«Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը» ։ Ահա այսպես իր հյուրերին ողջունեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենը։ Ըստ Գ․ Արմենի՝ ՍՄԱՐԹ-ը տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոններից տարբերվելու է իր ծրագրերով, որտեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու. այստեղ լինելու են լսարաններ ծնողների և մեծահասակների համար, ինչպես նաև սենյակներ փոքրերի համար: ՍՄԱՐԹ կենտրոնն իր գործունեությամբ էապես կփոխի Հայաստանի գյուղերի բնակիչների կենսակերպը, նրանց կդարձնի եւ մրցունակ եւ կկանխի արտագաղթը:
ՍՄԱՐԹ կենտրոնը, որը գտնվում է Լոռու մարզի Դսեղ եւ Դեբետ գյուղերի խաչմերուկում, Հայաստանում եզակի է ե՛ւ շենքի ճարտարապետական լուծումներով, ե՛ւ գործունեությամբ: Կենտրոնը կառուցվել է 5 մլն դոլարի ներդրմամբ՝ ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հիմնադիր Գարո Արմենի ֆինանսական միջոցներով: Այլ բարերարներ եւս միացել են նախաձեռնությանը, իսկ նման կենտրոն ունենալու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի մանուկներ հիմնադրամին: Գ․ Արմենին պնդմամբ՝ այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները, այն կստեղծի համայնքներում կիրառելու հնարավորություններ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ ՍՄԱՐԹ ավանի տարածքը 20 հեկտար է։ Առայժմ այնտեղ երկու կառույց կա՝ կրթական կենտրոն (2230քմ) եւ հյուրատուն, որտեղ տեղակայված են սենյակներ հյուրերի համար: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն ունի համակարգչային և ռոբոտաշինության սենյակ, արհեստների ու արվեստների սրահ, առողջապահական կրթության ու մանկան զարգացման սենյակներ: ՍՄԱՐԹ ծրագրերն ընդգրկում են կոդավորում, ծրագրավորում, երաժշտական ու ձայնագրման ստուդիաներում ա՛խատանք: ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգը 4 հիմնական ուղղությամբ է մշակված՝ նորարարություն եւ ստեղծագործականություն, լեզու եւ հաղորդակցություն, ձեռներցություն եւ տեղական տնտեսական զարգացում, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիություն եւ անձնային զարգացում։
Միջոցառման կազմակերպիչների փոխանցմամբ՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է, որը հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում Լոռու՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար, կենտրոնն օրական կարող է 500 այցելու ընդունել։ Այս պահին ծրագրում ներառնված են Դեբետ, Դսեղ, Վահագնի, Ձորագյուղ, Եղեգնուտ գյուղերը: Այդ գյուղերից եկողների համար փոխադրամիջոցը մինչեւ տարեվերջ կապահովի Հայաստանի մանուկներ հիմնադրամը: Գալիք տարվանից նպատակ կա եւս 13 գյուղ ընդգրկել, որոնք կենտրոնից 30կմ հեռավորության վրա են գտնվում: Հիմնադրամը, սակայն, այդ գյուղերի համար տրանսպորտ չի ապահովի: Այդ խնդիրը համայքները պետք է ինքնուրույն կարգավորեն։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ շենքի ճարտարապետն է լիբանանահայ Փոլ Գալուստյանը, ում առաջին մեծ նախագիծն է Հայաստանում։ Ճարտարապետական գործընկերն է «Ուրբան Յունիթ» նախագծային կազմակերպությունը։ Շինարարությունն իրականացրել է «Կանակա» շինարարական ձեռնարկությունը։
