Դաշնակ նախարարը կանեփից խիստ վախենալով կամ գործից չհասկանալով, խփել է Հայաստանը ծաղկեցնելու Նիկոլ Փաշինյանի ու մեր բոլորի գործին


Դաշնակ նախարարը կանեփից խիստ վախենալով կամ գործից չհասկանալով, խփել է Հայաստանը ծաղկեցնելու Նիկոլ Փաշինյանի ու մեր բոլորի գործին

  • 05-06-2018 20:33:04   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
 
 
Նախկինում Հայաստանի բնակիչ, արդեն շուրջ 30 տարի ԱՄՆ-ում բնակվող Ռուբեն Մկրտչյանը վերջերս այցելելով Հայաստան, ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին առաջարկել է մի ծրագիր, որն իրականացման դեպքում, առանց չափազանցության, հեղաշրջիչ նշանակություն կունենա Հայաստանի ոչ միայն գյուղատնտեսության, այլև, ընդհանրապես, տնտեսության համար: 
«Edyn Foods» ընկերության (Գլենդել, ԱՄՆ) հիմնադիր ու նախագահ Ռուբեն Մկրտչյանը չնայած մասնագիտությամբ մաթեմատիկոս է, սակայն ԱՄՆ-ում, ավելի որոշակի` Գլենդելից 230 կիլոմետր դեպի հյուսիս, լեռների մեջ արդեն երկար ժամանակ հաջողությամբ զբաղվում է հողագործությամբ, ագրոբիզնեսով: Միացյալ Նահանգների ողջ տարածքում նա միակն է, ում հաջողվել է աճեցնել Ուզբեկստանում աճող սեխին իր համուհոտով, որակական հատկանիշներով բնավ չզիջող, իսկ ոմանց գնահատմամբ` նույնիսկ գերազանցող ուզբեկական սեխ:
ԱՄՆ-ի ողջ տարածքում Ռուբեն Մկրտչյանը դարձյալ միակն է, որ աճեցնում և իրացնում է մեր «Նազրվան» տեսակի համեղ վարունգը: Նա բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ուզում է կյանքի կոչել Հայաստանում և հօգուտ հայրենիքի: Դրանցից մեկը, օրինակ, Հայաստանում օրգանիկ (առանց թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի) գյուղատնտեսությանը զարկ տալն է, մեր երկրում օրգանիկ գյուղմթերքների արտադրության ծավալները եղածին անհամեմատելի չափով մեծացնելը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարին նրա առաջարկած ծրագիրը, սակայն, ոչ թե այստեղ սեխ ու վարունգ, այլ կանեփի` թմրամիջոց չհանդիսացող «հեմփ» տեսակն աճեցնելու և այդ հումքով բազմաթիվ խիստ արժեքավոր արտադրանքների արտադրություն կազմակերպելու վերաբերյալ է: Ե՛վ ներդրողները կան Միացյալ Նահանգներից` հանձին Ռուբեն Մկրտչյանի ու նրա գործընկերների, և` ներդրումների համար անհրաժեշտ գումարը կա, մնում է միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարի ու կառավարության համաձայնությունը: Թե ինչ ընթացք է ստացել վերոնշյալ առաջարկը, խնդրեցինք պատմել հենց այդ ծրագրի հեղինակին` Ռուբեն մկրտչյանին:
 
- Իրենից ի՞նչ է ներկայացնում ձեր առաջարկած ծրագիրը:
- Հայաստանում կյանքի կոչելու համար շատ ծրագրեր ունենք, բայց դրանց մեջ կա մեկը, որ շատ մեծ է, եկամտաբեր ու խոստումնալից տարբեր առումներով: Որոշ նուրբ հարցեր կան, որոնք լուծելը, սակայն, շատ հեշտ է, միայն մնում է, որ դրանք հստակեցվեն, պարզեցվեն, որից հետո, կարծում եմ, հետագայում որևէ խնդիր չպետք է ունենանք:
