Աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր խնամքի տակ ևս չորս երեխա կա․ՀՔԿ


Աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր խնամքի տակ ևս չորս երեխա կա․ՀՔԿ

  • 27-02-2018 13:03:14   | Արմավիրի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը:
 
Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ , ապա՝ շենքի բակում գտնվող աղբամանը:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:
 
Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play