Ինչպես է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի վրա հարձակումը. մանրամասնում է ՀՔԿ


Ինչպես է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի վրա հարձակումը. մանրամասնում է ՀՔԿ

  • 05-05-2018 14:23:04   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա կատարված զինված ավազակային հարձակմամբ զուգորդված երկու անձի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:
 
Քրեական գործի նյութերով պարզվել է, որ 03.05.2018թ.-ին` ժամը 14:10-ի սահմաններում, զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի:
 
Զինված հարձակում գործած անձն այդ ընթացքում կարաբինից կրակել է նաև իրեն հետապնդող` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ` նրան պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս մահացել է:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 8-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է, ով դեպքից հետո ձերբակալվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից:
 
Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք