Հայ-իրանական համագործակցու թյան առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում


Հայ-իրանական համագործակցու թյան առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում

  • 27-02-2018 13:47:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայ-իրանական համագործակցության առկա ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում. Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի հասցնելու համար հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովն ունի իր առանձնահատուկ առաքելությունը: 
 
Այս մասին Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
 
Ըստ նրա՝ նախորդ տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց և իրատեսական են եղել, որոնց իրականացման համար ամենօրյա հետևողական աշխատանք է պահանջվել: 
 
«Այսօր չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին՝ կարելի է հստակ հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»,- նկատեց նախարարը: 
 
Վերջինս անդրադառնալով հայ-իրանական քաղաքական հարաբերություններին՝ ընդգծեց, որ դրանք բարձր մակրադակի վրա են, իսկ այդ մասին վկայում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք նոր լիցք են հաղորդում առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: 
 
Ա. Մանուկյանը կարևորեց Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, որը հնարավորություն կտա ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրերը: 
 
Նրա փոխանցմամբ՝ նոր գծի կառուցումն էլեկտրաէներգիայի փոխանակման թողունակությունը կհասցնի ավելի քան 1350 ՄՎտ-ի, միանգամից երեք անգամ ավելացնելով «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի հնարավորությունը:  
 
Նախարարի խոսքերով՝ 2017 թվականին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում մեծապես կարևորվել է ինչպես «Մեղրի» ՀԷԿ-ի ծրագրի իրականացումը, այնպես էլ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցման ուղղությամբ իրանական կողմի հնարավոր մասնակցությունը: 
 
«Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ մեր կառավարությունը նախաձեռնել է Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը՝ անդրադառնալով Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններին: Նախորդ տարի Իրանի շուրջ ձևավորված բարենպաստ պայմանների շնորհիվ որոշակի ակտիվություն նկատվեց նաև տնտեսական հարաբերություններում. Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 262 մլն դոլար 2016 թվականի 239 մլն դոլարի փոխարեն»,- փաստեց Ա. Մանուկյանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play