Ստուգումների ենթարկված 1001 տնտեսվարող սուբյեկտներից միայն<br /> 62-ում խախտումներ չեն հայտնաբերվել<br />


Ստուգումների ենթարկված 1001 տնտեսվարող սուբյեկտներից միայն
62-ում խախտումներ չեն հայտնաբերվել

  • 27-07-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունը հունվարից մինչեւ մայիսի 7-ը ներառյալ ստուգումներ է իրականացրել Երեւանի եւ հանրապետության մարզերի 1001 տնտեսվարող սուբյեկտներում, այդ թվում 673-ը` խանութներում, 224-ը` հանրային սննդի օբյեկտներում (ռեստորան, սրճարան եւ այլն), 104-ը` տարբեր արտադրամասերում: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց տեսչության Իրավական ապահովման եւ տեղեկատվության բաժնի պետ Սուսաննա Մինասյանը, ստուգումների ենթարկված 1001 տնտեսվարող սուբյեկտներից միայն 62-ում խախտումներ չեն հայտնաբերվել: Իսկ մնացած 927 տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 47 մլն դրամ: Ս.Մինասյանը նշեց, որ մայիսի 7-ից հետո տեսչությունը դադարեցրել է ստուգումները` կապված ՀՀ կառավարության որոշման հետ, ըստ որի 2009-2010թթ.-ին ստուգումներ իրականացնելու իրավասություն ունեցող պետական մարմինները պետք է դադարեցնեն ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում: Ըստ նրա, կառավարության նշված որոշումից հետո վարչապետի գրավոր թույլտվությամբ ստուգումներ են իրականացվել միայն 3 տնտեսվարող սուբյեկտներում` «Մուշ», «Բյուրակն» եւ «Վիվա Կարապետյաններ» ՍՊԸ-ներում, որտեղ մասնավորապես արձանագրվել է առանց փորձաքննության կենդանական ծագման մթերքների առկայություն, տեխնոլոգիաների հրահանգների, ռեժիմների, սերտիֆիկատների բացակայություն: Ս.Մինասյանը նշեց, որ այդ ստուգումների արդյունքում տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: «Մուշ» եւ «Բյուրակն» ընկերությունները տուգանվել են 300 հազարական դրամով, իսկ «Վիվա Կարապետյաններ» ընկերությունը` 200 հազար դրամով (մոտ 650 ԱՄՆ դոլար):
Նոյյան տապան  -   Տնտեսություն