Աղվերանում անցկացվել է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը
04-10-2010 16:44:00 | Հայաստան | Իրավունք
ԱՂՎԵՐԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Բրատիսլավայյի տարածաշրջանային գրասենյակը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը համատեղ կազմակերպել էին Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի մարդու իրավունքների ազգային հաստատությունների` ենթատարածաշրջանային մակարդակով առաջին հանդիպումը, որի խորագիրն էր` «Փոքրամասնությունների իրավունքները եւ սեռերի իրավահավասարության խթանման օրակարգ - անկախ եւ գործող մարդու իրավունքների ազգային հաստատություններ»:
Հանդիպումը տեղի ունեցավ Աղվերանում: Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, այն միավորեց Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Օմբուդսմենների, տարածաշրջանում մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչների եւ ՄԱԶԾ տարածշրջանային գրասենյակի համապատասխան գործընկերների:
Հանդիպմանը հրավիրված էին նաեւ օտարերկրյա փորձագետներ, ովքեր հանդես եկան բանախոսությամբ եւ զեկույցներով, ինչպես նաեւ ներկայացրեցին տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների փորձը:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը Հայաստանում Դաֆինա Գերչեւան եւ Ժողովրդավարական կառավարման պրակտիկայի ղեկավար Անի Դեմիրճյանը: