասարյանը՝ շեշտելով, որ մինչև մեքենան վերանորոգելը, Գրիգորը շտապ օգնություն է կանչում և սեփական շապիկը պատռելով՝ վիրակապում տուժածի վերքերը: 
 
Վերջինիս խոսքերով՝ քրեական գործի նյութերում նախաքննության փուլում առկա է տուժողի ցուցմունքն այն մասին, որ իրեն դանակով հարվածել է Գրիգորը, իսկ դատաքննության փուլում նույն տուժողը ներկայանում է դատարան, խնդրում ապահովել իր անվտանգությունը և պաշտոնապես հայտարարում, որ Բերդ քաղաքի ոստիկանությունն իր առջև խնդիր է դրել առ այն, որ կամ պետք է դատվի վեճին մասնակցություն ունենալու համար կամ մեղադրի Գ. Մաթևոսյանին: 
 
Նման հայտարարության դեպքում փաստաբանի պնդմամբ՝ դատավարությանը ներկա դատախազն անմիջապես գործը պետք է ուղարկի համապատասխան պետական լիազոր մարմին, որպեսզի տեսնեն վկայի ասածներում հանցակազմ կա թե ոչ, կամ որքանով են դրանք ճշմարտացի, մինչդեռ դատախազությունն անգործություն է դրսևորում: 
 
Լ. Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նշյալ գործի շրջանակներում երկու վկա գտնվում է Հայաստանից դուրս և նրանցից մեկն ասել է, թե Գրիգորին այդ օրը երեկոյան ժամը 9-ին տեսել է դանակը ձեռքին: 
 
Փաստաբան Թադևոս Ալեքսանյանն էլ իր հերթին նշեց, որ  ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ մահացածը դանակի երկու հարված է ստացել, ինչը նշանակում է, որ երկու հոգի են հարվածը հասցրել: 
«Գրիգորը հարվածելու հնարավորություն չի ունեցել, որովհետև մինչ այդ պահը մահացողը՝ Գագոն, դանակով հարվածել է մեկ ուրիշին, ով Գրիգորի ընկերն է եղել, և Գրիգորը շտապել է օգնել ընկերոջը, վիրակապել նրա ձեռքը: Այդ ժամանակ կռիվը դեռ շարունակվել է, իսկ Գագոն դեռևս մահացած չի եղել, այսինքն՝ նրան այդ պահից հետո են դանակով հարվածել, մինչդեռ վարույթ իրականանցնող մարմինն ուղղակի վարկած է ընդունել, որ վեճը սկսվել է Գրիգորի պատճառով, ուրեմն նա է մեղավոր, ինչը բացարձակապես աբսուրդ է. ապացույցներ չկան»,- նշեց նա: 
 
Թ. Ալեքսանյանի փոխանցմամբ՝ Գրիգոր Մաթևոսյանը պնդում է, որ Բերդի ոստիկանապետն ու նրա տեղակալը ստիպել են իրեն մեղքն իր վրա վերցնել: 
 
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են տեղի իրավապահ մարմինները թիրախավորել հենց Գ. Մաթևոսյանին, արդյո՞ք դրա համար կան շարժառիթներ, փաստաբանը նշեց, որ իր տեղեկություններով նա նախկինում երկու անգամ դատված է եղել, ընդ որում մեկ դեպքում պաշտպանել է քրոջ արժանապատվությունը՝ հարվածելով վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տված անձին: 
Իսկ Գ. Մաթևոսյանի հայրը, ով ներկա էր ասուլիսին, տեղեկացրեց, որ տղան չորս անգամ դատված է եղել: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play