Հարցը նուրբ է այն առումով, որ այդ բույսի, որը հայերենում հայտնի է «կանեփ» անվանումով, և որի մշակությամբ ցանկանում ենք զբաղվել Հայաստանում, հիմնականում երկու տեսակ գոյություն ունի: Այստեղ «կանեփ» ասելով, մարդն անմիջապես հասկանում է թմրամիջոց, մինչդեռ թմրամիջոց հանդիսացողը կանեփի «կանեբիս» տեսակն է: Գոյություն ունի նաև այդ բույսի «հեմփ» տեսակը, որի մեջ թմրանյութի պարունակությունն այնքան չնչին է, որ մարդն անգամ մեծ զանգվածով օգտագործելու դեպքում դրա ազդեցությունը չի կարող զգալ: Արևմտյան երկրներում արդեն մոտ 50 տարի է, ինչ կանեփի այդ տեսակի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացվում, աշխարհի 100-ից ավելի երկրում արդեն գիտեն կանեփի «հեմփ» տեսակի մասին: Կանեփի տվյալ տեսակը կոչվում է նաև արտադրական կանեփ, որի կոկոններից կամ ծաղկից ստանում են բարձրարժեք յուղ: Այդ յուղից համապատասխան տեխնոլոգիայի շնորհիվ ստանում են տարբեր ենթայուղեր, տվյալ յուղի տարբեր տեսակներ, որոնք օգտագործվում են բժշկության, պարֆյումերիայի ասպարեզներում, ինչպես նաև մեքենաշինության մեջ:
Կանեփի նշածս տեսակի ցողուններից, տերևներից ստանում են տարբեր պլաստիկ արտադրանքներ, որոնք օգտագործվում են մեքենաշինության, տնաշինության մեջ և այլ ասպարեզներում: Ցողուններից ստանում են նաև սննդարար և առողջարար բարձրարժեք անասնակեր, որը հարուստ է անասուններին անհրաժեշտ տարբեր նյութերով, աշխարհում բնական նյութից պատրաստվող ամենապինդ պարանները, որոնք իրենց ամրությամբ չեն զիջում նույնիսկ մետաղական ճոպաններին, ինչպես նաև տարբեր տեսակի թելեր, որոնցից ստացվում են նույնիսկ բամբակից ավելի որակով ու փափուկ գործվածքներ: Դա թույլ կտա Հայաստանում տեղական ու բնական հումքով զարկ տալ թեթև արդյունաբերությանը: Թերևս ավելորդ է ասել, թե որքան աշխատատեղեր կստեղծվեն այս ամենի արդյունքում, այս ամենի շնորհիվ:
Ի վերջո, կանեփի արմատներից ստանում են նյութ, որը թույլ է տալիս պատրաստել մեր կենցաղում լայնորեն օգտագործվող պոլիէթիլենե տոպրակների նման տոպրակներ, սակայն, ի տարբերություն դրանց, շրջակա միջավայրը չի աղտոտում, եթե նույնիսկ հողի վրա է գցվում, որոշ ժամանակ անց հողի մեջ քայքայվում է, ավելին` սնունդ հանդիսանում հողի համար: 
Այս ամենի համար է, որ ուզում ենք ամբողջապես կենտրոնանալ կանեփի տվյալ տեսակի ու դրանից տարբեր արտադրանքների արտադրության ծրագրի վրա: Նախապատվությունը տվել ենք նրան և առավելագույնս աշխատելու ենք, ջանքեր ենք գործադրելու, որպեսզի իրականություն դարձնենք նշածս ծրագիրը:
- Բժշկության մեջ ո՞ր բնագավառներում կամ ինչի՞ համար է օգտագործվում այդ կանեփի յուղից ստացվող համապատասխան ենթատեսակը:
