Տորոնտոյում անցկացվող հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին մասնակցում է նաև Հայաստանը


Տորոնտոյում անցկացվող հանքարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն հավաքին մասնակցում է նաև Հայաստանը

  • 05-03-2018 20:05:42   | Կանադա  |  Տնտեսություն

  
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 4-7-ը  մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC):
 
Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, և ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքն ունենում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների և մասնավոր ընկերությունների ավելի քան 25 հազար ներկայացուցիչներ՝ աշխարհի 125 երկրից։  
Ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս  համաշխարհային հանքարդյունաբերական համայնքին ծանոթանալ ոլորտի նորամուծություններին և գիտական նվաճումներին, քննարկել զարգացման հեռանկարները, ինչպես նաև դիտարկել հնարավոր մարտահրավերներն ու առաջադրել լուծումներ:
PDAC-ն համարվում է  հանքարդյունաբերության  զարգացման  ժամանակակից միտումների և ներդրումային հնարավորությունների բացահայտման հարթակ, որտեղ նաև կառավարությունները ներկայացնում են իրենց երկրների ներուժը: 
    Վարդան Գևորգյանը  մասնակցել է  նաև կոնֆերանսի շրջանակում անցկացվող կառավարությունների ներկայացուցիչների կլոր սեղաններից մեկին, որտեղ իրենց երկրների փորձն են ներկայացրել նաև Սերբիայի և Բուլղարիայի կառավարությունների ներկայացուցիչները:  Նախարարի  տեղակալ Գևորգյանը ներկայացրել է  վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումները: Այդ համատեքստում  մասնավորապես կարևորվել է երկրաբանական ֆոնդի տեղեկատվության թվայնացումը: Անդրադարձ է եղել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության անդամակցությանը: 
Տորոնտոյի  ամենամյա հավաքին մշտապես մասնակցում են նաև հանքարդյունաբերական ոլորտի հայաստանյան ընկերությունները։ Հայաստանից ներկայացված է Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող Լիդիան ինթըրնեյշնլը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագիրն իրականացնողն է։
 
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
Հեռ՝.+374 (0)11 52-88-48, Էլ. փոստ՝ information@minenergy.am 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play