«Հայաստանի համայնքներում շատ տաղանդներ կան։ 14 տարի առաջ, որ մենք սկսեցինք մեր գործունեությունը Արմավիրում, նկատել էինք, որ բազում տաղանդավոր երիտասարդներ կան։ Դրանից հետո մեր գործերը սկսեցինք տարածել Հայաստանի գյուղերի մեջ: Այդ նպատակով սկսվեց այս «ՍՄԱՐԹ» ծրագիրը»,- նշեց Գարո Արմենը։ Նրա խոսքով՝ հենց Դսեղ և Դեբեդ գյուղերի խաչմերուկում «ՍՄԱՐԹ» կրթական կենտրոնը ստեղծելու հիմնական պատճառը հրաշալի բնությունն է և առողջ միջավայրը. «Մեծ քաղաքներում բոլոր գործերը առողջ չեն: Այս բնությունը տեսնում եք, ես էլ եմ ուզում այստեղ ապրել: Իմ երազանքն այն է, որ ես էլ այստեղ մնամ և այստեղ աշխատեմ»:
Միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ողջունելով հյուրերին եւ միջոցառման կազմակերպիչներին նշեց․ «Մենք մեր քաղաքական գործունեւության ամբողջ ընթացքում համոզված ենք եղել, որ յուրաքանչյուր փոփոխություն կախված է քաղաքացուց: Եւ քաղաքացին այն արժեքն է, որն ունի ՀՀ-ն, եւ քաղաքացին այն սուբյեկտն է, որի կրթությունը, նորարարությունը, առողջությունը, ֆինանսական գրագիտությունը եւ քաղաքացիական գիտակցությունը որոշում են պետության որակը: Եվ այս համատեքստում է, որ ահռելի է դառնում Հայաստանի մանուկներ հիմնադրամի այս հսկայական աշխատանքի կարեւորությունը։ Եվ վստահ եմ, որ ի դեմս ՍՄԱՐԹ կենտրոնի՝ մենք ունենալու ենք ստեղծարար միջավայրի մի նոր օրինակ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ կառավարության անունից, շնորհակալություն եմ հայտնում իմ՝ որպես ՀՀ քաղաքացու անունից, եւ այն, ինչ չունեցավ մեր սերունդը երեկ, այսօր ունի այս սերունդը, իսկ վաղվա սերունդն ունենալու է միանշանակ ավելին: Ուզում եմ դիմել իմ շատ սիրելի պատանիներին. եղեք երազող եւ հավակնոտ, որովհետեւ Ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին եւ, առհասարակ, բոլոր կառավարությունների սեղաններին»։
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով եւս ներկա էր Սմարթ կենտրոնի բացմանը, շրջելով կենտրոնի տարածքում եւ ծանոթանալով կենտրոնի ծրագրերին, նշեց, որ կարեւոր է այն փաստը , որ կենտրոնը հասանելի է բոլոր աշակերտների համար, որն էլ իր հերթին հավասար հնարավորություն է ստեղծում բոլորի համար։
Նշենք, որ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։
«SAP ընկերությունը Հայաստանի ուսանողներին հասանելի նորագույն տեխնոլոգիաներ է մշակում, ինչպես բլոկչեյնը։ Կորպորատիվ ծրագրավորման ոլորտում առաջատար լինելով՝ SAP-ն ձգտում է զարգացնել այն համայնքները, որոնք գործածում են մեր տեխնոլոգիան, և ապահովել աշխարհի երիտասարդությունը անհրաժեշտ հմտություններով՝ սեփական նպատակները գլոբալիզացված աշխարհում իրագործելու համար»,- նշեց ԱՊՀ երկրներում SAP CIS տնօրեն Իլյա Յուրյեվը։
ՔՈԱՖԸ համագործակցում է նաեւ PicsArt-ի հետ, որի մշակած հավելվածը ամսական 100 միլիոն օգտատեր ունի։ Այն հնարավորություն է տալիս մոնտաժելու լուսանկարները ու դրանց հետաքրքիր ու անսպասելի լուծումներով կիսվելու ընկերների հետ։ Նոր գործընկերություն է հաստատվել նաև ռոբոտիկայի և վերապատրաստումների «Ինստիգեյթ» ընկերության հետ՝ նպատակ ունենալով բազմազան տեխնոլոգիաներ ու հմտություններ բերել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։
Ստեղծարար կրթական տեխնոլոգիաների (CET) Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչը՝ «ԼԵԳՈ»-ն, աշխատարաններ է վարելու կենտրոնի սաների համար։ Արևային էներգիայի և մարտկոցների «Ֆրի Էներջի» ընկերությունը ևս ներգրավված է ՍՄԱՐԹ կենտրոնի աշխատանքներում։