- Հեմփի ՍիԲիԴի յուղը (CBD Hemp Oil), օրինակ, հեռանկարային է քաղցկեղի դեմ պայքարի գործում: Այն շատ հզոր հակաօքսիդանտ է, դանդաղեցնում է քաղցկեղի որոշ տեսակների աճը և տարածումը: Այդ յուղն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Գրեթե ամեն տարի այդ յուղի նորանոր բուժիչ և առողջարար հատկություններ են բացահայտվում: Համացանցից կարելի է համապատասխան տեղեկատվություն ստանալ այդ ամենի` հեմփի ՍիԲիԴի յուղի բուժիչ հատկությունների մասին: Թմրամիջոց հանդիսացող կանեփից էլ է յուղ ստացվում, սակայն այն կոչվում է THC: Այդ հեմփի ՍիԲիԴի յուղը հրաշքներ է գործում, շատ-շատերը կարող են վկայել այդ մասին:
ԱՄՆ-ում բնաբուժությամբ զբաղվող իմ կնոջ հաճախորդներից մեկը 30 տարի տառապում էր կանացի ինչ-որ շատ վատ հիվանդությամբ, իրենք ունևոր են և անցած տարիների ընթացքում հարյուր հազարավոր դոլարներ էին ծախսել այդ հիվանդության բուժման համար, սակայն ոչ մի օգուտ, հակառակը` այդ քիմիական դեղերը մի բան էլ քայքայել էին մարմինը, վնասել առողջությանը: Կինս տվեց այդ յուղից, առաջարկեց փորձել (ես ընկերներ ունեմ, որոնք գործարան ունեն և արտադրում են այդ յուղի չորս տարբեր ենթատեսակներ, բժշկական նպատակներով օգտագործվողը թողարկում են պարկուճների մեջ), ասելով, որ բնական միջոց է, միգուցե օգնի, միևնույն է, վնաս չի տա: Այդ կինն օգտագործել և նույնիսկ 3 օրից տարբերությունը զգացել էր, իսկ որոշ ժամանակ անց լիովին բուժվել: Հիմա էլ շարունակում է օգտագործել` հիվանդությունների կանխարգելման նպատակով, ասում է, որ այն իրեն նաև էներգիա է տալիս, բարելավում ինքնազգացողությունը:
- Կալիֆորնիայում այդ յուղն ի՞նչ արժե:
- Դեռևս շատ թանկ է, մեկ պարկուճը 1 դոլար է, մեկ լիտրը, կախված որակից, անցյալ տարվա գներով` 4000-6000 դոլար (նկատի ունեմ դեռ չմշակված յուղը, այն յուղը, որից համապատասխան ենթատեսակները դեռ չեն ստացվել, մշակվածն ավելի թանկ է): Մեկ հեկտարից ստացվող կանեփից ստացվում է 250-350 լիտր յուղ: Ի դեպ, Հայաստանում կարելի է ավելի բարձր արդյունքներ ստանալ, սակայն նույնիսկ առանց դրա, կարող եք արդեն շահութաբերությունը, ավելի ճիշտ, գերշահութաբերությունը պատկերացնել: Աշխարհով մեկ դրա պահանջարկը գնալով ավելանում է: Այդ յուղից ստանում են նաև սպիտակ փոշի, որի բուժիչ հատկությունն ավելի մեծ է: Յուղն ԱՄՆ-ի նահանգների մեծ մասից բացի, արտադրվում է նաև Եվրոպայում, Չինաստանում, Հնդկաստանում,  Կանադայում, Հարավային Ամերիկայում, Ռուսաստանում, Ավստրալիայում: Յուղի բուժիչ հատկության մեկ այլ օրինակ էլ ներկայացնեմ` կապված անձամբ իմ աղջկա հետ, որը 17-ամյա տարիքում այն քսեց իր դեմքին: Փոքր ժամանակվանից աղջկաս մաշկի վիճակը շատ վատ էր, ամբողջ դեմքը, չգիտեմ ինչպես բացատրեմ: Այդ յուղը քսելու առաջին օրվանից տարբերություն է տեսել, մի քանի շաբաթ օգտագործելուց հետո բոլոր հետքերը վերացան, մաքրվեցին:
- Ե՞րբ և ո՞ւմ եք ներկայացրել ձեր որոշակի ծրագիրը, բիզնես-պլանը:
- Այն անգլերենով է, մոտ 40 էջ, դեռ անցյալ տարի ներկայացրել եմ գյուղատնտեսության նախկին նախարարին: Դեռ նախորդ կառավարությունից ինձ խոստացել էին տալ Հայաստանում կանեփի այդ տեսակն աճեցնելու արտոնագիրը: Խնդիրն այն է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2-րդ հավելվածով, ինչպես նաև Հայաստանի կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի թիվ 1129-Ն որոշմամբ այստեղ արգելված է կանեփի աճեցումը և շրջանառությունն ընդհանրապես, սակայն հաշվի չի առնվել, որ կանեփի երկու տեսակ կա, և որ «հեմփ» տեսակը շատ օգտակար է: Ի վերջո, երբ խնդիրը բացատրեցինք ու ծրագիրը հասկանալի դարձրեցինք գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանին, նրանից ստացա մի նամակ, որով հայտնվում էր, որ «ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես կգա վերը նշված իրավական ակտերում օրենսդրական փոփոխություններ կատարելու` արտադրական կանեփի աճեցման սահմանափակման վերացման առաջարկությամբ»:
Մենք նախատեսել էինք (հիմա էլ այդ նախատեսումը, ծրագիրն ուժի մեջ է), որ առաջին տարում պետք է փորձարարական արտադրություն լիներ 40 կամ 50 հեկտարի վրա, և հետո նոր, տարի- տարի, պետք է ավելացնեինք: Մեր հաշվարկներով, հինգերորդ տարում կանեփի արտադրությունը պետք է հասցնեինք 100 000 հեկտարի, որը պետք է ահռելի մեծ եկամուտներ բերեր մեր երկրին: Նույնիսկ ավելորդ է բացատրել, թե այս ծրագրի իրականացումը որքան կարևոր է աղքատության ու նույնիսկ ծայրահեղ աղքատության այսպիսի մակարդակ ունեցող Հայաստանի համար: Կարծում եմ, որ սա մինչև հիմա եղած բոլոր ծրագրերից ամենամեծը կլինի, որը հսկայական եկամուտներ բերելով պետբյուջե, կարող է երկրի տնտեսությունը շատ արագ ոտքի կանգնեցնել:
Ընդգծեմ, որ այս ծրագրի իրականացման համար ԱՄՆ-ից և՛ ներդրողներ կան, և՛ անհրաժեշտ գումարը կա, ներդրումներ կատարելու պատրաստ անձանցից մեկն էլ ես եմ, այսինքն` Հայաստանի իշխանություններից որևէ գումար չենք ուզում: Այստեղ տվյալ ծրագրի իրականացումն ամերիկյան ներդրողներին ձեռնտու է, աշխատուժը մոտ տասն անգամ ավելի էժան է, կան նաև այլ առավելություններ: Ունենք նաև մասնագետներ, կանեփի տվյալ տեսակի սերմերը, համապատասխան տեխնոլոգիաները, ինչպես նաև արտադրանքի իրացման շուկան: Պահանջարկն այնքան մեծ է, որ սերմը հողին դեռ չհանձնած, արտադրանքն արդեն վաճառված է: Նույնիսկ ունենք Հայաստանում սկզբնական շրջանի համար անհրաժեշտ ու պատրաստի սեփական հողատարածքները` մոտ 50 հեկտար, որտեղ այս տարի հատուկ տվյալ նպատակի իրականացման համար ոչ մի բան ցանված չէ, մնում է միայն, որ կառավարությունը մեզ արտոնի կանեփի նշածս տեսակի աճեցումը:
Հետո կառավարությունից ասացին, որ իրենց հիշյալ որոշման մեջ փոփոխություն, լրացում կատարելուց առաջ փաստաթղթերի փաթեթը պետք է ստանա համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների կարծիքը, այդ փաթեթն ուղարկեցին ուր որ հարկն է, ընթացքում մի քանի անգամ հանդիպեցի գյուղատնտեսության նախկին նախարարի հետ: Իմ ունեցած տեղեկություններով, բոլորը դրական կարծիք էին տվել, մնացել էր միայն, որ ՀՀ ոստիկանությունն իր կարծիքը տար, սակայն, ինչպես գիտեք, երկրում հետո իշխանափոխություն տեղի ունեցավ, գյուղատնտեսության նախարարը փոխվեց:
