Ինչպես թուրքն է մնում թուրք, այնպես էլ Էրդողանը մնում է Էրդողան


Ինչպես թուրքն է մնում թուրք, այնպես էլ Էրդողանը մնում է Էրդողան

  • 26-04-2018 23:38:53   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
 
 
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը երեկ Անկարայում, Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, տարածաշրջանի համար կարևոր խնդիր համարելով Ղարաբաղյան հակամարտության անհապաղ կարգավորումը, ասել է. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի սահմանների անձեռնմխելիության և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմունքներով: Սա նաև Անկարայի կառավարության ցանկությունն է»:
Այս մասին տեղեկացրել է Իրանի ԻՌՆԱ լրատվակամ գործակալությունը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով 2-օրյա պաշտոնական այցով գտնվում էր Անկարայում, Էրդողանի հետ մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության գերագույն խորհրդի 7-րդ նստաշրջանին:
Թուրքիայի նախագահը, ինչպես ակնհայտ է, ոչ մի խոսք չի ասել ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներց մեկի` ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Ինչպես ասում են` թուրքը մնում է թուրք, այնպես էլ կարելի է ասել` Էրդողանը մնում է Էրդողան: Ու սա Միացյալ Նահանգների ղեկավարությունը հրաշալի գիտի: Բայց դե քաղաքական սիրախաղը կամ առևտուրը Թուրքիայի հետ դեռ շարունակվում է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԱՄՆ նախագահը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին «ցեղասպանություն» եզրը չի օգտագործել, նույն կերպ է վարվել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, որը ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում զրուցելով լրագրողների հետ, սահմանափակվել է Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն վայրագություններից մեկը համարելով:
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դեսպան Միլսն ասել է. «Մենք ձգտում ենք նրան, որ լինի իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչում: Այդ ուղղությամբ են ԱՄՆ-ի ջանքերը: Այդ շիտակ ճանաչումը կարող է հաշտություն բերել բոլորի համար»:
Բնականաբար, հարց է առաջանում` բա որ գերտերություն լինելով հանդերձ, այսքան տարի ձգտում եք, որ լինի իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչում, այդ ազնիվ ու շիտակ ճանաչումը մինչև հիմա ինչո՞ւ չի եղել, լավ չե՞ք ձգտել, այդ ուղղությամբ բավարար ջանքեր չե՞ք գործադրել, թե ձևացրել եք, որ ձգտում եք: Եվ հետո, հարգելի դեսպան Ռիչարդ Միլս, եթե կարծում եք, թե սոսկ շիտակ ճանաչումը, առանց Թուրքիայի կողմից հատուցման, կարող է հաշտություն բերել բոլորի համար, չարաչար սխալվում եք:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play