ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները


ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները

  • 12-06-2018 19:05:27   | Հայաստան  |  Հասարակություն

ԷկոԼուր
 
ՀՀ բնապահպանական խնդիրներով անհանգստացած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկությունները հանքարդյունաբերության վերաբերյալ: Հիշեցնենք, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկություններ են ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ակնկալելով, որ այդ առաջարկությունները կներգրավվեն ՀՀ կառավարության ծրագրում: 
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը արձագանքեց հանքերի վերաբերյալ առաջարկություններին: Նախարարության նամակում նշված է.
 
«4. Ամուլսարի ծրագրի դադարեցման մասին:
 
Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել միայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված դեպքերով, իսկ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը չի կարող դադարեցվել օտարերկրյա կազմակերպությունների կողմից տրված եզրակացության հիման վրա: ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն ընդերքօգտագործման իրավունքը տրվում է համապատասխան փորձաքննական, այդ թվում նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրական եզրակացությունների հիման վրա: 
 
Հարկ է նշել, որ Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը, իսկ 2018թ. հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային: 
 
Ամուլսարի նախագիծը կարելի է համարել հաջողված փորձ նոր տեխնոլոգիաների կիրառման, պատասխանատու սոցիալական ու բնապահպանական ծրագրերի իրականացման տեսակետից: Ներկայումս, Ամուլսարում, արդյունահանման համար նախապատրաստական աշխատանքների մոտ 80%-ն արդեն իրականացվել են: Կատարվել են մի քանի միլիոն խ/մ հողային, 9000 խ/մ բետոնային աշխատանքներ: 90 000 խ/մ ծավալի մակաբացման աշխատանքներ են կատարվել, կառուցվել է շուրջ 20 կմ ճանապարհ: Իրականացվել են ջրերի կառավարման, ինչպես նաև բնապահպանական կառավարման մյուս համակարգերի շինարարության զգալի մասը: Պատրաստ են տարրալվացման 2 հարթակները, որոնցում իրականացված են ջրամերժ կավային շերտի տեղադրման աշխատանքները և ընթացքի մեջ են պոլիմերային գեոմեմբրաների տեղադրման աշխատանքները:
 
6. Դադարեցնել նոր հանքերևակումների հաշվին հանքարդյունաբերության էքստենսիվ զարգացման գործընթացը` ապահովելով ՀՀ որդեգրած կայուն զարգացման ճանապարհը: 
 
Հանքարդյունաբերության ոլորտի շուկան Հայաստանում լրիվ ազատականացված է, որն իր հերթին խթանում է ոլորտի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, իսկ ընդերքօգտգործման իրավունքների տրամադրումն իրականացվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի համաձայն:
 
Տնտեսվարող սուբյեկտը ինքն է ընտրում ընդերքի տեղամասը, որտեղ ցանկանում է կատարել ներդրումներ և զբաղվել տնտեսական գործունեությամբ` հաշվի առնելով հանքարդյունաբերական գործունեության տնտեսական ռիսկի գործոնը, ֆինանսական և տեխնիկական կարողությունները, շահագործվող հանքավայրի երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանը, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանները, բնապահպանական ու սոցիալական խնդիրները, արդյունահանվող օգտակար հանածոյի շուկայական արժեքը, շուկաների բաշխվածությունը և այլ գործոններ: Տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացված երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում հանքավայրի պաշարների գնահատումը և հաստատումը կարող է հիմք հանդիսանալ շահագործման նախագծի կազմման համար, իսկ ընդերքօգտագործման իրավունք տրամադրվում է միայն համապատասխան փորձաքննական դրական եզրակացությունների հիման վրա: 
 
7. Դադարեցնել բնության հատուկ պահպանվող տարածքներում և նրանց պահպանման գոտիներում հանքերի շահագործումը և հանքավայրերի հետազոտությունները։ 
 
ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդերքօգտագործումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
8. Դադարեցնել Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի, Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի, Շամլուղի պղնձի հանքավայրի, Ախթալայի բազմամետաղային հանքավայրի, Սոտքի ոսկու հանքավայրի, Շահումյանի ոսկի բազմամետաղային հանքավայրի ինտենսիվ շահագործումը արդյունահանման ծավալների մեծացման հաշվին այնքան ժամանակ, մինչև չվերացվեն շրջակա միջավայրին պատճառված վնասները և չներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելող և վերացնող մեխանիզմներ:
 
Թվարկված հանքավայրերն ամենախոշորներն են: Յուրաքանչյուր հանքավայրի շահագործման աշխատանքների դադարեցումը կհանգեցնի սոցիալ-տնտեսական խնդիրների, քանի որ այն ստեղծում է աշխատատեղեր մարզերում` ապահովելով համեմատաբար բարձր, կայուն եկամուտներ համայնքների բնակչության համար: Տեղական բյուջե վճարված հարկերի շնորհիվ այն նաև հնարավորություններ է տալիս ազդակիր համայնքներին լուծել համայնքների առջև ծառացած խնդիրները:
 
Տեղեկացնում ենք նաև, որ քաղաքացիական հասարակության կողմից պարբերաբար բարձրաձայնվում են ոլորտի վերաբերյալ խնդիրներ, որոնք նույնպես պահանջում են լուծումներ:
Հաշվի առնելով տիրող իրավիճակը`ՀՀ կառավարություն ձեռնարկել է հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման, ինչպես նաև ծառացած խնդիրների կարգավորման նպատակով մշակել և ընդունել ոլորտի զարգացման ռազմավարությունը:
 
Մշակվելու են նաև նոր մոտեցումներ, մեխանիզմներ և տեխնոլոգիաներ` բնապահպանական ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների վերանայում, ընդերքօգտագործման թափոնների կրկնակի վերամշակման հնարավորությունների ստեղծում, օգտակար հանածոների արդյունահանված տարածքների վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների կառավարման մեխանիզմների կատարելագործում, որոնք թույլ կտան ապահովել հանքարդյունաբերության կայուն (տնտեսական, սոցիալական և բնապահպանական) զարգացում»:
 
17:19 Հունիս 11, 2018
 
Նոյյան տապան  -   Հասարակություն