Մարդու իրավունքների պաշտպանը եւ լրագրողները միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացրեցին


Մարդու իրավունքների պաշտպանը եւ լրագրողները միմյանց փոխադարձ մեղադրանքներ ներկայացրեցին

  • 26-04-2011 20:13:36   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ Հայ Ազգային Կոնգրեսի պաշտոնական արձագանքն իր առաջարկությանը՝ միջնորդ լինել իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության կազմակերպման հարցում, կլինի դրական։ Պաշտոնավարման 50 օրվա կապակցությամբ կազմակերպված ապրիլի 26-ի առաջին ասուլիսում այս մասին հայտարարելով, պաշտպան կարեւորեց, որ գործընթացի իրագործման դեպքում հնարավոր կլինի գոնե որոշ հարցերում մերձեցնել հակադիր կողմերի դիրքորոշումներն, սկսել երկխոսություն եւ գալ համաձայնության։ Կ.Անդրեասյանը տեղին է համարում իր նախաձեռնությունը, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը գոնե մարտի 1-ի առումով իրավական տեսանկյունից հայտնվել է փակուղում, եւ «իրավական ռեսուրսի սպառման պարագայում լավագույնն է օգտվել քաղաքական երկխոսության ռեսուրսից»։ Եթե հաջողվի կողմերին հրավիրել մեկ սեղանի շուրջ, սկսել կոնկրետ խնդրի քննարկումից եւ հասնել այդ հարցի շուրջ կոնսենսուսի, ապա դա, նրա գնահատմամբ, կլինի «մեծ քայլ» ու «հասարակության հաղթանակը»։ Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Պաշտպանն ասաց, որ «Հայաստանում կան ազատազրկված անձինք, ովքեր համոզված են, որ իրենք քաղբանտարկյալ են, միայն իրենց համոզմունքն արդեն բացասական է»։ Դիմելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին, Կ.Անդրեասյանը կոչ արեց. «Եթե չեք ուզում մեզ օգնել, աջակցել, խնդրում եմ մի խանգարեք, մի փորձեք ոչնչացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը միտված է օգնելու իսկապես հազարավոր մարդկանց»։ Միաժամանակ նա խոստովանեց, որ «կոնկրետ դեպքով որեւէ լրագրող, որեւէ անգամ չի խոչընդոտել»։ Լրագրողներն իրենց հերթին նշեցին, որ Կ.Անդրեասյանի նախաձեռնության շնորհիվ է, որ վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացման արդյունքում զարկ է տրվել լրատվամիջոցների ֆինանսական ոչնչացմանը։ Ի պատասխան Պաշտպանն ընդգծեց, որ իրեն մեղավոր չի համարում նախաձեռնության օրենսդրական հետեւանքների համար՝ դրանց ինքը չի մասնակցել, սակայն մտահոգված է օրենսդրական նախաձեռնությունից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Դատավորներին ուղղված իր ուղերձը մտահոգության առաջին արդյունքն է, իսկ երկրորդը կլինի մայիսի 1-ին կազմակերպվելիք խոսքի ազատության ֆորումը, որտեղ Պաշտպանը առաջարկելու է նման գործերով «հանրային վերահսկողության կոնկրետ մեխանիզմ»։ Միաժամանակ նա գտնում է, որ հիշյալ հոդվածների ապաքրեականացման արդյունքում նվազել են լրագրողների հանդեպ բռնությունները։ «Ինձ համար կարեւոր է, որպեսզի չլինի քրեական պատասխանատվության հարց, լրագրողները չլինեն բանտերում, չլինեն ծեծված, չլինեն հիվանդանոցներում. սակայն դա չի նշանակում, որ լրագրողները պետք է սնանկանան»,- ասաց Կ.Անդրեասյանը։
Նոյյան տապան  -   Իրավունք