Պատմության մեջ շատ քայլեր են եղել հայ ազգը վերացնելու ուղղությամբ, սա այդ քայլերից ամենահզորն է


Պատմության մեջ շատ քայլեր են եղել հայ ազգը վերացնելու ուղղությամբ, սա այդ քայլերից ամենահզորն է

  • 04-04-2018 20:35:04   | Հայաստան  |  Վերլուծություն

 
 
 
 
Համապատասխան պաշտոնյաները, պատասխանատու անձինք, ներառյալ նաև` ՀՀ ղեկավարությունը, չեն ուզում տեսնել կամ չտեսնելու են տալիս, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում, մինչդեռ այդ ամենի հետևանքներն ուղղակի ահավոր են: Այլոց կողմից անպատասխանատու հանքարդյունաբերության ու շրջակա միջավայրի խիստ աղտոտման, թունավորման դիմաց մենք հաճախ վճարում ենք մեր ու մեր մերձավորների առողջությամբ ու նույնիսկ կյանքերով, որոնք անգնահատելի են:
«Մեզանում մետաղային հանքարդյունաբերությունը Հայաստանն ուղղակի քանդել է, բայց իմ պատկերացմամբ Ամուլսարը երևի ամենառիսկայինն է այդ շարքում,- ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անցյալ շաբաթ հրավիրված նիստում ասաց նշված խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:- Ժամանակին հոդվածներ, ելույթներ եղել են այս կապակցությամբ: Մենք վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացրեցինք, չնայած դեռ կարծես թե որոշումը չկար, բայց ինքն ասաց արդեն ուշ է, որոշումն արդեն ընդունել ենք և վերջ: Բայց քննարկումները դեռ գնում էին»:
Նիստի ընթացքում, որին մենք արդեն մասնակիորեն անդրադարձել ենք այս թեմայով մեր նախորդ` «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն  է, թե «արջի» (տեսանյութ)» հրապարակմամբ, Կարինե Դանիելյանը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հիշեցրեց, որ ժամանակին բերել ու նրան է տվել նաև «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի հոդվածը:
«Դրանում,- շարունակեց Կարինե Դանիելյանը,- այնպիսի բան էր գրված, որ ես ուղղակի ապշած էի, թե Արմենն ինչպես կարող էր այդպիսի բան գրել, նա նույնիսկ հոդվածը վերջացրել էր նրանով, որ պատմության մեջ շատ քայլեր են եղել հայ ազգը վերացնելու ուղղությամբ, սա այդ քայլերից ամենահզորն է: Դուք գիտեք, որ Հանրային խորհրդի անդամ եմ, մոտ 4-5 տարի առաջ հանդիպելով նախագահին (մենք պարբերաբար հանդիպում էինք), ես հարց էի բարձրացրել հանքարդյունաբերության այդ ռիսկերի, վտանգների մասին, ասել, որ մենք հայեցակարգ չունենք, և որտեղ ասես, հանքերը բացում են: Ինքը հրահանգ տվեց` այդ հայեցակարգը մշակելու: Հիմա կա, ես զարմանում եմ, որ այդքան օբյեկտիվորեն կառավարությունը հաստատել է այդ հայեցակարգը, որտեղ գրված է, որ ամեն ինչ սխալ ենք արել: Նույնիսկ գրված է, որ հանքարդյունաբերության որևէ դրական փորձ Հայաստանում չունենք: Կարծես թե դրանից հետո պետք է փոփոխություն լիներ, սակայն դրանից հետո մենք Ամուլսար ունեցանք, որն, իրոք, շատ զարմանալի է»:
Գիտնականի տեղեկացմամբ, ոչ միայն Ամուլսարի, այլև, ընդհանրապես, հանքարդյունաբերության, հատկապես մետաղային հանքարդյունաբերության ընդհանուր իրավիճսկը քննարկվել է, ինքն այդ քննարկմանը զեկուցել է բնակչության առողջության վրա դրա վտանգների, ռիսկերի, վնասների մասին, որովհետև բոլոր ուսումնասիրություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ազդակիր համայնքների առողջապահական տվյալները սարսափելի են, Լոռին և Սյունիքը խիստ տարբերվում են իրենց բացասական տվյալներով: Կարինե Դանիելյանի հավաստմամբ, անպատասխանատու հանքարդյունաբերությամբ զբաղվողները ու նրանց դա թույլատրող պետական պաշտոնյաներն այսպիսով Հայաստանի բնությունը հիմքից կտրում են:
«Ես ապշում եմ` ինչպե՞ս կարող է կառավարությունը երեք ուղղության մասին հայտարարել որպես առաջնային` մաքուր գյուղատնտեսություն, զբոսաշրջություն և հանքարդյունաբերություն, այսինքն` մաքուր գյուղատնտեսության և զբոսաշրջության կողքը հանքեր բացենք, հիմքից կտրենք,- ասաց տիկին Դանիելյանը:- Անհնար է դրանք իրար հետ զուգակցել այս մի փոքր հողակտորի վրա»:
Ըստ բնապահպան գիտնականի, եթե կարդանք, օրինակ, անծայրածիր Ռուսաստանի, հսկա Ռուսաստանի զարգացման ռազմավարությունը, ապա այնտեղ գրված է, որ Ռուսաստանն այլևս իրավունք չունի հումքային կցորդ պետության դերով հանդես գալ և պետք է, ինչքան հնարավոր է, կրճատի իր ընդերքի օգտագործումը և անցնի արտադրության այլ ուղղությունների: Առավել ևս այս փոքր Հայաստանում դա պետք է անել, և այստեղ բնապահպանության նախարարության դերը շատ կարևոր է:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play