- Իսկ նոր նորանշանակ նախարարին, նոր կառավարությանը ձեր այդ ծրագիրը ներկայացրե՞լ եք:
- Հրապարակում հանրահավաքների ժամանակ ես այնտեղ էի, հետո ուրախ-ուրախ գնացի Միացյալ Նահանգներ, գործեր ունեի այնտեղ, մտածեցի, որ նոր իշխանությունը կգա և մենք ոչ մի խնդիր չենք ունենա, մանավանդ, նոր միտք, նոր էներգիա, կաշառակերություն չի լինելու և այլն: Ինչևէ, նորանշանակ գյուղնախարար Արթուր Խաչատրյանն արդեն համառոտ կերպով տեղեկացված էր այս ծրագրին, ես Հայաստանից լուր ստացա, որ նա, օր առաջ, ուզում է ինձ հետ հանդիպել, որպեսզի ընթացք տանք այս գործին: Շատ ուրախացա, ոգևորվեցի, նույնիսկ ինքնաթիռի տոմսը, որն առել էի մայիսի 29-ին թռիչքի նպատակով, փոխեցի 23-ին Հայաստան գալու համար:
Երևան գալուց հետո, գյուղնախարարությունից փոխանցեցին պարոն Խաչատրյանի պատասխանը, որ կարկուտ է եղել, ինքը զբաղված է, չի կարող ընդունել, ընդունելու է ամսի 29-ին, իսկ մայիսի 29-ին, երբ հանդիպման համար զանգեցինք, որ ժամը պայմանավորվենք, ստացանք պատասխան, որ նա մի քանի շաբաթ չի կարող մեզ հետ հանդիպել: Դե, ընկերոջս հետ տարբեր մարդկանց զանգեցինք, որ միջնորդեն, աղմուկ բարձրացրեցինք, մայիսի 30-ին ընդունեց մեզ: Ես ակնկալում էի, որ նախարարը կոգևորվի, կասի ինչ անենք, որ ավելի արագացնենք այդ գործը: Խնդիրն այն է, որ եթե մոտ ժամանակներս չցանենք սերմերը, այս տարին կկորցնենք, ամբողջ ծրագրի իրագործումը մեկ տարով հետ կընկնի, ինչը ոչ միայն ինձ, ամբողջ երկրի համար լուրջ կորուստ կլինի: Միաժամանակ, պարզ է նաև այն օգուտը, որ ծրագրի իրականացման դեպքում կստանան պետությունը և Հայաստանի բնակչությունը. խոշոր հարկեր, հազարավոր աշխատատեղեր, եղած միջին աշխատավարձերից 50 և ավելի տոկոսով բարձր աշխատավարձեր: Բացի այդ, մենք մեր շահույթից առնվազն մեկական տոկոս (հնարավոր է նույնիսկ մինչև 3 տոկոս) հատկացնելու ենք տարբեր ֆոնդերի` կրթության, բժշկության, մանկական և այլն, սակայն քանի որ շատ խոշոր շահույթներ ենք ստանալու, դրանց մեկ տոկոսն արդեն իսկ բավական մեծ գումար է լինելու:
Սակայն, ի զարմանս մեզ, նախարարը մտահոգություն հայտնեց, որ թմրամիջոց չհանդիսացող կանեփի կողքը կարող է աճեցվել նաև թրմամիջոց հանդիսացող տեսակը: Այս մտահոգությունը նա հայտնեց նույնիսկ այն դեպքում, երբ ասացի, որ պատրաստ եմ ամբողջ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա: Պարոն Խաչատրյանն ասաց` բա որ ձեր ենթական ձեզ խաբի՞… Հասկացա, որ արդեն անլուրջ խոսակցություն է ծավալվում, ի՞նչ է նշանակում` բա որ իմ ենթական ինձ խաբի: Կխաբի` դրա համար քրեական պատասխանատվություն կա, քրեական