Բաքվի 5 աստղանի հյունոցում նստած մի հատ իսրայելացի սպա իր կառավարման գործիքով կառավարում է հսկայական մի ԱԹՍ, որին այսօր պատրաստ չենք խփելու. Կարեն Վարդանյան (տեսանյութ)


Բաքվի 5 աստղանի հյունոցում նստած մի հատ իսրայելացի սպա իր կառավարման գործիքով կառավարում է հսկայական մի ԱԹՍ, որին այսօր պատրաստ չենք խփելու. Կարեն Վարդանյան (տեսանյութ)

  • 27-06-2018 23:33:27   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
 
 
Պետք է առաջատար լինել նաև երկրում առկա տեխնոլոգիական լուծումները ռազմաարդյունաբերությունում կիրառելու գործում, որպեսզի պաշտպանված լինենք: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում հեռարձակված, նաև Կալիֆորնիայի հեռուստադիտողներին հասանելի «Քննարկում» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում այս կարծիքն է հայտնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (դիտել 5:54-ից):
«Իհարկե, շահագրգռված ենք, որ բոլոր առաջատար տեխնոլոգիաների ոլորտը զուգահեռ զարգանա` երկու պատճառով,- ասաց Կարեն Վարդանյանը:- Առաջին պատճառն այն է, որ մենք պատերազմող երկիր ենք, և թողնել, որ բյուրոկրատական կառույցները որոշեն` դու ողջ մնաս, թե ողջ չմնաս, կլինի ամենամեծ հիմարությունը, որովհետև, եթե հիշում եք, 16 թվականին էլ մեզ ասում էին ամեն ինչ սահմանում կարգին է, դրանից առաջ էին ասում, հիմա էլ են ասում, այսինքն` այդ ոճը` սուտ խոսելու ոճը, ոչ պետական այրերին է սազում, ոչ էլ, առավել ևս, սպաներին, որովհետև ուղղակի սուտ ասելը սազական չէ մեզ: Դրա համար քանի մեր մոտ այդ սուտ ասելու հիվանդությունը կա, հիմա մենք պետք է տեխնոլոգիական ոլորտով հավաքվենք և տեսնենք ինչ ենք կարողանում առաջարկենք, առաջ մղենք ճնշելով, որպեսզի մեր բանակն ունենա ժամանակակից զենք, և որպեսզի կարողանա դիմակայել»:
ԱՏՁՄ գործադիր տնօրենի հավաստմամբ, իրենք առաջին տարին չէ, որ աշխատում են այս ուղղությամբ, երևի 2011 թվականից են սկսել աշխատել տվյալ ուղղությամբ, 2016 թվականին հայտարարել են ճարտարագետների մոբիլիզացիա, և 2016 սեպտեմբերից սկսած` արդեն կողմնորոշվել են, թե ինչի վրա պետք է աշխատեն:
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ապագա պատերազմները լինելու են բարձր տեխնոլոգիական, և այստեղ մեր այն խաչասրբող ընկերները, քաղաքական գործիչները, որ դուխով, բանով և այլնով` սաղին կջարդենք, հիմա, ցավոք, այդպես չէ, պատերազմի բնույթն այդպես չէ,- ասաց Կարեն Վարդանյանը:- Բաքվի 5 աստղանի հյունոցում նստած է մի հատ իսրայելացի սպա` ոտքերը դրած աթոռի վրա, բազմոցին նստած, որն իր կառավարման գործիքով կառավարում է հսկայական` տասնըքանի մետր թևերի բացվածքով մի անօդաչու թռչող սարք, որը հանդիսանում է և շտաբ` ամբողջ ինֆորմացիան կուտակվում, իր միջով գալիս է, և կրակակետ` իր տակ հրթիռներ կան, և այլն կան, և դու իրեն չես կարող խփել, որովհետև գլուխ արդուկելով, Ռուսաստանին գովերգելով, Ռուսաստանից զենք սպասելով, ապրել ես, ինքդ չես աշխատել, և համապատասխան` այսօր պատրաստ չես իրեն խփելու, իսկ ինքը քեզ պատրաստ է խփելու, ասենք, 50, 70, 100 կիլոմետր, 300 կիլոմետր, որտեղ ինքն անխոցելի է»:
Ըստ ԱՏՁՄ գործադիր տնօրենի, «այստեղ այդ ուռա պատրիոտիզմը, դուխով-մուխով գոռալը, բա մենք որ կանք, ըսենց ենք և այլն, և այլն (հատկապես դա ասում են մարդիկ, որոնք, ոնց որ, ոչ պատերազմին են մասնակցել, ոչ էլ զենք արտադրելուն են մասնակցել, բայց, ասենք, իրենք իրար ներշնչում են, որ ոչ մի բան չի լինի)», չի կարող ապահովել մեր պաշտպանությունը: Գործադիր տնօրենի տեղեկացմամբ, ճարտարագետների հիշյալ մոբիլիզացիայի արդյունքում մի շարք ծրագրեր են մշակվել, դրանց մի մասը ՀՀ պաշտպանության նախարարության հետ է իրականացվում, մի զգալի մասը դեռ չի արվում:
