Տաք ձմեռը և արտագաղթը հարվածել են տոնավաճառների առևտրականների աշխատանքին (տեսանյութ)


Տաք ձմեռը և արտագաղթը հարվածել են տոնավաճառների առևտրականների աշխատանքին (տեսանյութ)

  • 12-03-2018 17:11:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Տաք ձմեռը և արտագաղթը հարվածել են տոնավաճառների առևտրականների աշխատանքին: 
 
Ինչպես մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահ Գագիկ Դանիելյանը, ձմեռային ապրանք ներկրած առևտրականները կարողացել են վաճառել ընդամենը 30 տոկոսը: 
 
Նրա խոսքերով՝ գաղտնիք չէ, որ առևտուրը մեծապես կախված է բնակչության թվից, իսկ Հայաստանից արտագաղթը շարունակվում է: 
 
«Առևտուրը վատացել է նաև այն պատճառով, որ ներկրվող երկրից ապրանքները թանկ են գալիս, օրինակ՝ Թուրքիայից: Տոնական օրերին մենք էլ մեծ ակնկալիք ունեինք, որ մարդիկ միմյանց համար նվերներ կգնեն, բայց դա չարդարացավ, պլյուս տաղավարների վարձակալության խնդիրը»,- նշեց Գ. Դանիելյանը՝ կոչ անելով տոնավաճառների սեփականատերերին հետևել Առինջ մոլի սեփականատիրոջ օրինակին, և տաղավարների համար նախատեսված վարձերը գոնե չթանկացնել: 
 
«Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ նախագահի պնդմամբ՝ տեղական շուկայում ապրանքը չի թանկացել, պարզապես բնակչության գնողունակությունն է ընկել. «Հագուստն այնքան է լցվել, դառել է Սադախլոն. Ով 2000 դոլար ունի գնում է Թուրքիա, ապրանք բերում»,- նշեց նա: 
 
Անդրադառնալով առևտրականների առջև ծառացած այլ խնդիրներին՝ Գ. Դանիելյանը նկատեց, որ նրանց 70 տոկոսը չունի համապատասխան կրթություն, հետևաբար «Հայաստանի տոնավաճառներ» ՀԿ-ը հայազգի բարերարի (անունը չի ցանկացել հրապարակել) հովանավորությամբ մասնագետների խումբ է ստեղծել, որն ավճար իրավաբանական, հարկային, մաքսային, հաշվապահական, բանկային, հայերենից թուրքերեն և հակառակ ուղղությամբ թարգմանական ծառայություններ է մատուցելու բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը: 
 
Բանախոսի պնդմամբ՝ իրենք պետության դեմ չեն աշխատելու, այլ ցանկանում են, որպեսզի առևտրականները լինեն ավելի տեղեկացված օրենսդրական դաշտի մասին և պաշտպանված: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play