պատասխանատվության կենթարկվի: Բացի այդ, պատրաստ եմ կանեփի թմրամիջոց հանդիսացող ու չհանդիսացող տեսակներն իրարից տարբերող մասնագետներից բաղկացած, հողատարածքներում և արտադրությունում ամենօրյա հսկողություն իրականացնող հանձնախումբ ստեղծել, որում կարող են ընդգրկվել նաև ԱԱԾ-ի և ոստիկանության համապատասխան աշխատակիցներ, վարձատրել այդ հանձնախմբին: ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են շուրջօրյա հսկողություն սահմանել գործարանի ելք ու մուտքի մոտ  (անհրաժեշտության դեպքում ընկերությունը կարող է վճարել նրանց աշխատավարձերը), ստուգել ներս բերվող խոտաբույսը, դուրս հանվող արտադրանքը, կասկածի դեպքում կազմակերպել կանեփից ու դրա յուղի յուրաքանչյուր խմբաքանակից համապատասխան նմուշառում ու լաբորատոր փորձաքննություն, գործարանում տեսախցիկներ դնել, հսկել կամ վերահսկել իրենց ուզածի պես, խնդրի բազմաթիվ լուծումներ կան, ախր ինչի՞ մասին է խոսքը…
Ի վերջո, եղել են դեպքեր, երբ նույնիսկ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի ենթականերն էլ են նրանց խաբել, ոստիկանության բարձրաստիճան սպան ու համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող մեկը վերջերս բանկի անվտանգության աշխատակիցներին և իր ծառայակցին սպանեց, ուրեմն ի՞նչ` մեր երկրում ոստիկանություն և ԱԱԾ չլինե՞ն, չգործե՞ն…
Հուսով եմ, որ այս հարցազրույցը կհասնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետներին, և Հայաստանի համար այս շատ կարևոր և անհրաժեշտ ծրագրի նկատմամբ կլինի լուրջ մոտեցում: Մայիսի 27-ին էլեկտրոնային փոստով նամակ եմ ուղարկել վարչապետին, պատասխանը դեռ չեմ ստացել, չգիտեմ նույնիսկ` անձամբ վարչապետին արդյոք հասա՞վ այն: Մայիսի 30-ին ևս մեկ նամակ ուղարկել եմ վարչապետի աշխատակազմից Անի Ավետյանին, նախ տեղեկացրել, որ ավելի վաղ իրենց եմ ուղարկել մեր ծրագրերի մասին համառոտ ծանոթություններ, ապա նշելով, որ անգամ չգիտեմ` ստացե՞լ են իմ նամակը, թե ոչ, խնդրել եմ ինձ գոնե տեղեկացնել։ Գրել եմ նաև, որ արդեն 5 օր է, այստեղ եմ և չեմ կարողանում մի հանդիպում ունենալ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որպեսզի բացատրենք այս ծրագրերի անհրաժեշտությունը, որոնք իրագործման դեպքում, ըստ հաշվարկների, տասնյակ և տասնյակ հազարավոր մարդիկ պետք է աշխատեն, հայրենիքն էլ ահռելի մասշտաբների շահույթներ է ստանալու։ Ի վերջո, հայցելով ներողություն, գրել եմ, որ ինձ համար շատ անհասկանալի է այսպիսի անտարբերությունը, խնդրել եմ իրենից որևէ մի արձագանք։
Մտադիր եմ անհրաժեշտության դեպքում նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, հասարակական հնչեղություն տալ այս ամենին: Մինչև վերջ պետք է պայքարենք, որ հասնենք մեր նպատակին, որ կարողանանք մեր գյուղացուն օգնել, մեր երկրի տնտեսությանն օգնել:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play