«Այսպես կարող եմ ասել, որ մի 20 տոկոսին պաշտպանության նախարարությունն ինչ-որ աջակցություն անում է, որովհետև այդ աջակցության ծավալը շատ փոքր է, բայց էլի կա գոնե, գոհ ենք, մնացած պրոյեկտների վերաբերյալ ընդհանրապես դեռ չկա»,- ասաց Կարեն Վարդանյանը:
 «Քննարկում» հաղորդաշարի հյուրի հավաստմամբ, բանակն իրենց այսպիսի սարքեր չի պատվիրում: Իսկ ի՞նչ է` նախկին և ներկայիս իշխանությունների ձեռագրերի տարբերություն չկա՞…
«Այդ իմաստով տարբերություն չեմ տեսնում, դեռևս տարբերություն չկա»,- պատասխանելով հարցին, ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրենը, ապա հավելեց, որ բանակն ունի այդ սարքերի կարիքը, քանի որ շատ քիչ բան ունենք:
Կ. Վարդանյանի բարձրացրած հարցերի առնչությամբ առաջիկայում կփորձենք համապատասխան պարզաբանումներ ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն արդեն իսկ պարզ է, որ նա որոշ իրողությունների առնչությամբ հայտնել է ծայրահեղ, չափազանցված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Ադրբեջանի իսրայելական արտադրության ԱԹՍ-ների տեխնիկական, թռիչքային, մարտական հնարավորությունները և հայկական կողմի համար ներկայացրած վտանգը չժխտելով հանդերձ, նշենք, որ ըստ որոշ ԶԼՄ-ների հրապարակումների, Իսրայելից Ադրբեջանի գնած, մինչև 50 կգ ռազմամթերք կրելու և մինչև 250 կմ հեռավորության վրա թիրախները խոցելու ունակությամբ իսրայելական արտադրության շատ թանկարժեք հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ)` «Aerostar», «Hermes» և «Heron», ի տարբերություն հետախուզական փոքրաչափ ԱԹՍ-ների, հակառակորդի (տվյալ պարագայում` ՀՀ և Արցախի զինված ուժերի) համար որպես թիրախ առավել նկատելի ու խոցելի են հենց իրենց թևերի մեծ բացվածքի և, ընդհանրապես, մեծ չափերի պատճառով:
Երկրորդ. դրանք թիրախից 50 կամ 250 կմ հեռավորության վրա գտնվելով, չեն կարող խոցել թիրախին, որովհետև ունակ չեն կրելու գերծանր կամ ծանր «օդ- երկիր» դասի մեծ կամ միջին հեռահարության հրթիռներ: Թևերի շուրջ 17 մ բացվածքով «Heron»-ի ողջ քաշը ընդամենը 1 տոննայից քիչ ավելի է: 50-250 կիլոմետրը նրանց գործողության շառավիղը կամ թռիչքի այն առավելագույն հեռավորությունն է, որի դեպքում նրանք կարող են վերադառնալ այնտեղ, որտեղից օդ են բարձրացել; Այդ ԱԹՍ-ները կարող են կրել բացառապես փոքր հեռահարության հրթիռներ կամ հրթիռ, որով թիրախը խոցելու համար պետք է նրանից 10-20 կմ հեռավորության վրա լինեն, մինչդեռ մեր ՀՕՊ-ի հրթիռների համար հասանելի են անհամեմատ մեծ հեռավորության վրա գտնվող ԱԹՍ-ները:
Երրորդ. մենք իրականում Ռուսաստանից ոչ թե զենք սպասելով, այլ ստանալով ենք ապրել, և հենց այդ զենքերով ապրիլյան քառօրյայի ընթացքում ոչնչացրել ենք Ադրբեջանի իսրայելական արտադրության (կամ` իսրայելական ընկերության արտոնագրով Ադրբեջանում արտադրված) մի քանի հարվածային ԱԹՍ-ներ: Իսկ, ընդհանրապես, Արցախի Զինված ուժերը վերջին 8 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ 22 ԱԹՍ են խոցել, այսինքն` այնպես չէ, որ մենք այսօր պատրաստ չենք Ադրբեջանի ունեցած ԱԹՍ-ները խփելու:
 
Հունիսի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հիշյալ հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ-ի հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝  «Նոյյան Տապան»-ի  www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում  և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play