Չինաստանը շարունակելու է հավատարիմ մնալ շուկայական տնտեսության բաց հավատարիմ է լինելու եւ խաղաղ զարգացման սկզբունքներին․ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփին


Չինաստանը շարունակելու է հավատարիմ մնալ շուկայական տնտեսության բաց հավատարիմ է լինելու եւ խաղաղ զարգացման սկզբունքներին․ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփին

  • 13-04-2018 16:31:09   | Չինաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 10-ին Բոաո քաղաքում (Հայնան կղզի, ՉԺՀ) իր աշխատանքները սկսեց ամենամյա Բոաոսյան Ասիական համաժողովը («Ասիական Դավոսը»), որի կարգախոսն է՝ «Բաց եւ նորարարական Ասիա աշխարհի առավել մեծ բարգավաճման համար»։ Համաժողովին, որի մասնակիցների թվում էին ամբողջ աշխարհի քաղաքական, գործարար եւ գիտական շրջանակների ավելի քան 2 հազար ներկայացուցիչներ, ելույթ ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ  Սի Ծինփինը։
 
«Չինաստանը անշեղորեն հետեւելու է շուկայական տնտեսության բաց լինելու եւ խաղաղ զարգացման սկզբունքներին, ձեռնարկելով այս տարի արտասահմանյան երկրների համար իր բացության հետագա ընդլայնմանն ուղղված միջոցներ»,- համաժողովի ժամանակ հայտարարեց ՉԺՀ Նախագհը։  
Նրա խոսքերով, երկրներին անհրաժեշտ է ստեղծել գործընկերություններ, այլ ոչ թե ալյանսներ (միավորումներ), հրաժարվել մեկուսացումից եւ «սառը պատերազմի» մենթալիտետից, ամրապնդել միջազգային կարգերը՝ համաձայն  ՄԱԿ Կանոնադրության։ «Մենք պետք է միմյանց վերաբերենք հարգանքով եւ որպես հավասարը հավասարի, հետամուտ լինենք խաղաղ սկզբունքներին, հարգենք այլ երկրների ընտրած սոցիալական համակարգերը եւ զարգացման ուղները»,- նշեց ՉԺՀ նախագահը։
 
Նա կոչ արեց զարգացնել առեւտուրը, նորարարությունը, գործարարության նոր ձեւերը եւ մոդելները, ուժեղացնել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության,  աղքատության վերացման եւ այլ ոլորտներում։
ՀԺԿ առաջնորդը հայտարարեց նաեւ, որ Չինաստանը կձեռնարկի միջոցներ առեւտրի, ներդրումային եւ այլ ոլորտներում արտաքին աշխարհի համար իր բացության հանգամանքը ընդլայնելու եւ տնտեսական գլոբալիզացիայի գործընթացներին աջակցելու համար։ «Չինաստանը միշտ մնալու է բաց երկիր եւ ընդլայնելու է այդ իր բացությունը»,- ասաց Սի Ծինփինը։
 
Նա ընդգծեց նաեւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության կարեւորությունը  գլոբալիզացիայի գործընթացների զարգացման տեսակետից։ «Գուցե դա չինական գաղափար է, սակայն այն օգուտ է բերում ամբողջ աշխարհին․․․ Մենք կարող ենք «Մեկ գոտի, մեկ ուղի»-ն դարձնել էլ ավելի լայն հարթակ տնտեսական գլոբալիզացիայի թրենդի պահպանման եւ բոլոր ազգերի համար շահ ստեղծելու համար,- հայտարարեց ՉԺՀ Նախագահը։ 
Համաժողովի մասնակիցները քննարկեցին ասիական երկրների մրցակցության, ինտեգրացիայի եւ տնտեսական զարգացման հետ կապված հարցեր։
 
Համաժողովի շրջանակներում Սանյա քաղաքում  (Հայնան կղզի, ՉԺՀ)  անցկացվեց նաեւ Ասիական երկրների ԶԼՄ-ների ղեկավարների գագաթնաժողով՝ «Փոխկապակցվածություն եւ նորարարական զարգացում» թեմայով, որտեղ  Հայաստանը ներկայացնում էր Նոյյան Տապան Մեդիա Հոլդինգի տնօրեն, Հայ պատգամավորների միջազգային ընկերակցության լրատվութայն բաժնի ղեկավար Տիգրան Հարությունյանը։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն էին  Բոաոսյան ասիական համաժողովի քարտուղարությունը, Չինաստանի հեռուստառադիոհեռարձակման միավորումը, Չինաստանի հանրային դիվանագիտության Ընկերակցությունը։ Գագաթնաժողովին մասնակցում էին ԶԼՄ-ների ավելի քան 140 ներկայացուցիչ աշխարհի ավելի քան 40 երկրներից։
 
 «Հրաշալի աշխարհ կառուցելու համար, այդ թվում նաեւ Ասիայում, անհրաժեշտ են բոլոր ազգերի համատեղ ջանքերը։ Այս գործում առավել մեծ պատասխանատվություն պետք է ստանձնեն նաեւ ԶԼՄ-ները»,- մեդիա-գագաթնաժողովի բացմանը հայտարարեց ՉԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի ղեկավար Խուան Կունմինը։ Նա կոչ արեց ԶԼՄ-ներին ստեղծել բարենպաստ մթնոլորտ  Ասիայի երկրների կայուն զարգացման համար, խրախուսել նորարարությունը, համագործակցությունը եւ կենտրոնանալ ասիական երկրների զարգացման ընդհանուր շահերի վրա։
 
Գագաթնաժողովին անցկացվեց նաեւ 4 աշխատանքային նիստ հետեւյալ թեմաներով․
 
«Մեդիահաղորդակցություն եւ համագործակցություն ի աջակցություն Ասիայի միասնական ապագայի»
 
««Մեկ գոտի, մեկ ուղի»-ի կառուցում եւ նոր հնարավորություններ» համաշխարհային կոմունիկացիաների համար»
 
«Ռեֆորմների եւ բացության քաղաքականության 40 տարին»․ Չինաստանի զարգացումը եւ գլոբալ հնարավորությունները»
 
«Ասիական մշակույթների խճանկար․ փոխանակումներ եւ փոխճանաչում
 
«Նոյյան Տապան» Մեդիա Միավորման տնօրեն Տիգրան Հարությունյանը «Ռեֆորմների եւ բացության քաղաքականության 40 տարին»․ Չինաստանի զարգացումը եւ գլոբալ հնարավորությունները» նիստին ունեցած իր ելույթում ընդգծեց չինական մոդելի կարեւորությունը «աշխարհի զարգացման համընդհանուր անորոշության» պայմաններում, ինչպես նաեւ բուն Հայաստանի հետագա զարգացման համար։
 
Գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ Տիգրան Հարությունյանի հանդիպումը Չինաստանի ժողովրդական դիվանագիտության ընկերակցության փոխնախագահ պ․-ն Գոնգ Ջիազխոնգի հետ, համագործակցության պայմանավորվածություն ձեռքբերվեց Հայ պատգամավորների միջազգային ընկերակցության եւ Չինաստանի ժողովրդական դիվանագիտության ընկերակցության միջեւ։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play