Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական գրքույկ և անձնագիր


Զինվորական հաշվառման չվերցված քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ ստացել է զինվորական գրքույկ և անձնագիր

  • 05-06-2018 15:48:30   | Հայաստան  |  Իրավունք

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:
 
Պաշտպանին հասցեագրած դիմումի համաձայն՝ Հայաստանում ծնված դիմումատուն երկար տարիներ որպես փախստական բնակվել է արտերկրում: Վերադարձից հետո Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու համար՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, պահանջել են գումար վճարել, իսկ   անձնագիր տրամադրելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջել է զինվորական գրքույկ։
 
Խնդրի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Պաշտպանության նախարարությունից: Պարզվել է, որ  դեռևս անցյալ տարի դիմումատուի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում զինվորական հաշվառման չկանգնելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած չլինելու փաստը որակելու համար: 
 
Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով, որ քաղաքացին զինվորական հաշվառման վերցված չի եղել, նա հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ, ապա՝ անձնագիր: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք