«Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին


«Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը՝ նվիրված Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին

  • 31-05-2018 15:40:50   | Հայաստան  |  Մշակույթ

Մայիսի 30-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, շուրջ մեկ տարի ընթացող աշխատանքներից հետո հանդիսատեսի դատին հանձնվեց Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» բեմադրության առաջնախաղը՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին ։ Բեմադրության ռեժիսոր՝ Լյուդվիգ Հարությունյան, նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի, կոմպոզիտոր՝ Հայկո։
 
Գլխավոր դերերում հանդես եկան՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Քոչարյանը,  ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։
Մինչ ներկայացումը, թատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամլո ասուլիս պիեսի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, կոմպոզիտորի և թատրոնի տնօրենի մասնակցությամբ։ 
Ինչպես նշեց պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը. «Առաջարկը եղավ Գյումրիի թատրոնի ղեկավարության կողմից ու ես ստանձնեցի այդ կարևոր պարտականությունը»։ Անահիտ Աղասարյանի համար  պիեսի ամենահուզիչ հատվածը վերջաբանն է։ Բեմադրության ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն իր հերթին նկատեց. «Որպես բեմադրության ռեժիսոր, ես համարեցի, որ ավելի ճիշտ կլինի թիկունքի պատմություն ներկայացնելը, և ոչ թե մարտի դաշտ և մարտական գործողություն։ Երբ հույզերն ես բերում առաջին պլան, ավելի ազդեցիկ է, քան իրադարձություններ ներկայացնելը»։
Կոմպոզիտոր Հայկոն նշեց, որ երաժշտությունը ծնվել է փորձերի ընթացքում, մինչ այդ չի պատկերացրել, թե ինչպիսի երաժշտություն է անհրաժեշտ. «Բեմադրությունը ստիպեց ինձ ստեղծել այս երաժշտությունը»,-ասաց նա։ 
Բանախոսները խոսեցին նաեւ պիեսի բեմադրության անհրաժեշտության մասին, ամփոփեցին ստեղծագործական շուրջ մեկ տարիների ընթացքը, ինչպես նաև հետագայում ներկայացման հյուրախաղերի կազմակերպման հարցերը՝ հանրապետության մարզերում և Արցախի հանրապետությունում։
«Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը գերազանցեց իր բոլոր սպասելիքները։  
Առաջնախաղին ներկա էին մշակույթի հայտնի գործիչներ, բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր մարզերից, Արցախի հանրապետությունից՝ ԱՀ մշակույթի, տուրիզմի զարգացման և երիտասարդության հարցերի նախարար Ս.Շահվերդյանի գլխավորությամբ, արցախյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ։ Լեփ-լեցուն դահլիճը, չդադարող հոտնկայս ծափահարությունները  վկայությունն էին ոչ միան ներկայացման հաջողության, այլեւ թեմայի պահանջվածության:
«Հարսանիք թիկունքում»-ը այն բացառիկ ներկայացումներից է, որ պետք է դիտի յուրաքանչյուր հայ։  
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play